Ելույթներ և ուղերձներ
«Շինծու քրեական գործով Ձեր կալանավորումը, Ձեր նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակելը մենք համարում ենք անօրինական»
25.07.2023
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆԱՄԱԿ
Հարգարժան պարոն Աշոտյան,
Սրտանց շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը, եղեք առողջ, տոկուն, համբերատար։
Ցավոք, Ձեր այս տարեդարձի առիթով շնորհավորանքներն ու բարեմաղթանքները պիտի ընդունեք հեռավար, սակայն վստահ ենք, առավել գնահատված ու մեծարված է Ձեր կեցվածքն ու ամուր կամքը՝ տանելու ՀՀ դավադիր իշխանության կողմից արհեստածին մեղադրանք բարդելու արդյունքում քաղբանտարկյալի կարգավիճակը։
Ձեր առողջ դատողությամբ, քաղաքական գործչի բարձր ինտելեկտով, ներկա ազգակործան իշխանության յուրաքանչյուր դավադիր քայլի վերլուծությունն ու կանխատեսելի հետևանքները հանրությանը հասցնելն ունեցել են և ունեն մեծ նշանակություն:
Շինծու քրեական գործով Ձեր կալանավորումը, Ձեր նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակելը մենք համարում ենք անօրինական ու միանում ենք բոլոր նրանց, ովքեր սատար են կանգնած ու պայքարում են Ձեզ ազատ արձակելու արդար պահանջի համար:
Մենք բարձր ենք գնահատել հայ-վրացական բարեկամության պահպանման ու ամրապնդման ուղղությամբ Ձեր տարած հետևողական աշխատանքի արդյունքում ձեռքբերված հաջողությունները։
Պարոն Աշոտյան, Դուք եղել եք այն եզակի պաշտոնյաներից մեկը, ով իր պաշտոնավարման տարիներին (նույնիսկ արձակուրդում գտնվելիս), լինելով Ջավախքում, հանդիպել եք մտավորականի ու աշակերտի հետ, լսել նրանց հուզող խնդիրները, ուժերի ներածին չափով լուծումներ տվել և հույս ներշնչել։
Այցելությունների ընթացքում եղել եք Ջավախքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոններում, ներկա գտնվել մշակութային միջոցառումներին։ Ձեր գնահատանքի խոսքը,
Երիտասարդական կենտրոններում տարվող հայապահպան, հայ երեխայի ինքնաճանաչման, հայրենասիրական ոգով դաստիարակելու գործի համար, եղել է ներշնչանք՝ Մայր Հայաստանից դուրս հայկական ինքնության, Հայաստան-Վրաստան միջպետական կապերի պահպանման և զարգացման համար։
«Չի կարելի հոգնել հայրենիքը սիրելուց» Ձեր կոչը թող լինի անդադար պայքարի ու հարատևության խորհրդանիշ։
Կրկին անգամ ընդունեք մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Հարգանքով՝ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ
25.07.2023թ.
168.am