Ելույթներ և ուղերձներ

Ինչպես կարելի է Արցախի հարցում բեկում մտցնել

21.07.2023

 Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո միջնորդ երկրների հայտարարություններից պարզ դարձավ, որ Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու կարգավիճակը փաստացի որեւէ կողմ չի վիճարկում, հիմա Արեւմուտք-Ռուսաստան մրցակցությունն ընդամենը այն հարցի շուրջ է, թե որտեղ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը, որ այդ ամենը փաստացի ամրագրվի։

Հիշեցնենք, որ բրյուսելյան հանդիպման օրը Ռուսաստանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, հայտարարեց, որ ՀՀ իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, եւ իրենք «հարգանքով են վերաբերվում» Նիկոլ Փաշինյանի այդ որոշմանը, ուստի պետք չէ երրորդ երկրի վրա մեղքը բարդել։ ՌԴ արտաքին գերատեսչությունն այդ հայտարարության շրջանակներում միաժամանակ պատրաստակամություն էր հայտնել՝ առաջիկայում Մոսկվայում կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների հանդիպում՝ բանավոր պայմանավորվածությունները վերջնականապես կյանքի կոչելու հարցը քննարկելու եւ դրան հաջորդելիք գագաթնաժողովում ստորագրելու համար։
 
Պատրաստվո՞ւմ է արդյոք հայաստանյան տիտղոսակիր ընդդիմությունը դիմադրության շարժում գեներացնել՝ փորձելով կանխել հակահայկական զարգացումները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ փաստ չէ, որ բոլոր խոշոր գերտերություններն են արձանագրում Արցախն Ադրբեջանի կազմում մնալու փաստը, ՌԴ ԱԳՆ հայտարարությունից ակնհայտ դարձավ, որ դա Նիկոլ Փաշինյանի որոշումն է։ «Բնականաբար, այս իրավիճակում երկրները փորձում են գործի դնել իրենց շահը, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արեւմուտքը»,- ասաց Մանուկյանը` անդրադառնալով Մոսկվայի նախաձեռնողականությանը, որ պայմանագիրն այնտեղ ստորագրվի։ Բայց կստորագրվի, թե ոչ, ըստ պատգամավորի, այդ հարցի պատասխանն Արցախի ու Հայաստանի ժողովուրդն է տալու` իր գործողություններով։
 
Այս իրավիճակում ընդդիմությունն անելիք ունի՞, հնարավո՞ր է դիմադրության շարժում նախաձեռնի։ «Հանրության մեջ անհանգստությունը, դժգոհությունն այժմ ավելի մեծ է, քան 2021-ի ընտրություններին, անհամաձայնություն կա Փաշինյանի վարած քաղաքականության հարցում, եւ այդ մասին նաեւ վերջին հարցումներն ու նախաձեռնություններն են փաստում, օրինակ՝ «Հայաքվեի» նախաձեռնությունը, բայց այլ հարց է դժգոհություն ունենալը, այլ` որ հանրությունը պատրաստ է ակտիվ պայքարի դուրս գալու: Դրանք տարբեր բաներ են»,- ասում է Մանուկյանը: Լավ, ի վերջո, ընդդիմությունը հիմա քայլեր անելո՞ւ է, թե՞ ոչ։ Մանուկյանը լակոնիկ պատասխան տվեց․ «Վստահաբար»։ Սակայն չմանրամասնեց՝ երբ, ինչ եւ ինչպես։
 
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ միջնորդ երկրների դիրքորոշումներն Արցախի հարցում տարբեր են, ՌԴ-ն առնվազն կողմ չէր Արցախն Ադրբեջանի կազմում կարգավիճակին, մինչդեռ հավաքական Արեւմուտքի համար կարգավիճակի հարց գոյություն չունի, եւ նրանց ու ՀՀ իշխանությունների դիրքորոշումները նույնական են․ «Եթե մենք սխալվում ենք, ապա լավ կլիներ, որ իրենք պարզաբանեին, բայց չեմ կարող չարձանագրել նաեւ Ֆրանսիայի դիրքորոշումը, որի Սենատում նաեւ Արցախի անկախության հարցն է դրվել։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ կարելի էր աշխատել գերտերությունների հետ, եւ ամեն ինչ կորած չէր, բայց, մյուս կողմից, ՀՀ իշխանությունների հայտարարությունները գերտերությունների համար մանեւրի դաշտն են փոքրացրել»։
 
2022-ի Պրահայի հայտնի գործընթացից հետո, երբ Փաշինյանը բաց տեքստով մտադրություն հայտնեց՝ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ նրա թիմակիցներն ադրբեջանական թեզերով սկսեցին «հիմնավորել» Արցախի` ադրբեջանական լինելը, ռուսական կողմը, պատգամավորի դիտարկմամբ, արդեն մի քանի անգամ նման բովանդակությամբ ազդակներ է հղում:
 
ՌԴ-ից նաեւ ակնարկում են, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն առնվազն ենթադրում էր կարգավիճակի վերաբերյալ քննարկումների հետաձգում, սակայն ՀՀ իշխանության նախաձեռնությամբ բանակցային գործընթացի հիմքում դրվեց ադրբեջանական օրակարգը:
 
Գերտերությունների դիմակայությունը, թերեւս, նրանում է, թե հարցի հանգուցալուծումից հետո ով դուրս կգա տարածաշրջանից, ում դերը կնվազի, եւ հակառակը․ «Բնականաբար, խաղացողներն իրենց գործողություններում հիմնվում են այս առաջնահերթության վրա»։ Աբրահամյանի կարծիքով՝ Արցախի հարցում բեկում մտցնելու համար անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ, այն ուժերը, որոնք իրականում անկեղծ պայքար են մղում Արցախի ու Հայաստանի համար, պարտավոր են դա հասկանալ եւ քայլեր ձեռնարկել․ «Այս իշխանությունների հետ անհնար է դրական արդյունք գրանցել»։
 
Լուսինե Շավերդյան
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին