Ելույթներ և ուղերձներ
Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, իշխանությունն անձնական վրեժ է լուծում․ իրավապաշտպան
08.07.2023
Նախ, պետք է հասկանալ, թե Հայաստանում իշխանություն ասելով ինչ ի նկատի ունենք։ Իրավական երկրներում հանցանք գործած անձի դեմ գործ է հարուցում գործադիր իշխանությունից անկախ գործող իրավապահ համակարգի որևէ մարմին՝ դատախազություն, քննչական տարբեր մարմիններ։ Հայաստանում ողջ իշխանությունը գտնվում է վարչապետ կոչեցյալի գրպանում, այդ թվում ողջ դատաիրավական համակարգը։ Գրպանային ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունը գործում են նրա ցուցումներով։ Անդրադառնալով իշխանության կողմից Արմեն Աշոտյանի կալանավորման խնդրին՝ 24News-ի հետ զրույցում նշեց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Եվ որևէ մեկը, դիցուք, որևէ ՔՊ-ական, եթե կատարի հանցագործություն, ապա այդ մամինները ոչինչ չեն ձեռնարկի, քանի դեռ չունեն վարչապետ կոչեցյալի ցուցումը։ Նույն կերպ, վարչապետ կոչեցյալը, ելնելով տարբեր հանգամանքներից՝ վտանգ սեփական իշխանության հնարավոր կորստից, անձնական վրեժ լուծելու մոլուցքից, հանձնարարում է այդ նույն մարմիններին գործեր սարքել և մեղադրանք առաջադրել այս կամ այն գործչի հանդեպ։ Ահա, այս համատեքստում է նաև Արմեն Աշոտյանի կալանավորումը։ Արմեն Աշոտյանը, վարչապետ կոչեցյալին ամենաթունդ քննադատողներից է և այս կալանավորման որոշումը որևէ աղերս չունի իրավական նորմերի հետ։ Սա ընդամենը պետական, ավելի ճիշտ՝ իշխանական լծակները անձնական վրեժ լուծելու համար օգտագործելու օրինակ է։ Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է»:
«Արմեն Աշոտյանի և ՀՀԿ-ի իշխանության տարիներին ինքս եղել եմ նրանց ամենասուր քննադատողներից։ Բայց արձանագրենք՝ Արմեն Աշոտյանի պաշտոնավարման ժամանակ Արցախը վտանգված չէր։ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխության իշխանափոխությունից հետո, ի տարբերություն ոմանց, Արմեն Աշոտյանը չհարմարվեց և չհաճոյացավ վարչապետ կոչեցյալին և դարձավ նրա ամենաթունդ քննադատող գործիչներից մեկը, հատկապես՝ Արցախի հարցում։ Լսելով, կարդալով նրա ելույթները` զգում ես, որ նա, իսկապես ցավ է ապրում Արցախի համար։», - հավելեց Իշխանյանը։
Իշխանյանի համոզմամբ, 2018թ․ հետո Հայաստանում հարյուրավոր քաղաքական հետապնդվողներ կան, նրանց շինծու մեղադրանքներ են առաջադրվում, նրանց կալանավորում են, որոշ ժամանակ պահում բանտերում, ապա փոխում խափանման միջոցը, ազատ արձակում, բայց քրեական գործերը չի կարճվում, այլ տարիներով ձգձգվում են, առանց դատավճռի․ «Կարծում եմ, պատճառն այն է, որ նույնիսկ վարչապետ կոչեցյալին հավատարիմ դատավորները խուսափում են նման շինծու գործերով մեղադրական վճիռներ կայացնել, բայց և սարսափում են արդարացնել, քանի որ իրենք կհայտնվեն ճաղերի ետևում։ Այնպես որ, համոզված եմ, որ Արմեն Աշոտյանի «մեղադրանքը» նույնպես որևէ հեռանկար չունի։ Հավանաբար, երկու ամիս հետո կամ գուցե ավելի շուտ կփոխվի խափանման միջոցը։ Արմեն Աշոտյանը կհայտվի ազատության մեջ, բայց գործը չի կարճվի։»:
«Մի քանի առիթներով ասել եմ, նորից կրկնեմ, որ քաղբանտարկյալներին պետք է պաշտպանել ոչ միայն իրավական, այն է՝ փաստաբանների միջոցով, այլև, առաջին հերթին՝ քաղաքական ըմբոստությամբ։», - ամփոփեց իրավապաշտպանը։
Մերի Մանուկյան
24news.am