Ելույթներ և ուղերձներ

Պետք է լուրջ հետաքննություն իրականացնել՝ ինչպես է հաջողվել ադրբեջանցիներին ներթափանցել ՀՀ տարածք, իրականացնել առևանգում և աննկատ հեռանալ. Տիգրան Աբրահամյան

27.05.2023

 Երեկ կեսգիշերն անց ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Նշվում էր, որ քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:

Դրանից առաջ պաշտպանական գերատեսչությունը հերքել էր ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել՝ բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

 

Իսկ այսօր կեսօրին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:

Հրապարակված լուսանկարներից կարելի է տեսնել հայտնաբերված մեքենայում առկա՝ զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը:

Ավելին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալված հայ զինծառայողներին մեղադրում է «ապօրինի ներթափանցման, ապօրինի զենքի տեղափոխման, ահաբեկչության համար»:

ՀՀ քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և երկու զինծառայողներին առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

«Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին:

Հաշվի առնելով, որ առկա են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերի, 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- մասնավորապես, նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը շտապեց իր տեղեկություններով, գաղտնազերծել Ադրբեջանի՝ այս քայլի նպատակները կամ շարժառիթները:

««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը, առաջնագիծ սնունդ տեղափոխող հայ զինծառայողներին առևանգելով, նպատակ է հետապնդում հասնել նրան, որ փոխանակում կատարի որոշ ժամանակ առաջ ՀՀ ներթափանցած իր դիվերսանտների հետ, որոնցից մեկը սպանել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին»,- նշել էր թերթը:

168.am-ի հետ զրույցում էլ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ մայիսի 26-ին տեղի ունեցած միջադեպը պետք է դիտարկել 3 հարթությունում:

«Առաջինը՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շրջանակներում, որովհետև այն փուլում, երբ կողմերը, միջնորդ երկրները փորձում են ցույց տալ, թե կողմերը շատ մոտ են համաձայնության հասնելուն, Ադրբեջանը գնում է ագրեսիվ քայլի: Այն է՝ ներթափանցում է ՀՀ տարածք, առևանգում մեր զինծառայողներին, հետո փորձում դրա վրա ՀՀ-ից իրականացված «դիվերսիա» ներկայացնել: Երկրորդ հանգամանքը բուն միջադեպն է և դրա հանգամանքները: Ակնհայտորեն Ադրբեջանում փորձում են ստեղծել ճիշտ նույն պատկերը, ինչպիսին գրանցվել էր Նախիջևանի ուղղությամբ 2 ադրբեջանցիների ՀՀ ներթափանցումից ու Կապանի հատվածում քաղաքացիական անձ սպանելուց: Սա՝ այն դեպքում, երբ մեր զինծառայողները ոչ մի ներթափանցում, առավելևս՝ սպանություն չեն կատարել: Չնայած ադրբեջանական տարբեր կայքեր փորձում են հոլիվուդյան ֆիլմին հատուկ նման սցենարային լուծում ստանալ: Եվ երրորդ հանգամանքը վերաբերում է բուն առաջնագծին, առաջնագծում անվտանգության միջոցառումներին, հատկապես այն պարագայում, երբ վերջին 6-7 տարիների ընթացքում և՛ ՊԲ-ում, և՛ ՀՀ ԶՈՒ-երում փաստացի սահմանագծում տեսադիտարկման էշելոնացված համակարգեր են ստեղծվում, ինչի շնորհիվ առաջնագծի մեծ թվով հատվածներ մեր կողմից վերահսկվում էին: Ավելին, ոչ միայն վերահսկվում էին մեր հատվածները, այլև հակառակորդի որոշակի խորքում: Այս պարագայում պետք է լուրջ հետաքննություն իրականացնել՝ հասկանալու, թե ինչպես է եղել, որ մեր դիրքային ճանապարհը գտնվել է այդպիսի խոցելի հատվածում, ինչպես է հաջողվել ադրբեջանցիներին ներթափանցել ՀՀ տարածք, իրականացնել առևանգում և աննկատ հեռանալ»,- նշեց Աբրահամյանը:

Հավելենք, որ ՊՆ-ն հայտնել է, ըստ էության, առևանգված՝ մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների անունները՝ Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Միաժամանակ պաշտպանական գերատեսչությունն իր համապատասխան հաղորդագրության մեջ նշել է, որ «Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»:

Մարիամ Պետրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին