Ելույթներ և ուղերձներ
Արձագանքս Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստում. Հայկ Մամիջանյան
20.02.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արձագանքս Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավորի և ադրբեջանական պատվիրակության պատգամավորների ելույթներին:
«Ես կսկսեմ իմ ելույթը արձագանքելով իմ գործընկերոջը՝ Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավորին. մենք պարտավոր ենք խոսել այս խնդիրների մասին, որովհետև այս պահին Արցախում մարդիկ տառապում են սննդի պակասի, գազի և էլեկտրականության անջատումների պատճառով, որովհետև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է էթնիկ զտումների և ցեղասպանության եզրին։ Այնպես որ, կներեք, որ օգտագործում եմ ինձ հատկացված ժամանակը՝ ներկայացնելու համար այն խնդիրները, որոնք կարևոր են իմ ժողովրդի համար։ Սա աղետ է իմ ժողովրդի համար և, կարծեմ, երբ խոսվում էր Եվրոպայի այլ հատվածներում խնդիրների մասին Դուք չէիք սրտնեղում ժամանակի վատնումից:
Այժմ, ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը։ Դուք կարող եք տաս, քսան, հազար անգամ կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը լուծված է, բայց դրա արդյունքում 120.000 հայերը Լեռնային Ղարաբաղից չեն վերանա: Ես վստահ եմ, որ դուք հենց դա եք ցանկանում եք, բայց այդպես չի լինելու։ Եվ խնդրում եմ հիշել և մտապահել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները և շատ այլ միջազգային կազմակերպություններ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ուժային լուծում։
Նախորդ տարվա ընթացքում եվրոպական մի շարք առաջնորդներ խոսել են պարտադրված խաղաղության անհնարինության մասին։ Միթե՞ դա չի վերաբերում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին։
Ադրբեջանի պատվիրակները խոսում էին Ադրբեջանում բնակվող մարդկանց իրավունքների, ազատությունների և հնարավորությունների մասին։ Նշեմ, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ անկախ Ադրբեջանի մաս չի կազմել և չի էլ կազմելու, բայց եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կլինի այդ մարդկանց հետ, եթե այդպես լինի։ Եթե ես սկսեմ խոսել Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին, իմ ժամանակը պարզապես չի բավականացնի: Ասեմ նաև, որ Եվրանեսթ ԽՎ այս նստաշրջանում այդ թեմայի վերաբերյալ եղել է հրատապ միջնորդություն։ Ավելի քան 1000 ակտիվիստներ Ադրբեջանում ենթարկվել են հեռախոսային գաղտնալսման՝ ըստ միջազգային կազմակերպությունների զեկույցների։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Ադրբեջանում մանկապարտեզներում և դպրոցներում երեխաներին սովորեցնում են ատել հայերին։ Հիշեցնեմ իմ գործընկերներին, որ Ադրբեջանի իշխանությունները ստեղծել էին այպես կոչված ռազմական հաղթանակների այգի, որտեղ տեղադրված էին մարդու իրական չափերին համապատասխանող սպանված հայ զինվորների մանեկեններ և որտեղ գնում էին ադրբեջանցի երեխաներն ու խաղում այդ մանեկենների հետ։
Քանի որ ինձ հատկացված ժամանակն ավարտվում է, ես ցանկանում եմ մեջբերել նախագահ Ալիևի խոսքերը, որոնք, եթե ես չեմ սխալվում, վերջինս ասել է Աղդամում իր ելույթի ընթացքում։ Խոսելով Ադրբեջանին որոշ տարածքներ հանձնելու մասին՝ վերջինս հայտարարեց. «Եթե նրանք դա չանեն, մենք կջարդենք նրանց գլուխները»։
Դուք խոսում եք ձեր երկրում մարդկանց իրավունքների ու ազատությունների լավ վիճակի մասին, բայց լռում եք նախորդ աշնանը հայ կին զինվորի խոշտանգման մասին, լռում եք ռազմագերիների դիտավորյալ սպանությունների մասին։ Չցանկանալով «վատնել» ձեր ժամանակը՝ մի հուշում իմ գործընկերներներին, պարզապես փնտրեք համացանցում, թե իրավունքների ու ազատությունների համատեքստում ինչպիսի պատկեր է լեզգիների, թալիշների և Ադրբեջանի էթնիկ այլ փոքրամասնությունների հարցով։ Դուք կգտնեք պատասխանը, թե ինչու ենք մենք, հարգելի’ գործընկերներ, բարձրաձայնում այս թեման» »: