Ելույթներ և ուղերձներ

Նիկոլ, չփորձես մեռնել դատավարությունից առաջ, չփորձես սատկել փակից առաջ. Արմեն Աշոտյան

14.12.2022

 Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ աշխարհի յուրաքանչյուր անկյունում ապրող հայ այնպես պետք է անի, որպեսզի բոլորը տեսնեն՝ հայը ձեռքերը չի լվացել Արցախից, որ Արցախը հայկական է։

 

«Սփյուռքում բազմաթիվ հայրենակիցներ ունենք, ձեր բեմ դուրս գալու ժամանակն է, ժամանակն է ձեր քաղաքական իշխանությունների միջոցով օգնել Արցախին պայքարելու և դիմակայելու։ Ի՞նչ կարող եք անել, լիքը բան, օրինակ, նոր տարվա բացիկների ու շնորհավորանքների փոխարեն՝ նամակներ գրեք ու ուղղեք ձեր երկրների դեպուտատների ու նախարարների փոստարկղերը։ Փակեք ճանապարհները, ինչպես փակում էիք 44-օրյայի ժամանակ, բարձրաձայնեք այս հարցերը։ Սփյո՛ւռք, Արցախը քո կարիքն ունի, խնդրում եմ՝ մի մոռացիր դրա մասին։

Սրանք ասում են՝ ստեղծված իրավիճակում Հայաստանն անելիք չունի, դա Արցախի ու Ռուսաստանի խնդիրն է։ 18+ բառապաշար չեմ օգտագործելու, ամաչում եմ ձեզանից, ժողովուրդ, ոչ թե այդ բառերն ասելու համար եմ ամաչում, ամաչում եմ, որ հայտնվել ենք այսպիսի իրավիճակում, որ լուսահոգի մայրս ինձ ասում էր՝ Արմեն, ես քեզ այդպես չեմ դաստիարակել։ Մեզ ոչ մեկին այդպես չեն դաստիարակել, մեզ կյանքն է այդպիսին դարձրել»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանի հայտարարեց նաև, որ նոյեմբերի 9-ի կործանարար փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել և «վիզ է առել» Արցախի ժողովրդի անունից, հետևաբար՝ նա այսօր անելիք ունի։

«Մենք շատ ենք խոսում մեր միջազգային գործընկերների մասին, սկսենք ՌԴ-ից, ես չեմ ամաչում շնորհակալություն հայտնել ռուսական խաղաղապահ առաքելության զինվորներին ու սպաներին իրենց ծառայության համար։ Ես գիտեմ, որ ավելի կտրուկ գործողությունների կարիքը կա և այդ գործողությունների համար քաղաքական որոշումների կարիքը կա, պաշտոնական Մոսկվան պետք է կայացնի նման որոշում»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Այուհետև դիմեց ԵՄ-ին, նշելով, որ երեկ հասցեական էր նրանց արձագանքը Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետին ու Ադրբեջանի գործողություններին, սակայն ԵՄ-ն էլ լավ գիտի, որ իր թողարկած թղթերով Արցախում չեն կարող օջախ վառել։ Գազի փոխարեն այդ հայտարարություններով տները չեն կարողանալու տաքացնեն։ Արցախի դպրոցներում երեխաներն այդ հայտարարություններով մաքսիմում անգլերեն ու ֆրանսերեն սովորեն, բայց ապրել չեն կարող։

«Այն գազը, որն Ադրբեջանից առնում ու ձեր տներում տաքանում եք, նմանատիպ գազից Արցախի ժողովուրդը զրկված է, ձեր գազի մեջ հայի արյուն կա, հայի թասիբ կա, որը վաճառվել է այս սրիկաների կողմից, ձեր օջախների գազի մեջ երկստանդարտներն են վառվում»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Հետո Արմեն Աշոտյանը դիմեց նաև Նիկոլ Փաշինյանին։

«Նիկոլ, ես գիտեմ, որ լսում ես։ Դու գիտես, որ շատերը քո մահն են ուզում, այստեղ ես ժողովրդին հակառակվելու եմ՝ Նիկոլ, չփորձես մեռնել դատավարությունից առաջ, չփորձես սատկել դատից առաջ, Նիկոլ, դու պետք է դատվես, պետք է ապրես ու տանջվես»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

168.am

← Վերադառնալ ցուցակին