Ելույթներ և ուղերձներ
«Այստեղ հավաքված մարդիկ քեզ ասում են՝ դու Արցախի 1 սմ հողի արժեքը չունես». Հայկ Մամիջանյան
05.11.2022
Այսօր Ֆրանսիայի հարապարակում Դիմադրության շարժման միասնության հանրահավաքի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր խոսքը սկսեց նրանով, որ ավելի բարդ է դառնում հանրահավաքներում ելույթ ունենալը։
«Բարդ է դառնում, որովհետև տիկին Նաիրայի ելույթից հետո, ով ամենաթանկն է տվել հայրենիքին՝ իր զավակի կյանքը, շատ բարդ է որևէ բան ասել։ Բարդ է որևէ բան ասել մեր ընկերներ Գոռի, Գերասի, թեկուզ վիրտուալ ելույթից հետո, որովհետև այդ տղերքը, հերիք չի, զենքը ձեռքներին հայրենիք են պաշտպանել, հիմա էլ ինչ-որ ճղճիմներ փորձում են իրենց ազատությունից զրկել, բայց մտքներովդ չացնի՝ Գերասը բոլորիցդ ազատ է, եղել է ու կլինի։
Կիրակի օրվա Վերածննդի հրապարակի ելույթն ուներ երկու մեսիջ, երկու հասցեատերով։ Առաջինն աշխարհին էր ուղղված, աշխարհին Արցախն ասաց՝ չի ծնվել այն մարդը, որ կարողանա Արցախը հանձնել։ Երկրորդ մեսիջը մեզ էր ուղղված՝ Մայր Հայաստանին, Արցախը ՍՈՍ էր կանչում ու ակնկալում էր, որ Հայաստանը կկանգներ իր կողքին, այնպես, ինչպես արել էր միշտ։ Այստեղ հավաքված մարդիկ եկել են ասելու, որ այդ կոչն անպատասխան չի մնալու։ Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր Արցախի կողքին են, շատ կարևոր է, որպեսզի աշխարհը հասկանա հետևյալ միտքը՝ կիրակի օրը Վերածննդի հրապարակում ու այսօր այստեղ՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ, պարզ, հստակ, առանց թղթից կարդալու, առանց ծամածռվելու ասում են՝ չենք ընդունելու որևէ լուծում, որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի արդար ինքորոշման իրավունքը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Ըստ Հայկ Մամիջանյանի, հաճախ իրենց հարցնում են, թե, օրինակ, ինչ կտա Հայաստանին ու Արցախին հիմնական բանակցողի փոփոխությունը, և ի պատասխան հանրության մեջ շրջանառվող հարցադրման՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց՝ առաջինը կտա այն, որ Հայաստանն այլևս կրակը չի ընկնի Նիկոլ Փաշինյանի բանավոր խոստումների ու հրամանների ձեռքը։
«Մենք կկարողանանք նոր բանակցային գործընթաց սկսել։ Սրանք շատ հաճախ պատասխանում են, որ աշխարհն ուզում է, որ մենք իջեցնենք նշաձողը, աշխարհը մեզ ասում է երկու բան։ Առաջինը՝ մենք պատրաստ ենք, որպեսզի Արցախի կարգավիճակի հարցը լինի հետագայում քննարկելու հարց, երկրորդը՝ դուք չեք ստանում այն, ինչին արժանի եք, որովհետև նույնիսկ ձեր կառավարությունը դա չի պահանջում։ Այս երկու գաղափարն է մեզ ասում աշխարհը, մնացած ամեն ինչը սուտ է։ Եթե հիմնական բանակցողը փոխվի, ապա մենք կազատվենք այն էակից, որը Սյունիքի հայկական գյուղերն անվանում է ադրբեջանական, չենք ունենա այն ամոթը, որ պատերազմական գործողությունների, մեր վրա իրականացրած ագրեսիայի պայմաններում որևէ մեկը ԱԺ-ում չի ասի, թե մեր երկիրը զենք չունի, ու մեզ որևէ մեկը զենք չի տալիս։ Եթե հիմնական բանակցողը փոխվի, ապա այլ երկրների ղեկավարներ չեն համարձակվի մեր երկրի հետ խոսել այն լեզվով, որով սկսել են խոսել սրա օրոք, սա իր խայտառակությունը չէ, այլ մեր խայտառակությունն է, սրա կրկնությունը թույլ տալու իրավունքը չունենք»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։
Նա նաև ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն աշխարհում ուզում է փրկի, պաշտպանի ու պահպանի երկու բան՝ իր կաշին ու իր կաշվից աթոռը։
«Այստեղ հավաքված մարդիկ քեզ ասում են՝ աշխարհում ոչ մեկը, առաջին հերթին՝ դու Արցախի 1 սմ հողի արժեքը չունես»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան
168.am