Ելույթներ և ուղերձներ

Սերժ Սարգսյանի ելույթը Արաբկիր համայնքում

07.02.2013

Սիրելի՛ արաբկիրցիներ, բարև ձեզ:
Ուրախ եմ այս հանդիպման համար:

Նախագահական ընտրություններին մնացել են հաշված օրեր, և հետզհետե ավելանում է այն բնական լարվածությունը, որը բնորոշ է բոլոր ընտրություններին: Նախընտրական արշավն անցնում է բավականին լուրջ գաղափարական մրցակցության պայմաններում, բայց հրաշալի է, որ այն չի վերածվում կենաց ու մահվան կռվի: Մենք ականատեսն ենք եղել այդպիսի նախընտրական իրավիճակի, և ես չէի ցանկանա, որ ընդհանրապես մեր երկրում կրկնվեր այդ լարվածությունը: Ընտրությունները մեր կյանքում կամաց-կամաց գրավում են այդ գործընթացին հարիր տեղը: Ուրախ եմ, որ քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ընտրությունների կազմակերպման վերաբերյալ հիմնականում հնչում են դրական արձագանքներ: Իրականում մենք ականատեսն ենք թե՛ բովանդակության, և թե՛ ձևի առումներով նոր ընտրարշավի: Իհարկե, հունվարի 31-ի կրակոցները կարող էին ամեն ինչ տակնուվրա անել, բայց, փառք Աստծո, որ այդպես չեղավ, և ընտրությունները վերադարձան բնական հուն: Հնչում են կարծիքներ, թե իբր հանրությունն այս ընտրություններում կրավորական դիրքորոշում ունի և ակտիվորեն ներգրավված չէ: Այսպիսի կարծիքները կա՛մ հեռու են իրականությունից, կա՛մ ուղղակի չարամտության դրսևորումներ են: Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նորից եմ կրկնում, ընտրությունները չպետք է վերածվեն կենաց ու մահվան պայքարի: Իմ կարծիքով, յուրաքանչյուր թեկնածու պետք է հստակորեն գիտակցի, որ դա իր կյանքի ամենագլխավոր նպատակը չէ, իր կյանքի ամենակարևոր իրադարձությունը չէ: Դրանով աշխարհը չի վերջանում: Մենք վերջին և՛ խորհրդարանական, և՛ ՏԻՄ ընտրությունները կարողացանք լավ կազմակերպել: Կարողացանք անել այնպես, որպեսզի արհեստածին լարվածություն չլինի: Այդ արհեստածին լարվածությունը մեր հնարավորությունների և կարողությունների ավելորդ վատնում է: Ընտրապայքարը պետք է այնպես տանել, որ քաղաքացուն նվազագույն անհարմարություն պատճառենք, պետք է ուղղակի ստեղծենք այնպիսի պայմաններ, որ բոլոր թեկնածուները կարողանան հանգիստ ներկայացնել իրենց ծրագրային թեզերը: Եվ կարծում եմ, որ մենք հիմա հենց դա էլ անում ենք: Բոլոր թեկնածուներն ունեն մեծ հնարավորություններ մեր հանրությանը տեղեկացնելու, բացատրելու իրենց ծրագրերի առավելությունների մասին, որպեսզի մեր հանրությունը ճիշտ ընտրություն կատարի: Իսկ ինչ վերաբերում է այն թեզին, թե այս ընտրությունները հետաքրքիր չեն, ապա ես ուղղակի կարող եմ ասել հետևյալը՝ դա շատ լավ է, որ ընտրությունները հետաքրքիր չեն շատ մարդկանց համար: Ընտրությունները ո՛չ թամաշա են, ո՛չ, ինչ ասեմ՝ ներկայացում կամ կինոֆիլմ, որ հետաքրքիր լինեն կամ հետաքրքիր չլինեն: Նույնիսկ ֆուտբոլային մի հանդիպում չէ, որ հետաքրքիր լինի: Ընտրությունները մեր ժողովրդի ապագան որոշող քաղաքական իրադարձություններ են: Ովքեր ուզում են հետաքրքիր լինի, թող գան մասնակցեն: Եթե իրենք ոչնչի չեն մասնակցում, չեն ուզում մասնակցել տարբեր պատճառներից ելնելով, դրա մեղավորն ո՞վ է: Մե՞նք ենք: Փակե՞լ ենք իրենց ճանապարհը: Տարել ենք բա՞նտ ենք նստացրել: Տնային կալա՞նք ենք տվել: Ի՞նչ ենք արել: Վախեցրե՞լ ենք: Վախեցո՞ղ են այդ թեկնածուները: Բա, եթե վախենում են, ո՞նց են ուզում Հանրապետության նախագահ դառնալ:

Հարգելի՛ համաքաղաքացիներ, անցած օրերի ընթացքում բազմիցս խոսել եմ, որ մենք պարտավոր ենք ապավինելու մեր ուժերին ու հնարավորություններին: Այժմ ցանկանում եմ մի փոքր մանրամասնել այդ խնդիրը: Մենք շատ ավելին ենք կարողանալու անել, որովհետև մենք, մեր ժողովուրդը շատ ավելիին է արժանի: Մենք, իրոք, մեր ուժերով ենք կառուցելու ապահով Հայաստանը: Սակայն միայն խոսքերով, միայն նպատակը գովերգելով, միայն ապագային ուղղված ծրագրերը փառաբանելով՝ մենք չենք կարող հասնել որևէ լուրջ հանգրվանի: Մենք պետք է վերափոխենք մեզ և մեր քայլերը: Պետք է զարգացնենք մեր երկիրը՝ առավելագույնս օգտագործելով և՛ տեսանելի, և՛ դեռևս չբացահայտված հնարավորությունները: Անցած 5 տարիների ընթացքում մշտապես կրկնել եմ, որ պետական ծառայող լինելը, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ լինելը միայն ու միայն և բացառապես պատասխանատվություն է: Անցած տարիների ընթացքում այս մոտեցումն ավելի խորը արմատներ է գցել, սակայն դեռ հեռու է բավարար լինելուց: Մեզ հաջողվել է կոտրել որոշ կարծրատիպեր, սակայն բավարարվելով դրանցով մենք պարզապես չենք կարող: Ունենալ իշխանություն՝ նշանակում է ծառայել ժողովրդին: Իշխանավորը պետք է մերժի սեփական կարևորության վերաբերյալ ունեցած սին պատկերացումները: Մեր շատ հայրենակիցներ հիասթափվում են մեծ ու փոքր պաշտոնյաների ցուցաբերած քամահրանքից, խոժոռ հայացքներից, անուշադրությունից և վերջապես՝ անարդարությունից: Աշխարհին արդարության բանաձև մատուցած Մխիթար Գոշ ծնած ազգը իրավունք չունի իր Հայրենիքում հիասթափվել անարդարությունից: Արդարության միջավայրի ամրապնդումը մեր կարևորագույն գերակայություններից է:

Լինենք իրատես, Նախագահը չի կարող ամենօրյա ծանրաբեռնվածությամբ հանդերձ, վերահսկել պետական կառավարման յուրաքանչյուր ոլորտ և առավել ևս թելադրել պաշտոնյաների վարքականոններ: Ուրեմն մենք պետք է փոխենք, փորձել ենք և շարունակելու ենք փոխել միջավայրը: Այն միջավայրը, որտեղ ամեն հաջորդ օրն ավելի ուժեղ է պահանջելու, որպեսզի բոլոր մակարդակի պաշտոնյաները կարողանան ջանասիրաբար և պարտաճանաչորեն կատարել իրենց պարտականությունները:

Սիրելի՛ արաբկիրցիներ,

Արաբկիրը յուրահատուկ տեղ և դեր ունի մայրաքաղաքում, և այսօրվա Արաբկիրը դարձել է ավել բարեկարգ ու ակնահաճո: Այնուհանդերձ, Արաբկիրին բնորոշ են որոշ խնդիրներ, որոնք պահանջում են առանձնահատուկ ուշադրություն: Բազմաբնակարան շենքերի շահագործման ոլորտում կատարված բարեփոխումներից զատ` հարկավոր է բարելավել նաև այդ շենքերի կառավարման սկզբունքները՝ դրանք դարձնելով առավել թափանցիկ և արդյունավետ: Բնակիչները ևս համատիրությունից պետք է պահանջեն առավել պատասխանատու լինել պարտականությունների կատարման հարցում: Միաժամանակ հիշենք, որ այնպես, ինչպես մենք ինքնակազմակերպվում ենք մեր տանը, այնպես, ինչպես ինքնակազմակերպվում ենք շենքին, բակին ու փողոցին վերաբերող խնդիրներում, առնվազն այդպես էլ պետք է վերաբերենք համայնքային և պետական խնդիրներին: Առանց քաղաքացիների ակտիվ մասնակցության մենք չենք կարող որևէ լուրջ խնդիր լուծել: Հավատացե՛ք: Այդ ակտիվությունն ամենից կարևոր նախապայմանն է:

Անցած ընտրություններին ես նաև շեշտել եմ, որ բնակչի խնդիրները միայն վարչական տարածքների, համայնքային իշխանությունների կողմից չէ, որ պետք է լուծվեն, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ևս պետք է քաջատեղյակ լինեն քաղաքացուն հուզող մեծ ու փոքր խնդիրներին: Եվ ոչ միայն մեծամասնական, ընդհանրապես, ես կարծում եմ, որ մեր պատգամավորների դերը պետք է ավելի կարևորվի. կարծում եմ, որ վերջին հաշվով և՛ համամասնական, և՛ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները պետք է լիաթոք ներկայացնեն իրենց ընտրողների շահերը խորհրդարանում, ի վերջո, նաև օրենքներ ընդունելով՝ կարողանան լուծում տալ որոշակի խնդիրների:

Մեր հավաքական ուժը շատ ավելին է, քան մենք ենք պատկերացնում: Նեղսրտելով, օտարվելով` մենք կարող ենք միայն տեղում դոփել և ստեղծել սոսկ զարգացման պատրանքներ: Անցած 5 տարիների յուրաքանչյուր օր ու ժամ մեր թիմի համար եղել է քաղաքական մշակույթին նոր որակներ հաղորդելու ժամանակահատված: Մեզ հաջողվել է մեր հասարակությանը և մեզ հաղորդել հանդուրժողականության նոր որակներ, բայց սա երբեք չպետք է նշանակի հանդուրժողականություն հարմարվողականության նկատմամբ: Մենք չենք կարող զարգանալ, եթե առաջնորդվենք բարդույթներով: Այս հավատամքով եմ աշխատել անցած տարիներին և եթե ստանամ հանրության քվեն, գալիք 5 տարիների ընթացքում այս հարցերին շատ ավելի մեծ ուշադրություն եմ դարձնելու: Ես վստահ եմ, որ մենք մեր միացյալ ուժերով, իրոք, կարող ենք ստեղծել ապահով Հայաստան, կարող ենք հասնել ապահով Հայաստան:

Իմ նախընտրական արշավը, սիրելի՛ արաբկիրցիներ, ինչպես նաև նախորդ տարիների գործունեությունն ուղղված են եղել սեփական երկրի ապագային, բարեկեցիկ ու պաշտպանված ապագայի մասին հավատի ամրապնդմանը: Ակնհայտ է, որ առանց այդ հավատի, առանց սեփական ուժերի հանդեպ վստահության, ոչնչի հասնել հնարավոր չէ: Սա ինձ համար պարզից էլ պարզ է:

Այո՛, դուք շատ լավ գիտեք, որ այս ողջ ընթացքում մենք երբեք մեր երկրի շուտափույթ «կործանման» մասին չարագուշակությունների պակաս չենք ունեցել: Ավելին, որոշ քաղաքական գործիչներ նման հռետորաբանությունն ընկալել են որպես հրապարակային գործիչ մնալու դեղատոմս: Հիմա նախընտրական շրջան է, և այդ մարդիկ փորձում են ավելի հեռուն գնալ: Արդեն հնչում են մեր երկրի կործանման կոնկրետ տարեթվեր: Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովրդի մեծ մասը դա լուրջ չի ընդունում: Այստեղ նստածներից շատերը պետք է հիշեն, որ 90-ական թվականների սկզբներին մեզ գուժում էին կործանում, գուժում էին անխուսափելի պարտություն Ադրբեջանի դեմ սկսված գործողություններում, բայց, փառք Աստծո, այդպես չստացվեց: Եվ լավ է, որ այդպես չստացվեց: Հիշո՞ւմ եք, մեզ վախեցնում էին Ադրբեջանի լույսերով: Ասում էին՝ քանի որ Բաքուն շատ ավելի լուսավոր է, մենք ի վիճակի չենք նրանց դեմ կռվելու: Չեղավ: Դրանից հետո, անկարող լինելով երկիրը կառավարել, գուժում էին, որ շուտով, եթե չհանձնենք կամ եթե չհանձնվենք, ապա մեր երկիրը կործանվելու է: Փառք Աստծո, չենք կործանվել: Հիշո՞ւմ եք՝ վերջերս ճգնաժամի տարիներին անընդհատ խոսում էին, որ ուր որ է արդեն կործանվում ենք, որովհետև ճգնաժամ է: Փառք Աստծո, դուրս ենք եկել արդեն զարգացման ուղի: Հիմա էլ հաճույք են ստանում արտագաղթով մեզ վախեցնելով: Այո՛, կա այդպիսի երևույթ: Բայց, արդյո՞ք քաղաքական գործիչները դրանից պետք է հրճվեն: Արդյո՞ք դա նշանակում է, որ մեր երկիրը մի քանի տարի հետո կործանվելու է: Իհարկե՛ ոչ: Այս երկիրը երբեք չի կործանվելու: Այս երկիրն աշխարհի լավագույն երկիրն է ոչ միայն նրա համար, որ մեր հայրենիքն է, այլև, իրոք, շատ լավ երկիր է: Ուղղակի, այս երկիրը պետք է սիրել: Այս ժողովրդին պետք է սիրել: Եթե դու ժողովրդին չես սիրում, ուզում ես ժողովուրդը քեզ սիրի՝ դու չես կարող լուրջ մարդ լինել: Եթե դու նեղանում ես, որ գործընթացների վրա այլևս ազդեցություն չունես, անցել է ժամանակդ: Ցտեսություն: Մի՛ գուժեք: Ամեն ինչ լավ է լինելու: Նրանց թվում է, թե նախագահական ընտրությունները մեկ օրվա բան են: Երազ են տեսել, որ առանց նախընտրական քարոզչության կարող են Նախագահ դառնալ և որոշել են գնալ ու Նախագահ դառնալ: Անհասկանալի է: Չեն գիտակցում, որ նախագահական ընտրություններն ընդամենը եզրափակիչ փուլ են: Նախագահական ընտրություններն սկսվում են թիմ ձևավորելուց, կուսակցություն ձևավորելուց, տեղական ինքնակառավարման մարմինների, այնուհետև խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց: Մենակ մարդը ո՞նց կարող է Նախագահ դառնալ: Եթե քաղաքական ուժը նույնիսկ հնարավորություն չունի ընտրատեղամասերում ներկայացուցիչ ունենալ, այդպիսի քաղաքական ուժը ինչպե՞ս կարող է ակնկալել, որ ինքը կարող է Նախագահ դառնալ: Հետո էլ պատճառաբանություններ են բերում՝ հետաքրքիր չի, պատճառներ կան: Ես էլ հազար պատճառ ունեի:

Սիրելի՛ արաբկիրցիներ,

Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մենք մեր հանդիպումը շարունակենք երկխոսության ձևաչափով:

Շնորհակալություն: 

← Վերադառնալ ցուցակին