Ելույթներ և ուղերձներ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
10.11.2012
Շնորհավորում եմ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին՝ այսօր Հայաստանում նշվող Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:
ՏԻՄ-երը կառավարման համակարգի կարեւորագույն մասն են, տեղերում պետական քաղաքականության անմիջական իրականացնողները եւ լավագույնս գիտեն համայնքի խնդիրները, առաջինն են տեղեկանում ու տեղեկացնում դրանց մասին, առաջինն են ձեռնամուխ լինում դրանց հնարավոր լուծումներին:
Տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն բարդ ու պատվաբեր առաքելություն՝ լինել քաղաքացու եւ պետության անմիջական կապող օղակը: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունը եւ անհրաժեշտությունը` առանձնահատուկ պատասխանատվություն ստանձնելով համայնքների ճակատագրերի եւ երկրի ընդհանուր առաջընթացի համար: Համոզված եմ, որ այսուհետ եւս, ինչպես գործունեության անցած 16 տարիների ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինները շարունակելու են վստահորեն կատարել իրենց առաքելությունը` հանուն ավելի բարեկեցիկ հասարակության, ավելի ուժեղ համայնքի ու պետության:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին եւ մաղթում հաջողություններ, բարեկեցություն եւ հաստատակամություն իրենց դժվարին, պատվաբեր ու պատասխանատու գործում: