Ելույթներ և ուղերձներ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ականավոր գիտնական Գրիգոր Գուրզադյանին ծննդյան 90-ամյակի առթիվ

15.10.2012

Մեծարգո պարոն Գուրզադյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 90-ամյակի առթիվ:

Դուք համաշխարհային գիտության այն մեծություններից եք, ով ոչ միայն ծանրակշիռ ավանդ եւ հսկայական վաստակ ունի տիեզերական հետազոտությունների եւ աստղաֆիզիկայի բնագավառում, այլեւ միջազգային ճանաչման նոր մակարդակի է հասցրել հայ գիտական միտքը:

Համաշխարհային գիտությունը Ձեզ պարտական է այն բեկումնային ու հիմնարար մտահղացումների եւ հայտնագործությունների համար, որոնք համարձակ քայլ ու նոր խոսք էին գիտական մտքի ասպարեզում եւ այսօր էլ շարունակում են տեղեկատվական հարուստ աղբյուր ու կիրառական ամուր հիմք մնալ տարբեր երկրների մասնագետների համար:

Դուք գիտությանն անմնացորդ ու ազնվորեն նվիրվելու լավագույն օրինակ եք՝ գիտնականի, փիլիսոփայի, գրողի ու գեղանկարչի բազմաշերտ մտածողությամբ: Սերունդները սովորելու եւ ընդօրինակելու անվերջանալի նյութ կարող են գտնել եւ Ձեր կյանքում, եւ Ձեր գիտական բեղմնավոր գործունեության մեջ, եւ Ձեր էսսեներում ու գեղանկարչական աշխատանքներում:

Սիրելի պարոն Գուրզադյան, եւս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ եւ համոզված եմ, որ այսուհետ եւս շարունակելու եք ապրել, աշխատել ու ստեղծագործել երիտասարդական ավյունով: Մաղթում եմ Ձեզ առողջություն, շարունակական եռանդ եւ երկար տարիների կյանք՝ ի շահ մեր ժողովրդի եւ ի փառս հայրենի գիտության: 

← Վերադառնալ ցուցակին