Ելույթներ և ուղերձներ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ

05.07.2012

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:

17 տարի առաջ ընդունված մեր երկրի հիմնական օրենքը դարձավ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները անվերապահորեն ամրագրող, պետականաշինության գործընթացը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ, առաջընթացի հուսալի եւ կայուն հիմք:

Սահմանադրությանը հավանություն տալով` մեր ժողովուրդը հստակեցրեց պետության ապագայի ուղենիշները, իրավական ձեւակերպում տվեց անկախության հռչակագրով ու անկախության հանրաքվեով ավելի վաղ հաստատած իր ձգտումներին:

Համոզված եմ, որ շարունակելու ենք միասին հետեողականորեն շենացնել ժողովրդավարության, սոցիալական արդարության եւ քաղաքացիական համերաշխության վրա հիմնված մեր պետությունը, միասին կարողանալու ենք հասնել մեր նպատակներին, քանի որ բոլորիս ցանկությունն է` զարգացնելով ձեռք բերածը` կառուցել հզոր, բարեկեցիկ եւ մրցունակ Հայաստան: Դրա համար անհրաժեշտ հիմքեր ու հնարավորություններ են ապահովված Սահմանադրությամբ, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են կատարվում երկրի իշխանությունների կողմից, այդ են պահանջում ժողովրդի ու պետության շահերը:

Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ երջանկություն, լավատեսություն եւ բարեկեցություն, իսկ մեր երկրին` խաղաղություն, զարգացում եւ առաջընթաց:  

← Վերադառնալ ցուցակին