ՀՀԿ հրատարակչական գործունեություն
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրման սկզբից իսկ կարեւոր է համարել հասարակությանը ծանոթացնել իր գաղափարախոսությանն ու դրանից բխող մոտեցումներին: Կուսակցության գաղափարախոսությունը, որը հիմնվում է Գարեգին Նժդեհի ու նրա գաղափարակիցների կողմից առաջադրված Ցեղակրոն ու Տարոնական ուսմունքների վրա, ներկայացվել է «Փարոս Հայաստանի» (1990թ.), «Հանրապետական» (1991-1998թթ.) պաշտոնաթերթերում, «Ժամանակ» (1999-2002թթ.) թերթում, «Ազգայնական մատենաշարի» (1996-1997թթ.) հրատարակումներում, գաղափարախոսական բովանդակությամբ մի շարք գրքերում ու ժողովածուներում:
Կուսակցության նախաձեռնությամբ 1996-ից սկսեց հրատարակվել «Ազգայնական մատենաշարը»` թվով 9 գրքույկ, որը նպատակ ունի ներկայացնել մեր հասարակությունում ընթացող երեւույթների նկատմամբ հայ ազգայնականությունից բխող դիրքորոշումները, հաշվի առնելով ինչպես անցյալի տեսական արժեքները, այնպես էլ արդի պայմաններից բխող իրողությունները: Մատենաշարում եւ կուսակցության մյուս հրատարակություններում ՀՀԿ որդեգրած գաղափարախոսությունը ներկայացված է ըստ բնագրերի` առանցքային դարձնելով Ցեղակրոն եւ Տարոնական ուսմունքների գաղափարախոսներ Գ. Նժդեհի եւ Հ. Ասատրյանի տեսական ժառանգության լուսաբանումը: Խոր ուսումնասիրության են ենթարկված մեր պատմության վերջին հարյուրամյակի ընթացքում ազգային գաղափարախոսության դրսեւորումները, միաժամանակ փորձ է արված դրանց արդիականացման, վերիմաստավորման ուղղությամբ:
2003թ. մարտից ՀՀԿ-ն թողարկում է «Հանրապետական» գաղափարա-քաղաքական, վերլուծական հանդեսը: Այն արտահայտում է կուսակցության մոտեցումներն ու գնահատականները ժամանակակից աշխարհում կատարվող գլոբալ փոփոխությունների, աշխարհաքաղաքական վերադասավորումների եւ տարածաշրջանային գործընթացների հանդեպ, միաժամանակ` տալով համարժեք գործողությունների առաջարկներ: Հանդեսում էական տեղ է հատկացված ազգայնականության պատմությանը եւ գաղափարախոսությանը վերաբերող հարցերին:
ՀՀԿ «Հանրապետական» ամսաթերթի խմբագիր Մուշեղ Արծրունու Լալայան