Լուրեր
Հերիք է արդեն ութ տարի շարունակ նույն «ծամոնը» ծամել․ Խաչատրյան
23.04.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2018 թվականի հայտնի իրադարձությունների մասին մինչև այսօր էլ հարցեր են տալիս նույնիսկ ամենամտերիմ մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն չէին կարող ողջ խորությամբ պատկերացնել այդ ժամանակվա ներքաղաքական «խոհանոցի» բոլոր նրբություններն ու նյուանսները։
Իսկ երբ սկսում ես բացատրել, թե ոնց զարգացան 2018-ի հայտնի իրադարձությունները, ինչ խոչընդոտներ կային այն ժամանակվա կառավարիչների ճանապարհին, և պետությանն ինչ հետևանքների առաջ կարող էին կանգնեցնել տարբեր՝ նույնիսկ տեսական սցենարները, միևնույն է՝ շատերի համար դա բավարար չի լինում։ Քո վերլուծությունը, քո փաստարկները ոնց որ չեն լրացնում նրանց սպասած պատկերը...
Այսօր էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պատմական ուղերձում բավական մանրամասն ձևով անդրադարձավ այդ իրադարձություններին՝ խոսելով պարզ, հասկանալի, երբեմն ցավոտ, երբեմն զգացմունքային ձևով, բայց միաժամանակ ուղիղ և առանց շրջանցումների։ Նա փորձեց ամփոփել ոչ միայն տեղի ունեցածը, այլև դրա հետևանքներն ու շարունակական զարգացումներն այսօր...
Եթե նույնիսկ այսքանից՝ կարդալուց, վերլուծելուց հետո մարդկանց մոտ դեռ հարցեր են առաջանում, ապա խնդիրը արդեն ոչ թե տեղեկատվության պակասն է, այլ դրա ընկալման, կամ գուցե՝ չընդունելու ու մանիպուլացիաներ անելու պատրաստակամության մեջ է։
Հերիք է արդեն ութ տարի շարունակ նույն «ծամոնը» ծամել՝ անտեսելով կամ շրջանցելով այն ակնհայտ փաստերը, որոնք տեղի են ունեցել մեր աչքի առաջ: Արդեն շատ վաղուց լրացել է ոչ թե անվերջ հարցեր տալու անիմաստ ժամանակը, այլ՝ վերջապես ընդունելու իրականությունը և դրանից հետևություններ անելու...»։
