Լուրեր

10 մեջբերում Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթից․ Աշոտյան

07.04.2026

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«10 մեջբերում Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթից։
 
1. Հարց եմ տալիս՝ եթե այս բոլոր գործոնները կային՝ լայնածավալ և երկարատև պատերազմ, որն, ի հակառակ միջնորդական ջանքերի, կանգ չէր առնում, ապա ինչո՞ւ չճանաչեցիք Արցախը։ Էլ ի՞նչ կարող էր լինել այդքանից հետո։
2. Կյանքով և պայքարով կոփված մեր էգոն, հարգելի´ կուսակիցներ, երբեք չի´ վերածվել և չի´ վերածվելու էգոիզմի։
 
3. Չմասնակցելը պայքարից հրաժարվել չէ։
4. Այն, ինչ այս ռեժիմը պլանավորել է որպես նախընտրական խնջույք, պետք է և կարող է դառնալ ընտրություններից առաջ մեր երկրի դառը իրականությունը ներկայացնելու առիթ, ճշմարտության պահ։
5. Մեր տեսլականը պարզապես խոստումների կամ երազանքների ցուցակ չէ. այն բարոյական պարտավորություն է և ոչ երբեք՝ կեղծ քաղաքացիական պայմանագիր։
6. Հայաստանը չպետք է լինի ո´չ հաճախորդ պետություն, ո´չ մակաբույծ պետություն, ո´չ էլ էթնոգրաֆիկ թանգարան։
 
7. Անբարոյականությունն ու զավեշտը հասել են այնտեղ, որ Արցախի հերոսական ժողովրդին փախած կամ թռած է անվանում մի մարդ, ում ամբողջ կյանքն ու քաղաքական կենսագրությունը հիմնված է փախուստի և թռչելու վրա։
8. Այս ամբիոնից ուզում եմ վերստին ընդգծել. ես մշտապես բանակցել եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն երաշխավորելու և իրագործելու համար։ 
 
9. Արցախյան բանակցային ժառանգությունը, այո, նույնպես մսխվել է՝ մսխվել է անբարո, հակապետական քայլերով և դիտավորյալ։
10. Ո´չ, դեպի սպանդանոց մեզ ոչ թե ՀԱՊԿ-ն է տարել, դեպի սպանդանոց մեզ տարել եք դուք»։

← Վերադառնալ ցուցակին