Լուրեր
Փաստացի գործում է քաղաքական ասիմետրիայի կանոնը․ Հովասափյան
04.03.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյանական վարչակարգի անբռնազբոս ու լկտի պահվածքի մասին արդեն անդրադարձել եմ՝ ընդգծելով, թե ինչ աստիճանի վուլգար ու փողոցային վարքագիծ են նրանք դրսևորում, հատկապես ընդդիմադիր սեկտորը թիրախավորելու նպատակով։ Ընդդիմադիր շրջանակներից հնչող ցանկացած քննադատական և թեկուզ փոքր-ինչ կոշտ հռետորաբանության դեպքում իշխանական ողջ քարոզչական արսենալը միանգամից գործի է դրվում՝ ամենաստոր բառամթերքով ու հեգնական ծաղրուծանակով թիրախավորելով տվյալ անհատին կամ ուժին։
Ըստ էության՝ տեղի ունեցողն իր մեջ շատ ավելի խորը ենթաշերտեր է պարունակում, որոնց մասին մի քանի քաղաքագիտական դիտարկումներ ներկայացնեմ։
Ընդհանրապես քաղաքագիտության մեջ կա «մրցակցային ավտորիտարիզմի» հասկացությունը, որի մասին խոսում են, օրինակ, Սթիվեն Լևիցկին ու Լուկան Ուեյը։ Խոսքն այն համակարգերի մասին է, որտեղ ֆորմալ առումով պահպանվում են ընտրությունները, բազմակարծությունը և ինստիտուտները, բայց գործնականում խաղի կանոնները կառուցված են այնպես, որ իշխանությունը մշտապես ունենա անհամեմատ առավելություն և կարողանա ճնշել կամ վարկաբեկել մրցակցին՝ առանց բացահայտ բռնապետության անցնելու։ Այլ կերպ ասած՝ ընտրություններ կան, ընդդիմություն կա, բայց իրական հավասար մրցակցություն չկա։
Այդպիսի համակարգերում ընդդիմության նկատմամբ կիրառվում է ոչ միայն վարչական կամ մեդիա ճնշում, այլ նաև դիսկուրսիվ ճնշում՝ դելեգիտիմացման միջոցով։ Այսինքն՝ քաղաքական հակառակորդը ներկայացվում է ոչ թե որպես գաղափարական այլընտրանք, այլ որպես «վտանգ», «սաբոտաժիստ» կամ «պետության դեմ գործող ուժ։
Իշխանությունը նման վարքագիծ է դրսևորում նաև այն պատճառով, քանի որ ընդդիմադիր հատվածը սինխրոն և կազմակերպված չի հակադարձում ընթացող գործընթացներին։ Այսինքն՝ այսպես կոչված «թիրախը» տարբեր կողմերից համակարգված չի «խոցվում»։ Տեղի են ունենում հատվածական, անջատ-անջատ, ստեպ-ստեպ պոռթկումներ, որոնք հեշտությամբ ջլատվում ու չեզոքացվում են՝ «մեկին՝ տաս» սկզբունքով։
Փաստացի գործում է քաղաքական ասիմետրիայի կանոնը․ իշխանությունը կենտրոնացված է և ռեսուրսներով գերակշիռ, իսկ ընդդիմությունը՝ բաշխված ու չհամակարգված։ Այդ պայմաններում ցանկացած առանձին քննադատություն արագ դառնում է ծաղրի և դելեգիտիմացման թիրախ։
Եթե իշխանությանը հակադարձելու գործընթացը իրականացվի համակարգված և համընդհանուր ձևով, իշխանական պրոպագանդայի կառուցվածքում լրջագույն ճաքեր կառաջանան։ Քանի դեռ քննադատությունը հատվածական է, իշխանությունը կարողանում է այն ոչ միայն չեզոքացնել, այլ նաև օգտագործել սեփական համախմբման համար՝ մեկին՝ տասը պատասխանելով։
Ի դեպ՝ առավել ագրեսիվ և ինքնամոռաց քննադատության թիրախ են դառնում հատկապես այն ուժերն ու գործիչները, որոնք (ովքեր) ներկայացնում են հստակ, փաստարկված քննադատություն, որովհետև փաստարկը շատ ավելի վտանգավոր է, քան էմոցիան»։
