Լուրեր

Բայց մի բան ակնհայտ է․ Սարոյան

15.02.2026

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընտրված և օծված է ըստ կանոնական կարգի։ Նրա անունը հնչում է աշխարհի բոլոր հայ եկեղեցիներում՝ որպես միասնության խորհրդանիշ։ Եվ հիմա, երբ որոշ շրջանակներ շրջիկ խմբերի դիմաց, որոշ եկեղեցիներում փորձում են «զեղչել» այդ հիշատակումը, իրականում փորձում են խարխլել հենց ինստիտուտը: Սա անձի դեմ պայքար չէ: 
 
Բայց մի բան ակնհայտ է․ Կաթողիկոսի անունը չարտասանելով ոչինչ չեն փոխելու, ոչ այդ տիրադավ հոգևորականները, ոչ էլ այս եկեղեցադավ շարժման «դիրիժորները», քանի որ վեմագիր արձանագրությունները չեն վերաձևվում քաղաքական կամքով, որտեղ նշված է Կաթողիկոսի անունը, Եկեղեցիների պատերին փորագրված հիշատակումները չեն անհետանում պահի թելադրնքից ելնելով, պատմությունն էլ չի սրբագրվում լռությամբ։ Այն, ինչ դարերով է կերտվել, չի վերանում պահի մանիպուլյացիայից։ 
 
Եվ եթե հանկարծ երբևէ փորձ արվի եկեղեցիների պատերին «սրբագրումներ» անել, դա այլևս չի լինի մեկնաբանության հարց։ Դա կլինի ակնհայտ վանդալիզմ՝ ուղղված ոչ միայն մեկ անձի, այլ պատմական հիշողության դեմ։
Ի վերջո, պետք է գիտակցել, որ հարցը մեկ անձի մասին չէ, այլ հարցը ինստիտուտի մասին է, ավանդույթի մասին է, միասնականության մասին է։
Եվ այդ հարցերը չեն լուծվում անուն չարտասանելով»։

← Վերադառնալ ցուցակին