Լուրեր

Հարկավոր է կենտրոնանալ գլխավոր թիրախի՝ նիկոլական ռեժիմի վրա. Շարմազանով

13.02.2026

 Ընտրությունները սարերի հետեւում չեն, բայց հայրենի ընդդիմությունը կարծես չի ընդունում, որ Նիկոլ Փաշինյանին հաղթելու համար պետք է մի քանի խնդիր լուծել։ Առաջինը՝ գոնե մի քանի ամսով հրադադար կնքել՝ իրար չվարկաբեկելու, միմյանց հանդեպ հակաքարոզչությունը բացառելու մասին։ Երկրորդ․ պայմանավորվել հետընտրական զարգացումների մասով՝ «Գյումրի 2» սցենարով գնալու մասին։ Երրորդ․ համոզել անցողիկ շեմը պոտենցիալ չհաղթահարող ուժերին՝ չառաջադրվել, որ ընտրական ձայները չփոշիացնեն եւ չնպաստեն գործող իշխանության վերարտադրությանը։ Հիշեցնենք, որ 4 տոկոսի շեմը չանցած ուժերի ձայները գումարվելու են խորհրդարան անցած ուժերին, եւ ամենաշատը դրանից շահելու է առաջին տեղը զբաղեցրած ուժը։ Հենց այդ փոշիացման պատճառով Վաղարշապատում ՔՊ-ն զավթեց իշխանությունը, իսկ 2021-ին կայուն մեծամասնություն ստացավ։ Պարզ է, որ, սրան զուգահեռ, նաեւ ընտրությունների մասնակիցները պետք է կենսունակ, իրական ծրագրեր առաջարկեն, որպեսզի ընտրողը հավատա, որ ոչ թե անձերն են փոխվելու, այլ՝ համակարգային կառավարումը։ 

Մինչդեռ իրար միս ուտող խորհրդարանական ընդդիմությունն ու նրանց արբանյակները կարծես քիչ էին, նոր ստեղծվող ուժերն էլ են այդ գիծը բռնել։ Մեկն ասում է՝ թող նախկին նախագահները չառաջադրվեն, մյուսը հիշում է նախորդ կառավարման շրջանի սխալները։ Երեկ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պրեզենտացիայի ժամանակ, շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը սուր քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանին, բայց նաեւ որոշ ակնարկներ արեց Սերժ Սարգսյանի հասցեին․ «Թարսի նման՝ ով գալիս է, երկրորդ ժամկետից հետո երրորդն է ուզում։ Մեր ժողովուրդը հո ձեր գերին չի՞։ Հասկացանք՝ 1 անգամ, 2 անգամ, հենց նստում եք էդ աթոռին, մոռանում եք։ Այս մարդիկ սոված են, չեն հագենում, դրա համար էլ երրորդ ժամկետ են ուզում։ Ժամանակն է, որ մեր երկիրն ունենա ուժեղ, լուրջ ու կուշտ առաջնորդ»։

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ընդդիմության առջեւ կանգնած առաջնային խնդիրն այն է, որ հարկավոր է կենտրոնանալ գլխավոր թիրախի՝ նիկոլական ռեժիմի վրա, այլ ոչ թե գործընկերների․ «Հուսով եմ, որ առողջ բանականությունը կգերակշռի, եւ ազգային-պետական ուժերը, որոնց նպատակը Հայաստանի ազգային պետականության պահպանումն է, կգնան այդ ճանապարհով։ ՀՀԿ-ն առնվազն ութ տարվա ընթացքում ապացուցել է, որ երբեք վերմակն իր վրա չի քաշել, միշտ փորձել է առաջնորդվել պետության շահով։ Մեր սկզբունքը նժդեհյան սկզբունքն է՝ կուսակցությանս հետ, ազգիս համար»։ Նկատեցինք, որ գեղեցիկ բառեր են ասում, իսկ ի՞նչն է խանգարում դա կյանքի կոչելուն։ «Ինչո՞ւ եք վատատեսական տրամադրված, դեռ չկա նման համաձայնություն, բայց կարծում եմ՝ կա հնարավորություն՝ անել ամեն ինչ, որպեսզի այս փուլում ընդդիմությունը պայքարի ոչ թե իրար դեմ, այլ՝ նիկոլիզմից ազատվելու համար։ Ընդդիմադիր դաշտի մեծ խաղացողներն այդքանը հասկանում են, եւ չեմ բացառում, որ կարող ենք ունենալ նման պայմանավորվածություն»։ Ինչ վերաբերում է անցողիկ շեմի խնդիր ունեցող ուժերին, Շարմազանովն ասաց․ «Մի կամ մի քանի կուսակցություն կա, որ, իմ տպավորությամբ, մեկ կամ երկու տոկոս ունեն, բայց իրենց որ հարցնում ենք, ասում են՝ 20 տոկոս ունենք։ Հիմա մենք ի՞նչ կարող ենք ասել այդ մարդկանց, ասենք՝ մի՞ մասնակցեք, հետո կասեն՝ Շարմազանովն ասեց՝ մի մասնակցեք, բայց որ մեր 20 տոկոսը հավաքեինք, Նիկոլը չէր լինի։ Սա կուսակցության առաջնորդների, ակտիվի, խոշոր ընդդիմադիրների աշխատանքային քննարկումների հարց է»։ Ի՞նչ պետք է անեն այս ուղղությամբ խոշոր ուժերը։ Հարցին Շարմազանովը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե չի հավակնում ընդդիմադիր գործընկերներին հրապարակային խորհուրդներ տալ։

 

hraparak.am

 

 

 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին