Լուրեր
Հեռանալ լացի պատից եւ գործել․ Եսայան
05.02.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հեռանալ լացի պատից եւ գործել
Ցմահ ազատազրկում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, այսպես է որոշել մեր թշնամին։
Էն թշնամին, որ գրավեց մեր Արցախը, զոհեց 5 հազարից ավելի երիտասարդ կյանքեր, 120 հազար հայ մարդու թողեց անտուն եւ անհայրենիք, որ օր-օրի զինվում եւ սպառազինվում է։ Այն թշնամին, ում երեկ տվեցին խաղաղության ինչ-որ մեդալ, ում ձեռքը ջերմորեն սեղմեց ՀՀ վարչապետի տեղում կզածը, ումից շնորհակալ եղավ ՀՀ նախագահի աթոռին քցածը։
Այն թշնամին, որ զավթել է ՀՀ սուվերեն տարածքից մոտ 200 կմ, այն թշնամին, որ ծաղրում է ՀՀ այսօրվա իշխանությանը, այն թշնամին, որ հոխորտում է , թե Հայաստան մտնելու է ավտոյով, թե Սեւանը իրենցն է, թե չկա եւ չի եղել Հայաստան, կա եւ լինելու է արեւմտյան ադրբեջան։ Այն թշնամին, ում ոչ մի հակահայ եւ հայասպան խոսքի եւ գործի ՀՀ-ից չի հնչում հակադարձում։Այն թշնամին, ում ՀՀ ղեկավարը սիրում է որպես իր կիրթ եղբայր։
Երուսաղեմում կա հայտնի լացի պատ, սա կոչվում է նաեւ
Արևմտյան պատ, Երուսաղեմի հին քաղաքի պատի մաս (485 մ երկարությամբ), որը պահպանվել է մ.թ. 70 թվականին հռոմեացիների կողմից Երկրորդ Տաճարի կործանումից և հասել մինչև այսօր։Եւ մարդիկ սա որպես սրբավայր են ընդունում ու կանգնում այդ պատի տակ իրենց հոգսերի, խնդիրների, ողբերգության եւ ցավի համար լացելու։ Հետո, երեւի հանդարտվում են եւ անցնում իրենց առօրյա գործերին։ Այսօր եւ հիմնականում սոցցանցերը եւ շատերի հարցազրույց-գրառումները նմանվել են լացի պատի, հավաքվում ենք այստեղ, լացուկոծ դնում, դատապարտում, քննադատում, զզվում, նյարդայնանում եւ՝ ցրվում տներով։ Իսկ գուցե օրհասական այս պահին պարտավոր ենք թողնել լացի պատը եւ սթափ գործել։
Իսկ գուցե պետք է գոնե էս անգամ ի մի գանք, թողնենք իրար հանդեպ ամեն անհաճո միտք ու բան եւ միավորված գործենք։ Չէ, քավ լիցի, ընտրությանը միասին, մեկ ցուցակով գնալու մասին չի խոսքս, դա անհնարին է եւ ոչ խելամիտ։Պարզապես ոտքի տակ ընկնողներին զսպել, ամբիցիաները թողնել եւ լրջորեն գնահատել հնարավորությունները։
Խոսքս մեկ թիրախի խփելու մասին է, էս անգամ՝ անվրեպ»։
