Լուրեր

Մեր պարտքն այսօր այն է, որ ոչ թե հավատանք քաղաքական շոուներին, այլ մեր ներդրումն ապահովենք բանակի իրական դերի ու առաքելության վերականգնման գործում․ Խաչատրյան

28.01.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ  Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այն մարդիկ, ովքեր այսօր իշխանության ղեկին են և փորձում են խոսել բանակի անունից, մեր զինված ուժերի հետ որևէ իրական աղերս չունեն։ Նրանց համար բանակը երբեք արժեք չի եղել, այլ հարմար թեմա է եղել հրապարակային ելույթների, շոուների ու ինքնարդարացումների  համար։
 
Մեծախոսությունն ու պոռոտախոսությունը, ցուցադրական քայլերի անվերջ շարանը, ամբիոններից սպառնալիքներով ու դատարկ պաթոսով լեցուն խոսքերը բացարձակապես որևէ առնչություն չունեն ոչ մեր երեկվա, ոչ էլ այսօրվա բանակի հետ։ Դրանք զուտ խաղարկվող քաղաքական ներկայացումներ են...
Սրանք ինչքան էլ  էլ փորձեն երեք տասնամյակի ընթացքում  քարը քարի վրա դրված բանակը ներկայացնել որպես «միֆ», ու «իրական բանակի» մասին խոսել միայն ներկա ժամանակով, շատերն են հասկանում, որ այսպես կոչված «բարեփոխումների» անվան տակ այսօր ընթանում է բանակը իշխանությունների կերպարին ու մտածողությանը նմանեցնելու գործընթացը՝ այն զրկելով ինքնությունից, գաղափարից ու արժանապատվությունից։ Քանի որ  սրանք զինված ուժերը դարձրել են աշխատավարձի չափման օբյեկտ, ծառայությունը՝ զուտ հաշվարկի հարց, իսկ սպայական պատիվը դարձրել երկրորդական։ Երբեմնի կայացած զինված ուժերը «միֆ» համարելով՝ նրանք գիտակցաբար անարգում են հազարավոր նահատակների հիշատակը և նպատակային կերպով հուսահատության են մղում հասարակությանը՝ կոտրելով մեր դիմադրության կամքը։
 
Այսօր՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակի օրը, առաջին հերթին հիշում ես այն մարդկանց, ովքեր ամենածանր, անորոշ ու գոյաբանական սպառնալիքների պայմաններում բանակ հիմնադրեցին, դարձան դրա ողնաշարը, կայացրեցին այն և ստեղծեցին իրական հաղթանակների ու հպարտության հիմքը։
Մեր պարտքն այսօր այն է, որ ոչ թե հավատանք քաղաքական շոուներին, այլ մեր ներդրումն ապահովենք բանակի իրական դերի ու առաքելության վերականգնման գործում՝ սերունդներին փոխանցելով ուժեղ, գաղափարական և մարտունակ բանակ:
Փառք մեր նվիրյալներին։
Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին...»:

← Վերադառնալ ցուցակին