Լուրեր
Սուտ 54. «Մենք ամենապետականամետ իշխանությունն ենք»
24.01.2026
Այս արտահայտությունը դարձավ ամենաշատ կրկնվող կարգախոսներից մեկը, սակայն իրականությունը ցույց տվեց լրիվ հակառակը։ Պետականամետ լինելը բառերով չէ։ Դա մտածողություն է, արժեքային համակարգ, պատասխանատվություն և վերաբերմունք սեփական երկրի, ժողովրդի և պատմության հանդեպ։ Ինչպե՞ս փոխվեց պետական մտածողությունը Պետական մտածողությունը ժամանակի ընթացքում վերածվեց ձևական բառապաշարի։ Այն, ինչ ժամանակին համարվում էր պետականամետություն՝ ծառայել պետությանը, պաշտպանել ազգային շահը, պահպանել արժանապատվությունը, այսօր հաճախ փոխարինվել է հարմարվողականությամբ, ինքնարդարացմամբ և արտաքին ճնշումներին հնազանդությամբ։
Պետական մտածողությունը դադարեց լինել ազգային շահի մասին և սկսեց ծառայել այդ պահի քաղաքական նպատակներին։ Երբ պետությունը սկսում է ծառայել ոչ թե իր ժողովրդին, այլ թշնամու օրակարգին նա այլևս պետականամետ համարվել չի կարող։ Ժամանակի ընթացքում ստեղծվեց մի իրականություն, որտեղ պետական քայլերը այլևս չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլ հաճախ համընկնում են մեր հակառակորդի ակնկալիքների հետ։ Այն, ինչ տարիներ շարունակ մեր թշնամին չէր կարող իրականացնել ուժով, այսօր տեղի է ունենում ներքին որոշումներով․ լռություն՝ ազգային հարցերում, զիջում՝ սկզբունքներում, խուսափում՝ պատասխանատվությունից։ Երբ պետական գործիչը սկսում է արդարացնել պարտությունը, երբ պարտությունը ներկայացվում է որպես «խաղաղության գին», երբ արժանապատվությունը փոխարինվում է հարմարվողականությամբ՝ դա այլևս պետական մտածողություն չէ։ Պետական մտածողությունը ենթադրում է ազգային արժեքների պահպանում։ Սակայն վերջին տարիներին մենք տեսնում ենք հակառակը։ Ազգային արժեքները դառնում են ծաղրի առարկա, պատմական հիշողությունը՝ վերաշարադրման թեմա, հպարտությունն ու հայրենասիրությունը «հին մտածողություն», զիջումը՝ «քաղաքական հասունություն»: Այն, ինչ դարերով մեզ պահել է որպես ժողովուրդ, աստիճանաբար մղվում է երկրորդ պլան։ Իրական պետական մտածողությունը չի՛ կարող գոյություն ունենալ առանց ազգային արժանապատվության։ Պետությունը չի՛ կարող ուժեղ լինել, եթե նրա ղեկավարությունը վախենում է սեփական ժողովրդի պատմությունից, հիշողությունից ու պահանջատիրությունից։ Այսօր մեզ ասում են՝ «մենք ամենապետականամետն ենք»։ Բայց իրական պետականամետությունը չափվում է ոչ թե խոսքերով, այլ այն հարցով՝ ո՞ւմ շահն ես պաշտպանում՝ քո պետությա՞ն, թե՞ քո թշնամիների։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
aravot.am
