Լուրեր
Սուտ 52. «Այս հեղափոխությունը նաև ի հիշատակ 1915 թվականի մեր անմեղ զոհերի արեցինք»
22.01.2026
Ցեղասպանության թեման դարձավ շահարկման հերթական գործիք Փաշինյանի ձեռքերում։ 2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժը բազմիցս հայտարարեց, թե «հեղափոխությունը» կատարվել է նաև ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի։ Այս խոսքը հնչում էր բարձր, հուզիչ և ազդեցիկ։ Սակայն տարիների ընթացքում պարզ դարձավ՝ դա ևս հերթական քաղաքական ձևակերպում էր, ոչ թե անկեղծ դիրքորոշում։ Ցեղասպանության հիշատակը՝ խոսքից գործ չդարձած արժեք էր սրանց ձեռքերում։ Եթե որևէ իշխանություն իսկապես առաջնորդվում է Ցեղասպանության հիշատակով, ապա նրա գործողությունները պետք է լինեն հստակ, հետևողական և արժանապատիվ։
Իսկ իրականում մենք տեսանք հակառակը․ ցեղասպանության թեման աստիճանաբար դուրս մղվեց արտաքին քաղաքական օրակարգից, միջազգային հարթակներում այն այլևս առաջնային չէ, պաշտոնական խոսույթում սկսեցին ի հայտ գալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ էին դնում պատմական հստակ ճշմարտությունները Երբ իշխանության ներկայացուցիչը խոսում է «դեպքերի հանգամանքների պարզաբանման» մասին՝ 1915-ի համատեքստում, դա արդեն ոչ թե ակադեմիական հարցադրում է, այլ վտանգավոր նահանջ։ Փաշինյանի իշխանությունը գիտակցված Ցեղասպանության ժխտման ճանապարհով սկսեց քայլել։ Հայ ժողովրդի համար 1915 թվականը քննարկման ենթակա թեմա չէ։ Այն փաստ է։ Ճանաչված, փաստագրված, ապացուցված։ Տարիներ շարունակ նախկին իշխանությունները միջազգային բոլոր հարթակներում շարունակում էին արդի պահել Ցեղասպանության ընդունման թեման, յուրաքանչյուր ապրիլի 24 մի ամբողջ ազգ լուռ էր իր ցավի ու հիշողությունների հետ, իսկ վերջին յոթ տարիների ընթացքում մեզ փորձում են համոզել, որ ամեն ինչ պարզ չէ, որ այսքան տարի մենք իրականությունը չենք իմացել։ Երբ պետական մակարդակով սկսում են կասկածի արմատներ սերմանել ազգի մեջ, երբ խուսափում են հստակ ձևակերպումներից, երբ առաջնահերթությունը տրվում է «խաղաղության լեզվին», դա ընկալվում է որպես նահանջ պատմական ճշմարտությունից։ Սա ոչ թե հաշտեցում է, այլ՝ մոռացումի ճանապարհ։ Ծիծեռնակաբերդը՝ սրբավայրից վերածված շինհրապարակի Վերջին տարիներին հատկապես ցավալի դարձավ Ծիծեռնակաբերդի շուրջ տեղի ունեցողը։ Այն վայրն է, որտեղ սերունդները լուռ խոնարհվում են իրենց նահատակված նախնիների հիշատակի առաջ։ Այն սրբավայր է, ոչ թե հերթական շինհրապարակ։ Սակայն իրականացված «վերանորոգումները» բազմաթիվ հարցեր առաջացրին․ աշխատանքները կատարվեցին անհարգալից ձևով, քարերը, որոնք տարիներով խնամքով պահպանվել էին, փոխվեցին կամ քանդվեցին, ամեն ինչ արվեց առանց հասարակական քննարկման, առանց զգայուն վերաբերմունքի ցուցադրման։ Սա պարզապես չէր կարող չընկալվել որպես անհարգալից վերաբերմունք զոհերի հիշատակին։ Ցավալի է, բայց փաստ է․ Ցեղասպանության թեման օգտագործվեց որպես քաղաքական հռետորաբանության մաս։ Երբ հարմար էր՝ հիշեցին, երբ անհարմար դարձավ՝ մոռացան կամ վերաձևակերպեցին։ Սակայն ազգային հիշողությունը չի կարող լինել իրավիճակային գործիք։ Այն պահանջում է հարգանք, հետևողականություն և ազնվություն։ «Հեղափոխությունը 1915-ի հիշատակին էր» արտահայտությունը դարձավ հերթական դատարկ կարգախոսներից մեկը։ Որովհետև իրականում ոչ միայն չպաշտպանվեց Ցեղասպանության հիշատակը, այլ վտանգվեց դրա արժանապատիվ ներկայացումը։ Հայ ժողովրդի պատմական ցավը չի կարող ծառայել քաղաքական նպատակների։ Այն սուրբ է և արժանի է լռության, հարգանքի ու պատասխանատվության՝ ոչ թե շահարկման։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
aravot.am
