Լուրեր
Սուտ 48. «Ղարաբաղի հարցը լուծված չէ»
16.01.2026
2021 թվականին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր՝ «Ղարաբաղի հարցը լուծված չէ»։ Այս խոսքը հնչում էր որպես խոստում, որպես վստահեցում, որպես շարունակության ակնարկ։ Ժողովուրդը դա ընկալեց մեծ հույսով, որ Արցախի հարցը դեռ օրակարգում է, պայքարը չի ավարտվել, պետությունը չի հրաժարվել իր պատասխանատվությունից։ Բայց ընդամենը մի քանի տարի անց նույն մարդը հայտարարում է լրիվ հակառակը. «Ղարաբաղի հարցի շարունակությունը նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր»։ Այս երկու արտահայտությունների միջև կա ոչ թե քաղաքական զարգացում, այլ բացահայտ հակասություն, այլ կերպ ասած՝ 2021 թվականի խոստումը դարձավ 2023 թվականի հրաժարումը։ Եթե 2021-ին Ղարաբաղի հարցը «լուծված չէր», ապա հարց է առաջանում՝ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ իրավունքով այն «լուծեց» հետո։ Ժողովուրդը նման մանդատ չի տվել ոչ մեկին։ Հանրաքվե չի եղել։ Համազգային քննարկում չի եղել, մինչդեռ 2018 թվականին ժողովրդին խոստացան, որ առանց ժողովրդի Արցախի հարց երբեք չի լուծվի։
Արցախի հարցը ոչ թե լուծվեց, այլ՝ հանվեց օրակարգից՝ միակողմանի որոշմամբ։ «Խաղաղության» անվան տակ պարտադրված լռության ականատեսն ենք այսօր ամբողջ ազգով։ Նիկոլ Փաշինյանը փորձեց ձևավորել նոր թեզ. եթե խոսում ես Արցախի մասին, դու պատերազմ ես ուզում։ Սա քաղաքական մանիպուլյացիա է։ Արցախի հարցի շարունակությունը պարտադիր չէ նշանակի պատերազմ։ Բայց դրա դադարեցումը հաստատ նշանակում է՝ իրավական հրաժարում, քաղաքական լռություն, միջազգային օրակարգից թեմայի դուրս բերում։ Այսինքն՝ խաղաղության խոստումը դարձավ հանձնման արդարացում։ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո հայտարարեց, որ բանակցությունները սկսում է «զրոյական կետից»։ Բայց Արցախի հարցում «զրո» գոյություն չունի։ Կա պատմություն, իրավական փաստեր, զոհեր, ազատագրված տարածքներ, միջազգային ձևաչափեր։ Զրոյական կետը նշանակում էր՝ մերժել ամբողջ նախորդ պայքարը, հզոր ու հարուստ ժառանգությունը։ Եվ հենց այդ «զրոյից» էլ սկսվեց Արցախի վերջնական հանձնման ճանապարհը։ Արդյունքը՝ ոչ թե խաղաղությունը եղավ, այլ դատարկված Արցախը։ Նիկոլ Փաշինյանի զրոյական կետը դարձավ ողբերգություն հայության համար։ Սա լուծում չէր, սա քաոս է, որի մեջ ապրում ենք արդեն 5 տարուց ավելի։ Քաղաքական գործիչը կարող է փոխել մոտեցումը։ Բայց նա իրավունք չունի ժողովրդին հակասական ուղերձներ տալու։ 2021-ին ասել՝ «լուծված չէ», իսկ հետո ասել՝ «շարունակել նշանակում է պատերազմ»։ Երկու տարբերակ կա. առաջին՝ կա՛մ խորապես չի հասկանում ու ընկալում խնդիրը, կա՛մ էլ Փաշինյանը գիտակցաբար խաբում է ժողովրդին ու կործանման տանում պետությանը (անձամբ ես միտված եմ հենց այս տարբերակին)։ Երկու դեպքում էլ դա ծանր քաղաքական մեղք է։ «Ղարաբաղի հարցը լուծված չէ» խոստումը դարձավ ժամանակավոր քաղաքական խոսք, որը ծառայեց իշխանության պահպանմանը։ Իսկ հետո նույն իշխանությունը հայտարարեց, որ այդ հարցը բարձրացնելն արդեն վտանգ է։ Իրականում՝ Ղարաբաղի հարցը ոչ թե լուծվեց, այլ լռեցվեց։ Եվ այդ լռության գինը վճարեց ու շարունակում է վճարել հայ ժողովուրդը։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
aravot.am
