Լուրեր
Սուտ 46. «Բենթլի Կճոյանը տեղ չունի նոր Հայաստանում»
14.01.2026
Սկիզբը՝ այստեղ
2018 թվականի հեղափոխությունից սկսած, ինչպես նաև իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն և նրա թիմը հասարակությանը ներկայացրին մի պարզ, բայց ազդեցիկ թեզ․ «Նոր Հայաստանում տեղ չունեն շքեղություն սիրողները, բենթլիներով շրջողները, հին համակարգի ներկայացուցիչները»։ Այս քարոզչության խորհրդանիշներից մեկը դարձավ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ում անունը տարիներ շարունակ շրջանառվում էր որպես «բենթլի քշող հոգևորական»։ Փաշինյանականներն անգամ ավազանի անունով էին շատ հաճախ դիմում նրան, վիրավորական խոսքերը ոչ միայն հնչում էին սոցիալական ցանցերում, այլև ԱԺ ամբիոնից հնչող ելույթներում։ Հանրությանը ներկայացվեց մի պատկեր՝ Կճոյանը հին Հայաստանի մարմնավորումն է, իսկ նոր Հայաստանում նա տեղ ունենալ չի կարող։
Բայց ի՞նչ եղավ հետո։ Նոր Հայաստանում տեղ չունեցողը դարձավ իշխանության սիրելի հոգևորականը։ Ժամանակը ցույց տվեց, որ «տեղ չունի» արտահայտությունը քաղաքական կարգախոս էր, ոչ թե սկզբունք։ Այսօր նույն Կճոյանը․ոչ միայն դուրս չի մղվել հասարակական կյանքից, այլ պահպանում է իր դիրքերը, մասնակցում է գործընթացների, և ամենակարևորը՝ հարմար է գործող իշխանությանը, քանի որ նա այն սակավաթիվ հոգևորականներից է, ով դեմ դուրս եկավ Վեհափառին ու սկսեց Նիկոլ Փաշինյանի հետ դեմ գնալ Հայ առաքելական եկեղեցուն։ Հասարակության լայն շրջանակներին հայտնի են մի շարք մութ գործեր, որտեղ միտ հիշատակվել ու շոշափվել է Կճոյանի անունը։ Եվ հենց այդ մութ գործերի բացահայտման վախն էլ մղեց Կճոյանին դավաճանել եկեղեցուն ու Վեհափառին։ Այսինքն՝ խնդիրը երբեք էլ «բենթլին» չի եղել։ Խնդիրը հավատարմությունն էր։ Նա հենց այն եպիսկոպոսն է, ով հրապարակայնորեն զեղչեց Կաթողիկոսի անունը։ Երբ իշխանությունն անցավ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ համակարգված հարձակումների, երբ թիրախ դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ոչ բոլոր հոգևորականներն ունեցան համարձակություն պաշտպանելու եկեղեցու միասնականությունը։ Կճոյանը դարձավ այն դեմքերից մեկը, ով ոչ թե պաշտպանեց Կաթողիկոսին, այլ փաստացի մասնակցեց հեղինակազրկման գործընթացին՝ զիջելով, նահանջելով, լռությամբ կամ ուղիղ քայլերով նպաստելով այդ օրակարգին։ Սա հենց այն կետն է, որտեղ «նոր Հայաստանի» չափանիշները բացահայտվում են։ Նոր Հայաստանում ընդունելի է ոչ թե բարոյականությունը, այլ հարմարվողականությունը։ Եթե սկզբունքը լիներ «շքեղ կյանք վարող հոգևորականը տեղ չունի նոր Հայաստանում» արտահայտությունը, ապա այդ սկզբունքը կլիներ անշրջելի։ Բայց իրական սկզբունքը դարձավ․ «ով մեզ հարմար է, տեղ ունի նոր Հայաստանում, կարևորը Նիկոլին «չԷ» չասեն»։ Այս տրամաբանության մեջ Եկեղեցին դիտարկվում է ոչ թե որպես ինքնուրույն ինստիտուտ, այլ որպես վերահսկման ենթակա կառույց, իսկ հարմար հոգևորականը՝ իշխանության գործիք։ Սա ոչ թե անձի, այլ սկզբունքների փլուզման պատմություն է։ Խնդիրը միայն Կճոյանը չէ։ Խնդիրը այն է, որ իշխանությունը սկզբում մարդկանց սևացնում է, ապա նույն մարդկանց դարձնում գործընկեր, օգտագործում իր կեղտոտ նպատակների համար ու դեն նետում։ Սա նշանակում է, որ նոր Հայաստանում հիմնական գործիքը սուտն է, արժեքները փոփոխական են, իսկ պետությանը առաջ մղող կարգախոսները՝ իրավիճակային։ «Բենթլի Կճոյանը տեղ չունի նոր Հայաստանում» արտահայտությունը միտված էր լինելու հերթական քաղաքական սուտը։ Կճոյանը տեղ ունի նոր Հայաստանում, քանի որ իր «մաքուր» կենսագրությամբ կարողացավ ծառայել Նիկոլի իշխանությանը։ Եվ հենց սա է նոր Հայաստանի իրական դեմքը․ ժամանակավոր սկզբունքներ, ստերի անվերջանալի կծիկ ու անհավատարմություն։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
aravot.am
