Լուրեր
Սուտ 45. «Գյուղատնտեսությունը զարգանում է, գյուղացին պետության ուշադրության կենտրոնում է»
13.01.2026
Սկիզբը՝ այստեղ:
Գյուղատնտեսությունը ցանկացած երկրի հիմքն է։ Փաշինյանի իշխանությունը տարիներ շարունակ հայտարարում է, թե գյուղացին աջակցություն է ստանում, սուբսիդիաները աճել են, ծրագրերը բազմապատկվել են, իսկ գյուղը՝ «կենդանացել»։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, կարողացավ իր թիրախը դարձնել նաև գյուղատնտեսության ոլորտն ու գյուղացիներին։ Նա խոստացավ լուծել և թեթևացնել գյուղացու հոգսը, Հանրապետության Հրապարակից նա խոստացավ գրոյացնել գյուղատնտեսական վարկերը։ Բայց եթե այս ամենը Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը չլիներ և իրականություն դառնար, ապա այսօր գյուղերը դատարկ չէին լինի, հողերն անմշակ չէին մնա, իսկ գյուղացին չէր մտածի՝ ինչպես թողնի իր հայրենի գյուղը և լավ ու բարեկեցիկ կյանքի համար ընկնի երկրից երկիր։
Գյուղացին մնացել է միայնակ՝ առանց իրական պետական աջակցության։ Փաստացի գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացին այսօր չունի հասանելի և ցածր տոկոսադրույքներով վարկեր, չունի պատշաճ աջակցություն պետությունից, գյուղացուն «աջակցող ծրագրերը» միայն մնում են թղթի վրա։ Շատ ծրագրեր հասանելի են միայն խոշոր տնտեսվարողներին ու գյուղատնտեսներին կամ իշխանությանը մոտ շրջանակներին։ Իսկ շարքային գյուղացին մնում է անտեսված ու ստվերում։ Սերմ, պարարտանյութ, դիզվառելիք․ ամեն ինչ թանկացել է։ Վերջին տարիներին գյուղացու հիմնական ծախսերը կտրուկ աճել են․ սերմացուն՝ թանկ, պարարտանյութը՝ թանկ, թունաքիմիկատները՝ թանկ, տեխնիկայի վառելիքը՝ աննախադեպ թանկ։ Գյուղացին շատ է ծախսում, քիչ է վաստակում, և հաճախ՝ վնասով է աշխատում։ Բերքը հաճախ մնում է դաշտում՝ իրացման բացակայության պատճառով։ Տարիներ շարունակ նույն պատկերը։ Գյուղացին արտադրում է, քրտնաջան աշխատում է, բայց չի կարողանում վաճառել ու սպառել իր մթերքը։ Մթերման գները մեղմ ասած նվաստացուցիչ են, մոնոպոլիաներն են երկում թելադրում օրենքներ, պետությունը չի երաշխավորում գյուղացու մթերքի իրացումը։ Բազմիցս տեսել ենք, թե ինչպես է բերքը թափվում, փչանում, մնում դաշտերում, մինչդեռ խանութներում նույն ապրանքը վաճառվում է բարձր գներով։ Սա գյուղատնտեսական քաղաքականության բացակայության ուղիղ ապացույցն է։ Ջրի, ոռոգման ու ենթակառուցվածքների խնդիրները խորացել են։ Գյուղատնտեսություն առանց ջրի գոյություն չունի։ Բայց այսօր՝ ոռոգման համակարգերը քայքայված են, ջրի կորուստները մեծ, որոշ գյուղեր ընդհանրապես ջուր չունեն։ Տարիներ շարունակ խոստացվում են բարեփոխումներ, բայց արդյունք չկա։ Իսկ գյուղացին ամեն ամառ կանգնած է նույն հարցի առաջ․ ջո՞ւր կլինի, թե՞ ոչ։ Գյուղերից արտագաղթը դարձել է զանգվածային։ Եթե կային ժամանակներ, երբ միայն սահմանամերձ գյուղերն էին կանգնած դատարկվելու վտանգի առջև, ապա հիմա նույնիսկ ամենաապահով գյուղերում մարդիկ դարձել են ծայրաստիճան հուսալքված։ Երբ գյուղում հնարավոր չէ ապրել սեփական աշխատանքի հաշվին, մարդիկ հեռանում են։ Այսօր գյուղերից հեռանում են․ երիտասարդները, աշխատունակ ընտանիքները, փորձառու գյուղացիները։ Գյուղը դատարկվում է, հողը մնում անմշակ, իսկ իշխանությունը շարունակում է խոսել «զարգացումից»։ Զարգացում, որի արդյունքը՝ դատարկ գյուղերն են։ Ներմուծումը խեղդում է տեղական արտադրողին։ Շուկան լցված է՝ օտար երկրներից ներմուծված երբեմն ավելի էժան, երբեմն սուբսիդավորված ապրանքով։ Տեղական արտադրողը չի կարող մրցել և պարտվում է։ Պետությունը չի պաշտպանում սեփական գյուղացուն։ Եվ սա արդեն քաղաքական ընտրություն է։ «Գյուղատնտեսությունը զարգանում է» հայտարարությունը հերթական գեղեցիկ սուտն է, որը Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ օգտագործեց հասարակությանը մանիպուլացնելու համար։ Իրականում՝ գյուղացին միայնակ է իր խնդիրների հետ, ծախսերը աճել են, եկամուտները նվազել, գյուղերը դատարկվում են, իսկ հողերը մնում անմշակ։ Գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ առանց իրական պետական քաղաքականության, իսկ խոսքերով գյուղ չի պահվում։ Եթե գյուղը քանդվում է, պետությունը վտանգված է։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
aravot.am
