Լուրեր
Ուժի մասին Ալիևի խոսքը պետք է ընկալել՝ որպես նախազգուշացում. Շիրազ Խաչատրյան
08.01.2026
2026 թվականի հունվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին, որի ժամանակ անդրադարձել է նաև տարածաշրջանային ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:
Նա մասնավորապես հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն արդեն հաստատված է նաև ԱՄՆ նախագահի կողմից, և, որ այն կարող է այլ անվանում ունենալ, բայց դրանից էությունը չի փոխվում։
Այսպիսով, ըստ Ադրբեջանի ղեկավարի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Բաքվին անհրաժեշտ բոլոր հարցերը լուծվեցին այնպես, ինչպես նա էր ցանկանում:
Այս համատեքստում ի՞նչ զարգացումների սպասել, հատկապես, երբ ռուսական կողմից հայտարարել էին, որ պատրաստ են խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և ՌԴ-ի հնարավոր մասնակցության շուրջ, և, որ դրա համար կան բավարար հիմքեր, բայց Ուկրաինայի հետ պատերազմը դեռ ավարտված չէ:
Մյուս կողմից, Իրանից դժգոհել էին, որ Հարավային Կովկասին վերաբերող Թրամփի պլանը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», ուստի Իրանը դեմ է դրան, բայց այնտեղ էլ ներքաղաքական քաոս է, որը գնալով սրվում է:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:
– Ալիևի հայտարարությունն առաջին հերթին ներքին լսարանի համար է, նա հստակ ազդակ է հաղորդում իր հասարակությանը, որ «միջանցքի հարցը» փակված է, ձևակերպումները կարող են փոխվել, բովանդակությունը՝ ոչ, ըստ էության: Այս համատեքստում նրա մեկ այլ դիտարկում՝ միջազգային իրավունքի «գոյություն չունենալու» մասին, բացարձակ պատահական չէ։ Ալիևը փաստացի ձևակերպում է այն, ինչ վերջին տարիներին իրականում տեսնում ենք ողջ աշխարհում՝ միջազգային իրավունքը գործում է միայն այն դեպքում, երբ այն ապահովվում է ուժով։
«Միջանցքի» հարցը ևս պետք է դիտարկել ուժի միջոցով պարտադրված քաղաքական արդյունքի շրջանակներում։ Անվան փոփոխությունը՝ կլինի դա «միջանցք», «ճանապարհ», «տրանսպորտային հանգույց» կամ որևէ այլ փաթեթավորում, չի փոխում էությունը։ Խոսքը Հայաստանի ինքնիշխանության հաշվին ձևավորվող վերահսկելի տարածքային ռեժիմի մասին է։ Եվ այստեղ Ալիևի շեշտադրումը՝ «ինչ ուզեցինք՝ ստացանք», իրականության բավականին ճշգրիտ նկարագրություն է՝ անկախ Հայաստանի ներսում ընթացող «խաղաղության» կամ «հաղթական դիվանագիտության» քարոզչությունից։
Իսկ ի՞նչ սպասել Իրանից կամ Ռուսաստանից. կարծում եմ, խոշոր առումով, ռեգիոնալ պատկերը վերջին ամիսների ընթացքում չի փոխվել, և այդ խոշոր դերակատարներից դժվար է ինչ-որ ակտիվ գործընթացների մեջ տեսնել այս փուլում, այլ է հարցը, թե նրանց շարունակական պասիվությունն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա կամ նրա շուրջ։ Նույնիսկ ուկրաինական պատերազմի հավանական սառեցման դեպքում Ռուսաստանը երկար ժամանակ զբաղված է լինելու սեփական ռազմաքաղաքական ռեսուրսների վերականգնմամբ։ Հարավային Կովկասն այս պահին նրա համար առաջնահերթ թատերաբեմ չէ։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանը հրաժարվել է տարածաշրջանից, բայց նշանակում է, որ նա ընտրել է նվազագույն դիմադրության և ռիսկերի նվազեցման ռազմավարությունը։ Եվ այդ պասիվությունն էլ ինքնին դառնում է գործոն՝ թույլ տալով Թուրքիային, նաև Ադրբեջանին՝ առաջ տանել իրենց օրակարգը գրեթե առանց լուրջ հակազդեցության։
Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա ներքաղաքական անկայունությունը, սոցիալական լարվածությունը և արտաքին ճնշումները Թեհրանին պահում են պաշտպանողական դիրքերում։ Իրանի հնարավորությունները գործնականում սահմանափակ են։ Նրա ազդեցությունն ավելի շատ դիվանագիտական և հայտարարությունների մակարդակում է, քան իրական գործողությունների։
Այսինքն, խոշոր առումով, Բաքվի համար մեծ դաշտ է բացվել, որտեղ խոշոր դերակատարների զբաղվածությունն ու պասիվությունը համընկնում են նրա առավելագույն ակտիվության հետ։ Այդ ամենի ֆոնին Ալիևի խոսքն ուժի մասին պետք է ընկալել՝ որպես նախազգուշացում առ այն, որ աշխարհը վերադարձել է կոշտ քաղաքականության փուլ, որտեղ պաշտպանված են միայն նրանք, ովքեր ունեն ուժ, դաշինք կամ դրանց համադրություն։ Իսկ այն պետությունները, որոնք շարունակում են ապավինել միայն խոսքերին ու փաստաթղթերին, արագորեն դուրս են մղվում խաղից։
– Իսրայելը և Ադրբեջանը որքանո՞վ կարող են օգտվել Իրանում տիրող ներկա ներքաղաքական վիճակից, եթե, իհարկե, համարենք, որ տնտեսական խնդիրների և ազգային արժույթի արժեզրկման պատճառով երկրում ավելի քան 10 օր տևող բողոքի ցույցերը կարող են լուրջ զարգացումների հանգեցնել: Թեպետ իսրայելական որոշ աղբյուրներ քիչ հավանական են համարում բողոքի ցույցերի արդյունքում Իրանում ռեժիմի փոփոխությունը:
– Ինչպես արդեն նշեցի, տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի հարաբերական պասիվությունից առաջին հերթին օգտվում են մյուս դերակատարները։ Այդ իմաստով ռեգիոնում գործընթացների փոփոխություններում առանձնահատուկ դեր ունի նաև Իսրայելը, որը ներկայումս Իրանի դեմ վարում է ոչ միայն բաց ու փակ հիբրիդային պատերազմ, այլև համակարգված ռազմավարություն ունի՝ ուղղված Թեհրանի հնարավորությունների երկարաժամկետ սահմանափակմանը։ Եթե անգամ մոտ ժամանակներում նոր էսկալացիա չլինի, ներկա փուլում Թել Ավիվի համար ավելի շահավետ է Իրանի կառավարելի թուլացումը, ոչ թե անմիջական լայնամասշտաբ պատերազմը։
Այդ իսկ պատճառով Թել Ավիվն ամեն բան անում է հետախուզական և կիբեր գործողությունների ակտիվացման, տարածաշրջանային ենթակառուցվածքներում իրանական ազդեցության նվազեցման, դաշնակիցների հետ Իրանի մեկուսացման խորացման, նաև՝ Իրանի զբաղվածության օգտագործման պարագայում իր ռազմավարական նախագծերի առաջմղման ուղղությամբ։
Բաքուն էլ իր գործողությունները կառուցում է այն հաշվարկով, որ Իրանը, լինելով ներքաղաքական, սոցիալական և արտաքին ճնշումների տակ, սահմանափակ կարողություն ունի կոշտ արձագանքելու տարածաշրջանային զարգացումներին։ Ադրբեջանն օգտվում է այդ իրավիճակից՝ ուժեղացնելով իր դիրքերը Թուրքիայի և Իսրայելի հետ ռազմաքաղաքական համագործակցության միջոցով և իր օրակարգն առաջ տանելով այն պայմաններում, երբ Իրանը ստիպված է սահմանափակվել հայտարարություններով։ Եթե Իսրայելի համար Իրանի թուլացումը ռազմավարական նպատակ է, ապա Ադրբեջանի համար՝ հնարավորության պատուհան սեփական տարածաշրջանային դիրքերն ուժեղացնելու համար։
– Հայաստանի համար ի՞նչ ռիսկեր կան, եթե Իրանում իրավիճակն առավել սրվի։
– Իրանում իրավիճակի հնարավոր սրման դեպքում պետք է խոսել Հայաստանի համար ստեղծվելիք ոչ թե մեկ կոնկրետ վտանգի, այլ ամբողջական ռեգիոնալ միջավայրի փոփոխության ռիսկերի մասին։ Իրանն այսօր Հայաստանի համար ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև ռազմավարական հակակշիռ է՝ հատկապես արտատարածքային «միջանցքային» օրակարգի դեմ։ Նրա շարունակական հյուծումը նշանակում է այդ հակակշռի թուլացում, ինչից անմիջապես օգտվում են տարածաշրջանի մյուս խաղացողները՝ մեծացնելով ճնշումը Հայաստանի նկատմամբ։
Ուժային ճնշումը կարող է դառնալ ավելի բաց, ավելի կոպիտ և ավելի համակարգված։ Բացի այդ, Իրանում ցանկացած լուրջ սրում ազդում է նաև Հայաստանի հարավային սահմանների անվտանգության, լոգիստիկ ուղիների կայունության և արտաքին կապերի վրա՝ մեծացնելով մեր մեկուսացման ռիսկը։
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, այդ թվում` Գազայի հարցի, Իսրայելի հետ հարաբերությունների համատեքստում, այսինքն՝ կան հարցեր, որտեղ Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումները կամ շահերը բախվում են: Օրինակ, Ադրբեջանը մտադիր չէ զորքեր ուղարկել իր սահմաններից դուրս, այդ թվում՝ Գազա, խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար:
– Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները ներկայումս հիմնված են բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության վրա։ Կողմերի համագործակցության «ներդաշնակությունը» պայմանավորված է առաջին հերթին շահերի համընկնմամբ՝ հատկապես անվտանգության և տարածաշրջանային ազդեցության հարցերում։ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է՝ որպես իր հիմնական հենակետը Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիային դիտարկում է՝ որպես գլխավոր ռազմաքաղաքական հովանավոր։
Գազայի պատերազմի և Իսրայելի հետ հարաբերությունների համատեքստում այս դաշինքում ժամանակ առ ժամանակ, իհարկե, ի հայտ են գալիս լուռ հակասություններ։ Թուրքիան հանդես է գալիս Իսրայելի նկատմամբ կոշտ դիրքերից՝ իսլամական աշխարհում առաջնորդության հավակնությամբ, մինչդեռ Ադրբեջանը պահպանում է պրագմատիկ և զգուշավոր մոտեցում՝ չցանկանալով վտանգել Իսրայելի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը։
Թուրքիան այս փուլում հանդուրժում է այդ իրավիճակը՝ չխաթարելու ընդհանուր դաշինքը։ Ժամանակ առ ժամանակ, այդ թվում նաև՝ Նախիջևանի կամ տարբեր հարցերում ևս քաղաքական և տնտեսական բնույթի որոշ հակասություններ են առաջանում Անկարայի ու Բաքվի միջև, սակայն դրանք չեն շեղում երկու երկրներին իրենց ընդհանուր ռազմաքաղաքական նպատակներից։ Կարելի է ասել, որ այս «մոդելը» կայուն է կարճաժամկետ հեռանկարում, սակայն երկարաժամկետ ճգնաժամերի դեպքում կարող է լուրջ փորձությունների ենթարկվել։
Մարիամ Պետրոսյան
168.am
