Լուրեր
Պետք է արթուն լինել. Եսայան
19.12.2025
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պետք է արթուն լինել
Նորին Սուրբ Օծություն Տեր -Տեր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ, Մայր Տաճարում երեկոյան ժամերգության իր խոսքում ոչ մի վայրկյան չերկմտեց, չերկնչեց եւ իր հայրապետական խոսքը ուղղեց բոլորին։ Եւ այդ խոսքը միաբանության, եղբայրասիրության եւ համերաշխության մասին էր, խոսք, որը այսօր մեր ժողովրդին շատ է պետք։
Այդ խոսքում չկար երկպառակտում, ի հակադրություն չարիք նիկոլի խոսքի։
Այդ խոսքում չկար թշնամանք , ի հակադրություն տիրադավ «սրբազանների» ճամարտակությունների։
Այդ խոսքում չկար չարություն, ի հակադրություն որոշ հակահայերի։
Դա իրական հոգեւոր հոր խոսք էր։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պահվածքում չկար վախ, նա դուրս եկավ իր ժողովրդի մեջ եւ հավատացյալ ժողովրդի «Վե-հա-փառ» վանկարկումների ուղեկցությամբ, քաղաքական եւ ոչ քաղաքական մարդկանց բացած ճանապարհով ուղեւորվեց դեպի Մայր Տաճար։ Անգամ այն պահին, երբ մի քանի թափթփուկ-բերված նիկոլահպատակներ փորձեցին Տաճարի դռանը հարվածելով ներս խուժել Տաճար, անգամ այդ լարված պահին, Վեհափառը չնահանջեց,շարունակեց իր խոսքը, որպես համայն հայ ժողովրդի հոգեւոր հայր․«Փափագում ենք, որ մեզանում թագավորեն բարությունն ու գթասրտությունը, եղբայրսիրությունն ու համերաշխությունը։ Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի, և չպետք է տրվենք երկպառակության սադրանքներին։ Միավորվենք բոլորս հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու շուրջ։Պահպանենք մեր միաբանությունը, որով միայն կարող են զորավոր լինել մեր պետությունը և Եկեղեցին՝ Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին կենտրոնով։ Հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով և ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով։Հորդորում ենք խոտոր ընթացքի մեջ եղող մեր Սրբազան Հայրերին վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրական կարգաց համաձայն՝ ի սեր մեր ժողովրդի և հայրենյաց»։
Մայր Տաճարի դեմ նիկոլական ոհմակի գրոհը չստացվեց եւ, չհաջողեց, որովհետեւ հազարավոր մարդիկ ինքնակամ, ինքնաբուխ եկան ու կանգնեցին եկեղեցու, հավատի եւ Վեհափառի կողքին։ Վստահաբար, նիկոլը չի հանգստանալու, նրա սիրտը երկպառակություն եւ արյուն է սիրում։Հիշեք մարտիմեկյան նրա հայտարարությունները։ Պետք է արթուն լինել, պետք է կատարվող իրադարձությունների պահին ի պաշտպան եկեղեցու լինել ոչ թե այստեղ, սոցցանցերում, այլ՝ լինել կոնկրետ տեղում՝ Տաճարում։Միայն մեր ներկայությամբ եւ մեր մարմնով ու հոգով է հնարավոր պաշտպանել հավատը, հայրենիքը, պետությունը»։
