Լուրեր

Սուտ 42. «Թոշակները բարձրացնելու ենք»

11.12.2025

 Սկիզբը՝ այստեղ:

Սուտ, որը հերթական անգամ պայթեց ընդամենը օրեր առաջ, երբ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետը հայտարարեց՝ «63 տարեկանը ի՞նչ տարիք է, որ թոշակ ստանան, թող գնան բիզնես դնեն աշխատեն»։

Իսկ հիմա եկեք մի պահ հետ գնանք 2018 թվական։ Հանրապետության հրապարակում հերթական ականջահաճո խոստումը տրվեց՝ «Թոշակները բարձրացնելու ենք»։ Վերջին տարիներին կառավարությունը մշտապես խոստումներ է տվել թոշակների բարձրացման մասին՝ մարդկանց փոխարեն որոշելով, որ «կենսաթոշակային բարեփոխումները» բարելավում են տարեցների կյանքի որակը։

Բայց իրականությունը մերկ է եւ ցավոտ. թոշակների բարձրացումը եղել է այնքան աննշան, որ որեւէ կերպ չի փոխել կենսաթոշակառուների սոցիալական վիճակը, իսկ գնաճը մարել է նույնիսկ այն չնչին աճը, որը ներկայացվում էր որպես «պատմական ձեռքբերում»։

Թոշակները գրեթե չեն բարձրացել, իսկ գնաճն աննախադեպ է։ Թոշակների տարեկան բարձրացումները եղել են 1.000–5.000 դրամի միջակայքում։ Սա այն դեպքում, երբ վերջին տարիներին Հայաստանը տեսել է 20–40% միջին գնաճ՝ հատկապես առաջին անհրաժեշտության սննդամթերքի, դեղորայքի եւ կոմունալ ծառայությունների ոլորտներում։ Այսինքն՝ թոշակի բարձրացումը թվերի խաղ էր, ոչ թե իրական բարելավում, իսկ գնաճը անհեմամետելի է ցանկացած բարձրացման հետ։ Օրինակ՝ եթե 2018-ին մի կենսաթոշակառու 40.000 դրամով կարող էր գնել սննդի որոշակի զամբյուղ, 2024-ին նույն գումարը բավարար չէ անգամ դրա կեսին։ Սա նշանակում է, որ թոշակառուների կյանքի որակը ոչ միայն չի բարելավվել, այլ վատացել է։ Պետությունը թոշակների բարձրացման մասին խոսում է որպես նվեր, ոչ պարտականություն։ Կառավարությունը ներկայացնում է թոշակի բարձրացումը որպես «հոգատարություն» եւ «մեծ նվեր թոշակառուներին»։ Իրականում, թոշակը պարտադիր սոցիալական վճարումների արդար վերադարձն է, դա ոչ թե  «պետության շնորհք է», այլ պետության ուղիղ պարտականությունը, մարդիկ տասնամյակներով վճարել են հարկեր՝ պետությունից արժանապատիվ ծերություն ակնկալելով։ Բայց այսօր իշխանությունը այդ պարտականությունը ներկայացնում է որպես սեփական նվեր՝ մի քանի հազար դրամ ավելացմամբ։ «Բարձրացում» ասածը պարզապես հաշվարկային համակարգի փոքր շտկում է։ Շատ դեպքերում թոշակների «բարձրացումը» իրականում եղել է. հաշվարկման մեթոդի փոքր փոփոխություն, նվազագույնի վերանայում, կամ պարզապես միջին աճ՝ 1000–2000 դրամով։ Այսինքն՝ չկան համակարգային բարեփոխումներ, չկա խորքային փոփոխություն, չկա երկարաժամկետ ռազմավարություն։ Պետությունը նույնիսկ բավարար մակարդակով չի ինդեքսացնում թոշակները՝ համապատասխանեցնելով դրանք գնաճին։ Բացարձակ թվերով աճը գեղեցիկ է հնչում, բայց իրականում ծիծաղելի է։ Պաշտոնյաները հաճախ ասում են՝ «Մենք թոշակները ՀՀ պատմության մեջ ամենաշատն ենք բարձրացրել»։ Բայց չեն նշում ամենակարեւորը. մենք այն իշխանությունն ենք, որի օրոք աննախադեպ գնաճ է գրանցվել։ Ծանրագույն անարդարություն՝ աշխատող կենսաթոշակառուների նկատմամբ: Աշխատող թոշակառուների մի մասը գրեթե չի ստանում բարձրացում։ Նրանց համար տարիներով չի փոխվում ոչ համակարգը, ոչ հաշվարկը։ Իսկ եթե մարդն ուզում է եւ կարող է աշխատել՝ ինչո՞ւ պետք է պատժվի՝ չստանալով լիարժեք թոշակի բարձրացում։ Սա ցույց է տալիս, որ համակարգը ոչ միայն թերի է, այլեւ հակասոցիալական։ Մինչ կառավարությունը բարձրաձայնում է «բարձրացումների» մասին՝ նվազագույն թոշակը դեռ չի հասնում անգամ կենսամակարդակի նվազագույն զամբյուղին։ Այսօր նվազագույն թոշակը բավարար չէ, որպեսզի քաղաքացին ամբողջությամբ վճարի  կոմունալների,  դեղորայքի, սննդի նվազագույն զամբյուղի, տրանսպորտի կամ մինիմալ կարիքները հոգալու համար։ Այսինքն՝ թոշակը չի ապահովում գոյատեւում։ Տարեցների կյանքի որակը շարունակում է լինել աղետալի։ Կենսաթոշակառուներն այսօր հաճախ կանգնած են ընտրության առաջ. ուտե՞լ, դեղ գնե՞լ, թե՞ կոմունալ վճարել։ Եվ աա այն երկրում, որտեղ իշխանությունը պնդում է՝ «թոշակները պատմականորեն բարձրացել են»։ Բազմաթիվ տարեցներ ունեն քրոնիկ հիվանդություններ, որոնց բուժման համար պետությունը գրեթե աջակցություն չի տրամադրում։ Տարեցները շարունակում են մնալ Հայաստանի ամենախոցելի խավերից մեկը։ Թոշակների բարձրացման մասին խոստումը իրականում սուտ է։ Թոշակների բարձրացումը եղել է. թվային ցուցադրություն, քաղաքական գովազդ, մանիպուլյացիա եւ ոչ մի կերպ տարեցների կյանքի բարելավում չի ապահովվել։ Գնաճի պայմաններում իրական բարձրացում չի եղել։ Այսօր տարեցների կյանքի որակն ավելի վատ է, քան երբեւէ։ Սա հերթական սուտն էր, որով իշխանությունը փորձում է ազդեցություն ուենալ ամենախոցելի խավի վրա՝ առանց իրական բարեփոխումների։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

aravot.am


 

← Վերադառնալ ցուցակին