Լուրեր

Սուտ 39. «Գները կնվազեն ՀՀ-ում»

06.12.2025

 Սկիզբը՝ այստեղ:

Հերթական սուտը, որն ականջահաճո էր բոլորին, բայց փշրվեց շատ կարճ ժամանակ անց։ Թվում էր, թե 2018-ին իշխանության եկած ուժը ամենաթեժ խոստումներից էր տալիս՝ «գները կնվազեն», «մենք կկանգնեցնենք մոնոպոլիաների ագահությունը», «մարդիկ կսկսեն ապրել ավելի լավ»։ Սակայն տարիներ անց քաղաքացին ապրում է դառը իրականության մեջ. նույնիսկ ամենահասարակ եւ ամենաօրինաչափ ապրանքներն են դարձել շքեղություն։ Այս սուտը ոչ միայն անուղղակի խաբեություն էր, այլ տնտեսական, սոցիալական եւ ժողովրդավարական պարտության խորհրդանիշ։

Գնաճ՝ աննախադեպ մակարդակներով։ Հայաստանում գրեթե բոլոր կատեգորիաների գներն աճել են՝ կրկնակի, երբեմն՝ եռակի կամ քառակի։ Ընդ որում՝ ոչ միայն շքեղ ապրանքների, այլ ամենօրյա գոյատեւման համար անհրաժեշտ ապրանքները պատմական գնաճ են գրանցում. հաց, բանջարեղեն, միս, ձեթ, կաթնամթերք, դեղորայք, վարձակալության գներ, կոմունալներ, տրանսպորտ։ Իշխանության ներկայացուցիչները հաճախ կրկնում էին, թե «աշխարհում է գնաճ», բայց այլ երկրներում կառավարությունները գոնե միջոցներ են ձեռնարկել՝ սուբսիդիաներ, հարկային նվազեցումներ, գների վերահսկողություն, սոցիալական փաթեթներ։ Այս ֆոնին Հայաստանում ընդամենը անգործություն է։ Երբեմնի ընդդիմադիրները, ովքեր «կռվում էին» թանկացման դեմ, իրենք դարձան թանկացնողներ։ Օրինակներից միայն մեկը՝ տրանսպորտը։ Այն ուժերը, որոնք ժամանակին հսկայական ակցիաներ էին կազմակերպում՝ բողոքելով 50 դրամի ավելացման դեմ («100 դրամի պայքար»), հենց իրենք այսօր բարձրացրել են երթուղայինների, ավտոբուսների եւ մետրոյի գները, ավելացրել են տաքսիների սակագները՝ հարկային ճնշումների պատճառով։ Այսօր մարդիկ, ովքեր ապրում են նվազագույն աշխատավարձով, անգամ իրավունք չունեն բողոքել։ Համակարգը պարզապես ճնշում է քաղաքացիներին՝ թանկությամբ, տուգանքով, հարկով, պարտադրանքով։ Սննդի շուկան դարձել է ամենաթռիչքային ոլորտներից։ Մարդիկ տեսնում են ամեն օր խանութ մտնելիս, տեսնում են, որ  ձեթի, շաքարավազի, մսի գները բարձրացել են, կարտոֆիլն անգամ դարձել է «թանկության խորհրդանիշ»։ Սա ոչ թե բնական գործընթաց է, այլ՝ կառավարության տնտեսական քաղաքականության տապալում։ Մոնոպոլիան ոչնչացավ միայն խոսքերով։ Իրականում՝ մատակարարների թիվը նվազեց, շուկայում մրցակցությունը նվազեց։ Կենցաղային ապրանքներն ու ծառայությունները նույն սցենարով են զարգանում։ Կենցաղային ապրանքների գները Հայաստանում աճել են աննախադեպ տեմպով. շինանյութ, հագուստ, կոմունալներ։ ՀԷՑ-ի պետականացման առաջին իսկ վայրկյանից հայտարարվեց, որ էլեկրաէներգիան թանկանալու է։ Իսկ 2018-ին իշխանությունը հայտարարում էր՝ «գները կնվազեն»։ Իրականում նույնիսկ հարկերը, տուգանքներն ու սակագները միայն բարձրացվել են։ Աշխատավարձը չի հասցնում գնաճին։ Թեեւ իշխանությունը պնդում է, թե «շատերի աշխատավարձերը բարձրացել են», իրականում աշխատավարձի բարձրացումը եղել է 10–15%, մինչդեռ գնաճը եղել է 40–70%, երբեմն ավելի։ Այսինքն՝ քաղաքացիների պրակտիկ աղքատությունը խորացել է։ Մարդկանց կյանքը ավելի է թանկացել՝ համեմատած  5–6 տարի առաջվա հետ։ «Գները կնվազեն» խոստումը դարձել է ՀՀ վարչակարգի ամենանշանակալից խաբեություններից մեկը, որովհետեւ գներն աճում են աննախադեպ տեմպերով, մարդիկ աղքատացել են, իսկ իշխանությունը փորձում է դա արդարացնել «աշխարհում է այդպես» արտահայտությամբ։ Բայց իրականությունն այլ է. սիրելի ընթերցո՛ղ, արի խոստովանենք՝ Հայաստանում գնաճը սարսափելի է, եւ դրա հիմնական պատճառն անպատասխանատու կառավարումն է։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ  

ՀՀԿ խորհրդի անդամ

aravot.am
 

← Վերադառնալ ցուցակին