Լուրեր
Սա վկայում է, որ թիրախում միայն Վեհափառին գահից հրաժարական պարտադրելու հարցը չէ․ Հովասափյան
04.12.2025
ՀՀԿ խորհրդի անդամ Արևմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հետևելով Նիկոլ Փաշինյանի քայլերի ու գործողությունների հաջորդականությանը՝ հստակ երևում է, որ նա խճճվել է հակաեկեղեցիական իր դեմարշի մեջ։
Ասեմ ավելին՝ նա հաճախ հայտնվում է այնպիսի իրավիճակներում, երբ, հասկանալով, որ փակուղում է, իրեն բնորոշ ցինիզմով սկսում է թեման շեղել, ճղճղալ և հերթական «կռուտիտը» անել (ասվածի վառ օրինակն էր երեկվա Գրիգորյան Աննայի հարցադրումը, որից բառացիորեն թռավ)։ Կամ էլ ամեն ինչ անում է, որպեսզի թեման աստիճանաբար դուրս գա օրակարգից, մարդիկ մոռանան դրա մասին։
Մասնավորապես՝ մոտ մեկ ամիս է, ինչ Նիկոլն ու իր պլեադան մոռացության են մատնել «Կաթողիկոսի կուսակրոնության» և «աղջիկ ունենալու» մասին ամիսներով անընդհատ թմբկահարվող հարցը։ Պատճառը պարզ է․ թեզը շատ արագ սպառվեց, այլևս չէր ստեղծում սպասվող աղմուկը և միաժամանակ առաջացրեց հասարակական հակազդեցություն․ մարդիկ զուտ տեսան, որ թեման արհեստական է, ու բացահայտ սկսեցին քննադատել իշխանությանը։ Սա էլ հենց ստիպեց իշխանությանը աննկատ դուրս բերել այն քարոզչական դաշտից։
Սա վկայում է, որ թիրախում միայն Վեհափառին գահից հրաժարական պարտադրելու հարցը չէ, այլ՝ Հայ Առաքելական Եկեղեցին ամբողջությամբ գլխիվայր շուռ տալը, հիմնահատակ քանդելը։ Ավելին՝ Նիկոլն ու մյուսները ստորաբար հայտարարում էին, թե «Կաթողիկոսը դուստր ունի», միաժամանակ նկատի ունենալով Հայրապետի եղբոր դստերը, որի լուսանկարները ֆեյքերով ոգևորված տարածում էին՝ դաշտում վակխանալիա ստեղծելով։
Այս թեզը օրակարգից հանելուն զուգահեռ արդեն մի քանի շաբաթ է, ինչ անընդհատ տիրաժավորվում է նոր մեղադրանք՝ թե «Վեհափառը КГБ-ի գործակալ է»։ Սա այն դեպքում, երբ իրենք յոթ տարուց ավելի է՝ բարձրաձայնում են ինչ-որ կոնսպիրոլոգիկ «գործակալների» մասին, բայց, տարօրինակորեն, ԱԱԾ-ն դեռևս ոչ մեկի չի «բռնել»։
Ի դեպ՝ անդրադառնամ մի կարևոր հանգամանքի, որի մասին քչերը գիտեն․ «Կանոնագիրք Հայոց»-ում Կաթողիկոսի՝ կոնկրետ Հայրապետի, կուսակրոնության ուխտին առնչվող որևէ կարգավորում, դրույթ կամ կետ ընդհանրապես գոյություն չունի»։
