Լուրեր
Սուտ 31. «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»
26.11.2025
Սկիզբը՝ այստեղ:
Վերջին տարիներին ամենաշատ կրկնված խոստումներից մեկն այն էր, որ «քաղաքացին այլեւս տուգանքի մատերիալ չէ», որ նոր իշխանությունը չի թալանելու քաղաքացիներին տուգանքներով, եւ որ բյուջեն երբեք չի լցվելու մարդկանց գրպանների հաշվին։
Սակայն հենց այս խոստումն էլ դարձավ ամենաբացահայտ եւ ամենօրյա սուտը։ Որովհետեւ այն, ինչ եղավ իրականում, կիլոմետրերով հեռու է գեղեցիկ խոստումից. քաղաքացին դարձավ պետական գանձապահարանի հիմնական «հումքը»։ Եթե քաղաքացին տուգանքի մատերիալ չէր՝ բա ինչո՞ւ կարմիր գծերը չհանվեցին, այլ 10-13 անգամ թանկացրին։ 2018–ին հեղափոխական ամբիոններից հայտարարում էին, որ. կարմիր գծերը «կվերանան», դրանց թիվը «կկրճատվի», համակարգը կդառնա «մարդակենտրոն»։ Իսկ ի՞նչ եղավ իրականում։ Կարմիր գծերը չհանվեցին, եւ ոչ միայն չհանվեցին, այլ նույնիսկ չնվազեցին։ Ուղղակի տեղերն ու գոտիները փոխվեցին, իսկ արժեքը դարձավ 12000 դրամից 160000 դրամ։
Պաշտոնական տվյալներով՝ կարմիր գծերով հավաքագրվող գումարները աճեցին մի քանի անգամ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք քաղաքացին դարձավ փող հավաքելու գործիք։ Տուգանքները դարձան բյուջեի «երջանկության» աղբյուրը։ Եթե հեղափոխությունից առաջ կարմիր գծերը քննադատվում էին որպես «օլիգարխիկ բիզնես», ապա այժմ դա դարձավ պետական բիզնես. նպատակը մեկն է. հնարավորինս շատ գումար կորզել քաղաքացիներից։ Այս ամենը մի շարք հարցեր են առաջացնում։ Եթե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բա կարմիր գծերի բիզնեսն ինչո՞ւ ամրապնդվեց։ Ինչո՞ւ ավելացան նոր տուգանքներ. բյուջեն լցնելու ամենաարագ ճանապարհը արդյո՞ք քաղաքացու գրպանները դատարկելն է, պարոն «ազնիվ, թավշյա, ժողովրդավար» վարչապետ։ Վերջին տարիներին Հայաստանում ավելացան տասնյակ նոր տուգանքներ, որոնք հաճախ աբսուրդի են հասնում։ Սրճարաններում աղը սեղանին դնելու համար, սպասքի դասավորման «խախտումների» համար, դիմակի չկրելու տուգանքները (պանդեմիայի ընթացքում), տեսախցիկների կտրուկ ավելացումները, ավտոմեքենայի աննշան տեխնիկական խնդիրների չբավարարման դեպքում ավելացված տուգանքները եւ այլն։ Ոստիկանությունը եւ քաղաքապետարանը սկսեցին գործել ոչ թե որպես ծառայող կառույցներ, այլ որպես տուգանք հավաքող բյուրո։ Հաճախ քաղաքացիները նույնիսկ չգիտեն, թե ինչի համար են տուգանվել։ Չկա բացատրություն, չկա տրամաբանություն, կա միայն՝ տուգանք, որը պետք է վճարվի, հակառակ դեպքում կկրկնապատկվի, կեռապատկվի… Այս ամենը մի բան է ցույց տալիս. պետությունը քաղաքացիներին սկսեց դիտել ոչ թե որպես հանրության անդամների, այլ որպես բյուջե համալրող գրպաններ։ «Սա կարգապահություն է, ոչ թե տուգանային քաղաքականություն»: Սա իշխանությունների սիրելի արդարացումն էր։ Բայց իրականությունը լրիվ հակառակն է։ Երբ քաղաքացին վախենում է տանից դուրս գալ՝ նոր տուգանքի չարժանանալու համար, երբ ռեստորաններում վախենում են ավելորդ աղաման դնել սեղանին, երբ վարորդը վախենում է մեկ րոպե մեքենայից հեռանալ, դա կարգապահություն չէ։ Դա ճնշում է։ Դա ֆինանսական բռնություն է։ Այս ամենը ցույց է տալիս, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» արտահայտությունը հերթականներից էր, որը մնաց Հանրապետության հրապարակի մեծ բեմի վրա, իբրեւ հեղափոխական թիրախային «խոստում»։ Հռետորաբանությունը մի կողմում է, իրականությունը՝ մյուսում։ «Սա այլեւս նոր Հայաստանը չէ։ Մենք ձեզ չենք տուգանի, չենք օգտագործի վարչական համակարգը փող գանձելու համար»։ Ծանոթ խոսքեր են, չէ՞։ Շատերդ եք, չէ՞, ոգեշնչվել այդ խոսքերից։ Տուգանքների ծավալն աճեց ռեկորդային թվերով։ Կարմիր գծերը դարձան ավելի շահութաբեր, քան երբեւէ։ Քաղաքացիների գրպանից դուրս եկող գումարները դարձան պետական բյուջեի «անհուն երազանք»։ Արդյունքում, քաղաքացին սկսեց իրեն զգալ ոչ թե պետության գործընկեր, այլ՝ բյուջեի մշտական բռնագանձվող։ Սուտ էր, որ նոր իշխանությունը գալիս էր քաղաքացիներին «ապահովելու» եւ «չթալանելու» խոստումով։ Իրականությունն այն է, որ վերջին տարիներին քաղաքացին դարձավ ամենահեշտ շահագործվող ռեսուրսը։ «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», ոչ թե Փաշինյանի իրականացրած խոստումն է, այլ հերթական քաղաքական լոզունգը, որը ի չիք դարձավ Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ վայրկյանից։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
aravot.am
