Լուրեր

Ամենակարեւորում դեռ պարտվում ենք. Եսայան

24.11.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Ամենակարեւորում  դեռ պարտվում ենք
 
Վերջին օրերին շարունակ կարդում եմ  այն մասին, որ մենք մեր ժողովրդին չենք ճանաչել, որ շատ  բարձր կարծիք ենք ունեցել մեր հասարակության մասին,  երբեք չենք մտածել,  որ  մեր ժողովուրդը,  նրա գրագետ, կիրթ,  էլիտա, կամ կուզեք՝ մտավորականություն կոչվող հատվածում կարող են գտնվել  շերտեր, որ  կկորցնեն իրատեսությունը,   չեն կարողանա գնահատել իրական վտանգները,  սթափ  չեն կարողանա գնահատել այն մեծ ողբերգությունը, որի մեջ  հայտնվել է հենց ինքը՝ հայ ժողվուրդը, մենք՝ բոլորս։ 
 
Ներքին ընդվզում ունեմ, չեմ ուզում համաձայնել այս իրականությանը, այո, իրականոությանը, քանզի ինքս էլ ապշահար եմ, ինքս էլ  չեմ կարողանում ընկալել, թե էդ ոնց  եղավ, երբ եղավ, ումով եղավ, որ  հայը կորցրեց իր հայկականությունը, հայը կորցրեց իր  պատմական հիշողությունը, չեմ կարողանում ընկալել, թե էդ ոնց է լինում, որ   հոգեւոր  լրջագույն կրթություն ստացած, հայոց պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, աշխարհի պատմությունը ճեմարաններում,  համալսարաններում սերտած, գրագետ, կիրթ  հոգեւորականները, գիտնականները, մանկավարժները,   այլք, այսքան  կուրացան, մտոք եւ   աչոք, ոնց դարձան այնքան  դյուրահավատ,  որ հավատացին չարին, հայի թշնամուն, հանուն ի՞նչի, հանուն՝ ո՞ւմ։ Ի՞նչ խոստացան նրանց այս ազգակործանները, մի՞թե դա  ավելի թանկ էր սրանց համար, ավելի արժեքավոր, քան իրենց իսկ ապրած 50-60-40 տարիների կյանքը, իրենց իսկ սերտած եւ իրենց իսկ դասավանդած դասերը։   Էդ ի՞նչն  է, որ օրինակ Մասյաց թեմի առաջորդի համար  ավելի թանկ է, քան իր իսկ  տարիների մեջ ապրածը, սովորածը,  քարոզածը։  Էդ ի՞նչն է օրինակ,  զինվորական բարձր ռանգի հրամանատարների համար ավելի թանկ, քան իրենց իսկ տարիների ձեռքբերումները, հաղթանակները, հպարտությունը։
 
Կամ, էդ ի՞նչն է  մանկավարժների համար ավելի թանկ, քան իրենց կյանքի ընթացքը,  իրենց աշակերտներին տարիներ շարունակ տված հայեցի, հայկական,  դասերը, կրթությունը։  Էդ ի՞նչն  է, հանուն ի՞նչի են  մարդիկ դարձել այսքան  այսպիսին։ 
 
Էդ ի՞նչն է, որ  դրանց դարձրեց  «պետական ծառայող»  եւ տարավ դրեց  մարզահամերգայինի դահլիճում եւ  հորդորեց  հիացմունքով ծափահարել չարին, ազգակործանին, հայիլ-մայիլ լինել դավաճան,- կապիտուլյանտի տափակ,  սին մտքերից։ Կասեք՝ փո՞ղը, գուցե, բայց էդ նույները նախկինների ժամանակ եւս չփլախ չէին, հա, գուցե եւ մտքով ու հոգով էին մերկ, բայց չէինք տեսնում։Կասեք՝ պա՞շտոնը, գուցե, բայց ա՞րդյոք պաշտոնը ավելին է, քան հայի հայրենիքը։Կասեք՝ վա՞խը, թերեւս, բայց վախով ապրելը  անպաշտոն մնալուց  ավելի  վատ է։  Երբ մի անգրագետ, անատամ, անլվա  բիձա է դրա  արեւով երդվում, չեմ զարմանում, իր նմանին է տեսնում, բայց երբ գրագետ, կյանք տեսածն է գնում-նստում դրա դիմաց եւ հոգեխանգարմունքի մեջ ծափահարում, ես խելագարվում եմ։
 
 Իրականում, եկեք խոստովանենք՝ ամենակարեւոր հարցերում մենք դեռ շարունակում ենք պարտվել,  հոգեւոր-ազգային-մարդկային դրական  արժեքներում մենք տանուլ ենք տվել, մենք  պարտվել ենք հիմնականում՝ կորցրել ենք հայի ոգին, կորցրել ենք հայի տեսակը,  եւ այս կորուստները դեռ շարունակվում են»։ 

← Վերադառնալ ցուցակին