Լուրեր

«Անվտանգության քաղաքականությունը չի կարող ներկայացվել թեթև, ցուցադրական մեթոդներով. շոուներով պետություն չեն կառուցում»

22.11.2025

 «Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան էլ իշխանությունները փորձեն ցույց տալ, որ մեր հասարակության համար առավել կարևոր է դպրոց-մանկապարտեզի շինարարությունն ու ասֆալտը, անգամ առօրյա զրույցները վկայում են այն մասին, որ մարդկանց մտահոգում է անվտանգության հարցը։ Անգամ խաղաղության հաստատման մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները չեն հուսադրում, որովհետև բավական է Ադրբեջանի նախագահի մեկ հայտարարություն, և պարզ է դառնում, որ նրանց պատկերացրած «խաղաղությունն» այլ տեսք ունի։ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ անվտանգությունն ու սպառազինության ձեռքբերումն իրենց համար առաջնային հարցերից է։ Օրերս պետական պարտքի մասին հարցերին ի պատասխան՝ նա ասել էր, թե այդ գումարով զենք են գնել։ Հետո սոցիալական ցանցի իր էջում ցուցադրել էր ռոբոտ-շնիկի՝ որպես զինվորների նոր ընկերոջ։

 

Հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն ասում է՝ նախ և առաջ ռազմական գնումների մասին պարզապես բանավոր հայտարարություններով պատկերացում կազմել հնարավոր չէ։ «Զինված ուժերի բյուջեի, սպառազինությունների ձեռքբերման, մատակարարման ծավալների մասին մեր հասարակությունը ոչ մի կոնկրետ տվյալ չի ստանում։ Չկա ոչ մի հրապարակված պայմանագիր, թիվ, համեմատություն, ժամանակացույց կամ հաշվետվություն։ Իսկ եթե անգամ փորձենք պաշտոնական հարցումով պարզել այդ տեղեկությունը, պատասխանը կանխատեսելի է լինելու՝ «հույժ գաղտնի է»։ Այս իրավիճակում Փաշինյանի հայտարարությունները զուտ օդում հնչեցրած խոսքեր են՝ առանց որևէ փաստաթղթային կամ թվային հիմքի, ինչը հենց մանիպուլ յացիայի դասական մեխանիզմն է։ Ռոբոտ-շնիկի մասին ներկայացված տեսանյութն էլ այդ շարքի հաջորդ փիառ դրվագն է։ Այն, որ տեխնոլոգիական լուծումներն ինքնին կարևոր են, դա լավ է, սակայն դրանց արդյունավետության, նպատակահարմարության ու կիրառելիության մասին խոսելու համար նախ պետք է տեսնել դրանց գործնական փորձարկումները, թե դրանք ինչպե՞ս են աշխատում իրական դիրքերում, ի՞նչ խնդիր են լուծում, ի՞նչ արդյունավետություն ունեն ավանդական միջոցների համեմատ, արդյոք հարմարվա՞ծ են մեր բանակի իրական պայմաններին։ Այս բոլոր հարցերը մնում են անպատասխան, և տեխնոլոգիայի մասին ներկայացված տեսանյութը վերածվում է ոչ թե ռազմավարական ձեռքբերման, այլ հերթական շոուի, որը պետք է ստեղծի պատկեր, թե իբր բանակում կատարվում է «նորարարական թռիչք»։ Ըստ էության, պետական պարտքի ու բանակի թեմաներով Փաշինյանի ներկայացրածը ոչ թե փաստերի վրա հիմնված հաշվետվություն է, այլ՝ հերթական մանիպուլ յացիա, որտեղ կան միայն ուշադրություն շեղելու փորձերի, կադրերի ու խոսքերի հաջորդական դրվագներ՝ առանց որևէ լուրջ բովանդակության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր խումբ կազմել ու գնալ, տեսնել, թե ինչ է արել պետությունը անվտանգության առումով։ «Այդ խոսույթը ոնց որ պատերազմի օրերի հայտնի դրվագների կրկնությունը լինի, երբ նա քաղաքացիներին կոչ էր անում տներից «կասկա ու բռոնեժիլետ» հավաքել ու գնալ դեպի դիրքեր։

Դա ոչ միայն անլրջություն է պետության ղեկավարի մակարդակում, այլ նաև բացահայտում է նրա ու իր թիմի իրական պատկերացումները անվտանգության համակարգի վերաբերյալ։ Փաստացի, Փաշինյանի պատկերացմամբ,՝ անվտանգությունը ոչ թե խորքային, բազմանշանակ, համակարգային գործընթաց է, այլ մի բան, որը կարելի է ներկայացնել զբոսաշրջային մեթոդով՝ հավաքել մարդկանց, կազմակերպել ցուցադրական շրջայցեր, «էքսկուրսիաներ» և արտաքին տպավորություն ստեղծել, թե ինչ-որ բան է արվել։ Զուտ քաղաքականության փոխարեն փիառով են զբաղված։

Նորից եմ կրկնում՝ անվտանգության քաղաքականությունը չի կարող ներկայացվել նմանատիպ թեթև, ցուցադրական մեթոդներով։ Այն պահանջում է լուրջ ռազմավարություն, պրոֆեսիոնալ կառույցներ, հստակ հաշվետվություններ, երկարաժամկետ ծրագրեր, իրական արդյունքներ և այլն։ Շոուներով ու PR-ով պետություն չեն կառուցում»,-նշում է մեր զրուցակիցը։

Երբեմն պարզ մանիպուլ յացիայի տպավորություն է ստեղծում նաև Փաշինյանի՝ Արծվաշենը վերադարձնելու հայտարարությունը, որն, իհարկե, ունի նաև էմոցիոնալ ֆոն։ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո այսօր թշնամու հսկողության ներքո են գտնվում Հայաստանի սուվերեն տարածքները։ Սահմանազատման ու սահմանագծման գործընթացի՝ մինչ այժմ տեղի ունեցած որևէ փուլում դրանց մասին Փաշինյանը գրեթե չի խոսում, բայց ասում է՝ վերադարձնելու է Արծվաշենը, իսկ եթե խոսք լինի տարածքների փոխանակման մասին, ապա առանց Հայաստանի քաղաքացիների համաձայնության, դա չի կարող տեղի ունենալ։ «Փաշինյանի հերթական պոպուլիստական հայտարարությունն է։ Լավ, իսկ ո՞ւր էին այդ քաղաքացիները, երբ որոշվում էր Արցախի ճակատագիրը։ Ո՞վ էր մասնակցում Հայաստանի տարբեր հատվածների տարածքային զիջումների որոշմանը։ Ո՞ր հանրաքվեն, հանրային քննարկումը կամ խորհրդարանական վերահսկողությունը եղավ, երբ տեղի ունեցան Գորիս-Կապան ճանապարհի, Սև լճի, Ջերմուկի ուղղությունների, Սոթք-Վերին Շորժա հատվածների կորուստները։ Ոչ ոք։ Ո՛չ մի հանրաքվե, ո՛չ մի համաժողովրդական որոշում։ Ի վերջո, հենց Փաշինյանն էր բոլոր որոշումները կայացնում՝ առանց խորհրդարանի, առանց մասնագիտական գնահատականների, առանց հասարակական վերահսկողության, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում սահմանազատման գործընթացում, նույնպես խոսուն է։ Ադրբեջանը ընտրովի մոտեցում է կիրառում՝ սահմանազատում իրականացնելով բացառապես այն հատվածներում, որոնք ձեռնտու են իրեն, և լիովին անտեսելով այն տարածքները, որտեղ ինքը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք։ Այս պայմաններում Արծվաշենի թեման, որքան էլ պատմական ու զգացմունքային հնչողություն ունենա, չի կարող դիտվել որպես իրական քաղաքական առաջնահերթություն։ Եթե իսկապես պետք է խոսել սահմանազատման, սահմանագծման և տարածքային ամբողջականության վերականգնման մասին, ապա առաջին հերթին պետք է վերացվեն հենց Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիաները։ Հայաստանի քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, գյուղերի բնականոն կյանքը, ճանապարհների բաց լինելն այսօր ավելի առաջնահերթ խնդիրներ են»,-հավելում է նա։

Իսկ զրույցի վերջում՝ Արցախի մասին։ Այս թեման փակել փորձող իշխանություններին անընդհատ հիշեցնում են Արցախի մասին՝ լինեն ընդդիմադիր գործիչները, թե քաղաքացիները։ Փաշինյանը և նրա թիմակիցները շարունակում են սուր արձագանքել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, բանակցային գործընթացի, արցախահայերի՝ իրենց բնօրրանից բռնի տեղահանման հարցերին։ «Իշխանությունը փորձում է Արցախի թեման հայտարարություններով «փակված» ներկայացնել, բայց իրականում հենց իրենց արձագանքներն են ցույց տալիս, որ այդ թեման նրանց համար ամենևին էլ փակված չէ։ Ընդհակառակը՝ այն շարունակում է մնալ իրենց ամենացավոտ, ամենախոցելի և ամենավախեցնող թեման։ Եթե Փաշինյանն իսկապես համարեր, որ «լուծել է» Արցախի հարցը, ապա Արցախի մասին ցանկացած հիշեցում այդպիսի սուր, նյարդային, երբեմն անգամ հիստերիկ արձագանք չէր առաջացնի։ Այդպիսի արձագանքը բնական է միայն այն դեպքում, երբ իշխանությունն ինքը գիտի, որ հարցը իրականում լուծված չէ, այլ պարզապես իրենց կողմից «հանձնված» է, և այդ հանձնումը կրում է ծանր քաղաքական, պատմական ու բարոյական պատասխանատվություն։ Արցախի անունն անգամ լսելը նրանց մոտ առաջացնում է պաշտպանական ռեակցիա, որովհետև նրանք շատ լավ գիտեն, որ հարցը չլուծվեց, այլ պարզապես սառեցվեց սեփական հանցավորության արդյունքում։ Այս պատճառով էլ Արցախի թեմայի ցանկացած հիշեցում իշխանությունն ընկալում է որպես մեղադրանք։ Նրանք գիտեն, որ պատմության առաջ կան հարցեր, որոնք փորձում են «փակել» հայտարարություններով, բայց չի ստացվում»,-եզրափակում է Շիրազ Խաչատրյանը։

past.am

← Վերադառնալ ցուցակին