Լուրեր

Հայրենիքը փրկելու ճանապարհներ կան, ձեւերն են տարբեր․ Եսայան

14.11.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հայաստանում սահուն քայլերով արմատանում է բռնապետությունը, եւ դա արվում է աշխարհի աչքի առաջ, այսպես հորջորջվող համաշխարհային  <դեմոկրատական>  կենտրոնների  լուռ համաձայնությամբ։ Ու ես, որ տարիներ շարունակ լուսաբանել եմ ՀՀ գրեթե բոլոր իշխանությունների եւ ընդդիմությունների  աշխատանքը, տեսել, զննել, իմացել եմ գրեթե ամեն ինչ՝ ներսից,գրել եմ  յուրաքանչյուր քաղաքական ուժի քայլերի մասին,  լավի ու վատի մասին, հարցազրույցներ եմ արել նաեւ եվրոպական երկրների տարբեր  գործիչների հետ, այսօր թեւաթափ եմ, հիասթափված եւ  ջղային։
Մի՞թե  այսքան  հմուտ կարողացել են այդ միջազգային կոչվող կառույցները մեզ խաբել,  նոր-նոր ձեւավորվող մեր անկախ պետականությանը այդպես ֆռռացնել, մի՞թե կարողացել են մեր երկիրը շուրջ 25 տարի/մինչեւ չարաբաստիկ 2018-ը/ պահել մոնիտորինգի տակ,  զննել խոշորացույցով, եւ, կարողացել են մեզ համոզել, թե իրենք մեզանից լավն են եւ մենք պարտավոր ենք գնալ իրենց գծած ուղիով։ 
Ես հիշում եմ տարբեր տարիների արտգործնախարարների, նախագահների,  նախարարների, լրատվականների ղեկավարների ընդգծված  դրական, հարգալից  վերաբերմունքը եւ ԵԽ-ի  եւ ԵԽԽՎ-ի,եւ ԵԱՀԿ-ի եւ  ֆրանկոֆոն աշխարհի ներկայացուցիչների  նկատմամբ։ Մենք տարիներ շարունակ ջանք չենք գործադրել, եվրոպաներին էլ, արեւմուտքներին էլ ապացուցել, որ արժանի ենք եվրոպական, միջազգային, համաշխարհային   դեմոկրատ ազգերի եւ պետությունների կողքին կանգնելու՝ հավասարը-հավասարի պես։
 Հիմա ամոթով եմ հիշում, բայց կասեմ, /ինչպես իմ վաղամեռիկ ընկեր Այդինը կասեր՝ կասեմ ու կազատեմ հոգին իմ/, անգամ ես,<մերժվածս>, 2018-ի  մայիսին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության Եվրոպական երկրների պառլամենտների  սեկցիաների նախագահների հերթական նիստում ելույթ ունեցա եւ ասացի, ահա, Հայաստանը որքան դեմոկրատ է, լսեց ժողովրդի ձայնը եւ  տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ, խաղաղ-անարյուն։ Հիմա  տարիների հեռվից ամաչում եմ իմ այդ ելույթի համար։
Վերադառալով այսօրվան․
-  այսօր ՀՀ-ում աննախադեպ թվով քաղբանտարկյալ կա, մարդիկ իրենց կարծիքի, սկզբունքի  ընդդիմադիր դիրքորոշման համար տարիներով, ամիսներով փակված են եւ՝ ոչ մի ծպտուն նույն այդ <դեմոկրատներից։ 
-այսօր Բաքվի դատարանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավերներին ցմահ դատապարտեց , ընդ-ում նրանցից շատերի հետ դուք, եվրոպացիներդ, տարիներ շարունակ շփվել եք, համագործակցել, խոսել եք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից,Արցախի հարցում ուժի կիրառումը բացառելուց, իսկ դուք  համր եք, եւ խուլ։ 
-այսօր մեր երկրում  հանցավորությունը աննախադեպ աճել է եւ ոչ մի  ձայն նույն այդ <դեմոկրատներից>
-այսօր ՀՀ-ից մարդու իրավունք ասված նորը իսպառ  չքվել է եւ այդ human rights-ներից ոչ մի արձագանք։
-այսօր ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ բռնություններ, լրագրողների հանդեպ իշխանականների կողմից գռեհիկ պահվածք՝  ձայն-ծպտուն չկա։  
-այսօր կրկին Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով փակեցին։Ու՝ ոչ մի ձայն, էն հայտնի կենդանու ականջում երեւի ննջում են։
Ննջեք խաղաղությամբ, բայց մինչ այդ իմացեք,  ես ձեզ  այլեւս  չեմ հավատում, իմ երբեմնի հավատի եւ նվիրվածության համար ամաչում եմ, իմացեք, որ դուք իմ երկրի, նաեւ՝  աշխարհի , ու հենց ձեր տների հերն անիծում եք հենց ձեր democracy -ով։
Դե, ուրեմն,  ննջեք խաղաղությամբ։
Հայրենիքը փրկելու ճանապարհներ կան, ձեւերն են տարբեր, մերը՝ օրինական ճանապարհն է, եւ մենք էլ մեր ձեւով ենք պարտավոր հաստատել իրական ժողովրդավարություն, պարտավոր ենք ապացուցել, որ   մեր երկրի, մեր հայրենիքի տերը մենք ենք»։

← Վերադառնալ ցուցակին