Լուրեր
Սուտ 19. «Մենք պաշտպանում ենք խոսքի ազատությունը»
08.11.2025
Խոսքի ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմքն է։ Այն չափանիշ է, որով որոշվում է պետության առողջությունը։ Բայց խոսքի ազատությունը երբեք չի սահմանափակվում օրենքներով. այն չափվում է վստահությամբ՝ որքան մարդն է ազատ իր մտքի մեջ, եւ որքան հասարակությունն է պատրաստ լսելու հակառակ կարծիքը։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հայտարարեց, որ իրենք գալիս են իշխանության այն գաղափարով, որ ՀՀ-ն ունի 3 միլիոն վարչապետ եւ որ յուրաքանչյուր «վարչապետի» խոսք պետք է լինի լսելի, ազատ ու չսահմանափակվի։ Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Վերջին տարիներին մեր երկրում այս ազատությունը սկսեց աստիճանաբար դառնալ ձեւական։ Օրենքով ամեն ինչ ազատ էր, բայց իրական կյանքում խոսքը ստացավ անտեսանելի սահմաններ։ Մարդիկ սկսեցին զգուշանալ՝ ում ներկայությամբ ինչ ասել, ինչ հրապարակել, ինչ մեկնաբանել սոցիալական ցանցերում։ Այն, ինչ կոչվում էր ազատ խոսք, վերածվեց ընտրովի ազատության։
Լրատվամիջոցների դաշտում ստեղծվեց տեղեկատվական խտություն՝ որտեղ իրական փաստերն ու մեկնաբանությունները խառնվեցին քարոզչությանը։ Բազմաթիվ լրագրողներ ու փորձագետներ սկսեցին զգալ ճնշում՝ ոչ թե ուղղակի, այլ միջավայրային։ Երբեմն բավական էր մեկ քննադատական արտահայտություն, եւ տվյալ մարդը դադարեցնում էր իր համագործակցությունները, զրկվում էր բեմից կամ մեդիա հարթակից։ Դա բացահայտ արգելք չէր, այլ անտեսանելի մեխանիզմ՝ հասարակական մերժման եւ վախի միջոցով։ Սոցիալական ցանցերը, որոնք թվում էր պիտի լինեին ազատ խոսքի տարածք, դարձան հակառակ էֆեկտի վայրը։ Դարձավ սովորական երեւույթ, երբ քննադատողներին մեղադրում էին «հակապետականության» մեջ կամ պիտակավորում որպես «թշնամու գործակալ»։ Մարդիկ սկսեցին ինքնուրույն սահմանափակել իրենց խոսքը, որպեսզի խուսափեն հարձակումներից։ Իսկ հասարակական ու քաղաքական այն գործիչները, ովքեր օգտվելով իրենց խոսքի ազատությունից, բարձրաձայնում են իրենց հուզող թեմաները, քննադատում այս իշխանություններին, շատ հաճախ, նույնիսկ սովորական ֆեյսբուքյան հրապարակման համար հայտնվում են անազատության մեջ։ Մարդկանց խոսքը ներկայացվում է որպես ռազմական հեղաշրջման փորձ կամ ատելության խոսքի տարածում եւ դատարանի միջոցով պարզապես այդ անձը հայտնվում է ճաղերի ետեւում։ Անկեղծ կլինեմ իմ ընթերցողի հետ, ինքս էլ այս հոդվածաշարը սկսելիս մեծ վախեր ունեի եւ ունեմ, քանի որ Նիկոլի իշխանությունը չի սիրում լսել քննադատություն եւ ամեն ինչ անում է, որպեսզի ճշմարտությունը բացահայտողները պարզապես հնարավորություն չունենան շփվելու հասարակության տարբեր շերտերի հետ։ Տեղեկատվական դաշտի կառավարման մեջ երեւաց մեկ այլ վտանգ՝ փաստերի մանիպուլյացիան։ Երբ տեղեկատվությունը մատուցվում է ոչ թե ամբողջական, այլ ընտրված հատվածներով, քաղաքացին դադարում է ձեւավորել իր սեփական կարծիքը։ Նա սկսում է մտածել այնպես, ինչպես իրեն են ասում, ոչ թե ինչպես ինքը կփորձեր հասկանալ։ Սա ոչ միայն խոսքի ազատության, այլ նաեւ մտածողության ազատության կորուստ է։ Հասարակությունը բաժանվեց կարծիքների ճամբարների՝ յուրաքանչյուրը իր ճշմարտությամբ։ Իսկ երբ չկա ընդհանուր տեղեկատվական հիմք, երկխոսությունը վերանում է։ Այդ վիճակը ամենաարդյունավետ ձեւն է ազատ խոսքը կառավարելու համար՝ երբ մարդիկ այլեւս չեն կարողանում իրար լսել։ Բայց խոսքի ազատությունը միայն խոսելու իրավունքը չէ։ Դա նաեւ պարտականությունն է՝ լսելու եւ ընդունելու մյուսի կարծիքը։ Երբ պետությունը կամ հասարակությունը կորցնում են այդ հավասարակշռությունը, առաջանում է վախից սնվող լռություն։ Իսկ լռությունը, որքան էլ հարմար լինի իշխանության համար, վտանգավոր է երկրի համար։ Այսօր մեզ պետք է ոչ թե խոսքի ձեւական ազատություն, այլ իրական ազատություն՝ հիմնված վստահության վրա։ Երբ մարդը չվախենա ասել այն, ինչ մտածում է, եւ չվախենա լսել այն, ինչ չի ուզում լսել։ Միայն այդ ժամանակ ազատ խոսքը կդառնա ոչ թե պատրանք, այլ արժեք։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
aravot.am
