Լուրեր
Այս առավոտ սրտիկներ չկային։ Փոխարենը՝ կրկին աղմուկ կար․ Գրիգորյան
08.11.2025
ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր առավոտը սովորականի պես սրտիկաշատ չէր։ Երկրի գերագույն գլխավոր բլոգերը, պարզվում է, ամբողջ գիշեր անցկացրել է ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ «AntiFake.am»-ի յոթժամյա (մեկ աշխատանքային օր) փոդքաստը դիտելով։ Թերևս ծանր էր քնելուց առաջ լսածը։ Կարծում եմ ինչ–որ տեղ հասկացավ, թե ինչու է պատմությունը տարբեր մարդկանց տարբեր կերպ հիշում։
Առավոտյան սրտիկless լռությունը երկար չտևեց, նիկոլը ստացած ինֆորմացիան նորմալ չմարսած նետվեց սոցիալական ցանցեր և սկսեց իրար հետևից նյարդային և պոպուլիստական գրառումները ձոնել, որոնք ուղղված են ոչ թե փաստերի, այլ մարդու դեմ, որի օրոք պետությունը դեռ ուներ ամուր երկինք, հստակ սահման և ուժեղ բանակ։ Դե իրա տեսակի համար շատ բարդ է ընդունել, որ իրական առաջնորդությունը սկսվում է ոչ թե լայքերից, այլ կշռադատված և հայանպաստ որոշումներից։
Հենց այդպես էլ է լինում, երբ հարյուրավոր էջանոց զեկույցների փոխարեն առաջնորդվում են մեկ պոպուլիստական սլոգանով։ Երբ պետության ղեկավարը մտածում է ոչ թե անվտանգության, այլ ֆեյսբուքյան էջը ակտիվացնելու և իր վարկանիշի մասին, երկիրը մնում է առանց երկնքի։ Իսկ հետո նույն մարդը փորձում է առավոտ կանուխ համոզել հանրությանը, թե իրեն թողած համակարգը «մետաղալոմ» էր։ Բայց այդ «մետաղալոմը» Ս–300 էր, «Բուկ» էր, «Տոր» էր, «ՕՍԱ» էր։ Դրանք այն համակարգերն էին, որոնցով պաշտպանվել են հայկական սահմանները՝ մինչև այն օրը, երբ որոշվեց մարտական պատրաստությունը փոխարինել քաղաքական PR-ով։ Մետաղալոմ այդ զինատեսակները սարքել եք դուք ձեր շայկով, քանի որ լուրջ փորձ և ճանապարհ անցած սպայական անձնակազմին չեն փոխարինում քաղաքական նշանակյալներով և հորքուրի գանձերով:
Այն, ինչ այսօր նիկոլը փորձում է ներկայացնել որպես արդարացում, իրականում վախի արտահայտություն է։ Նա, ով կորցրել է հողը՝ բառի բոլոր իմաստներով, փորձում է փրկվել խոսքի միջոցով։ Փորձում է համոզել, որ ինքը հզոր է, բայց իրականում դատարկ է: Փորձում է հրավիրել բանավեճի մարդկանց, ովքեր հաղթել են թշնամուն թե պատերազմի և թե դիվանագիտական դաշտում, մինչդեռ ինքը սովոր է ծնկած դիրքից բացատրել և փաթեթավորել իր բերած պարտությունները։
Պետական գործչի ու իշխանատենչի տարբերությունը հենց այստեղ է։ Մեկը պաշտպանում է երկիրը, մյուսը՝ իր աթոռը։ Մեկը կռվել է հողի համար, մյուսը՝ իշխանության, փառքի և լայքերի։ Պատմությունը երբեք չի շփոթում այդ տարբերությունը, ինչքան էլ բզբզացողներ լինեն:
Այս առավոտ սրտիկներ չկային։ Փոխարենը՝ կրկին աղմուկ կար։ Աղմուկ՝ ճշմարտությունից, որը ի դժբախտություն կապիտուլյանտի ոչ մի սոցցանցային էֆեկտով հնարավոր չէ մարել»։
