Լուրեր

Այս գործը դատական համակարգի և իրավապահ մարմինների խղճուկ ու կախված վիճակի ամենաբնութագրական պատկերն է․ Խաչատրյան

06.11.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Վերջին օրերին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քաղաքական, դատական և քննչական ճակատներում կազմակերպված ակտիվ գրոհների արդյունքում իշխանությունը կրկին փորձել է «թարմացնել» տարիներ առաջ փակված և իրավական հիմքերից զուրկ գործը։ Այս քարոզչական ներկայացման հերթական «սերիայի» շրջանակում սահմանափակվել է Հայաստանի երրորդ նախագահի ազատ տեղաշարժը՝ արգելելով նրա ելքը երկրից։
 
Նոր մեղադրանքի հիմքում դրված է դեռևս 2019 թվականին ամբողջությամբ բացատրություն ստացած և իրավական առումով սպառված մի հարց, որի վերաբերյալ ցուցմունք տված անձը վաղուց հրաժարվել էր իր նախնական հայտարարությունից՝ այն որակելով որպես թարգմանչական ու տեխնիկական սխալ։ Այնուամենայնիվ, իշխանությունը փորձ է անում այս հին թեման ներկայացնել որպես «նոր բացահայտում»՝ հասարակությանը հերթական անգամ մատուցելով քաղաքական շոուի ձևաչափով ստեղծված տեսարան։
 
Պարզ է, որ  ցածրորակ հեռուստասերիալի սցենար հիշեցնող այս խայտառակության գլխին կանգնած է մեկ մարդ, ով համակարգը վերածել է անձնական կամայականության գործիքի։ Դատարաններն ու քննչական մարմինները, դատախազությունն ու մյուս ուժային կառույցները վերածվել են  կատարածուների՝ կորցնելով իրենց հեղինակությունը, անկախությունը և մասնագիտական արժանապատվությունը։
Կարճ ասած՝ այս գործը դատական համակարգի և իրավապահ մարմինների խղճուկ ու կախված վիճակի ամենաբնութագրական պատկերն է...» ։

← Վերադառնալ ցուցակին