Լուրեր

Քանի չեք առերեսվել ձեր անցյալին, ներկան չի գալու․ Եսայան

31.10.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Քանի չեք առերեսվել ձեր անցյալին, ներկան չի գալու
 
Ամեն անգամ, երբ   հետեւում եմ այս կամ այն ընդդիմադիր քաղաքական ուժից, անձերից  հնչող հայտարարություններին, «խրոխտ» կեցվածքին, տարօրինակ դիրքավորմանը,  փորձում եմ չզարմանալ,  փորձում եմ  ընդունել ի գիտություն եւ առաջ նայել, բայց,  ստացվում է, որ  իմ առաջ նայելը եւ այդ, որոշ անձերի եւ ուժերի առաջ նայելը իրար հետ աղերս չունեն։ Ես , օրինակ, լիովին գիտակցում եմ, որ մեր երկրում գործընթացները  դուրս են իրական, մաքուր քաղաքական տրամաբանությունից, որովհետեւ մեր երկիրը, վաղուց, յոթը տարի շարունակ, 2020-ից հետո, ավելի թափով, մխրճվել է անտրամաբանության երթուղի։ Եւ մի ոչ սթափ, չ-հայ,  կործանող սուբյեկտ իր  նույնպիսի «արբանյակներով» երկիրը  հասցրել է աննորմալ ծիրի մեջ։
 
Ու, այո, շատ եմ զարմանում, երբ բավականին խելահաս, լուրջ մարդիկ եւ ուժեր փորձում են այս աննորմալ իրավիճակից դուրս գալ  նույն այդ «կործանող սուբյեկտի» թելադրած օրակարգով։Լավ, հարգելիներ, մի՞թե պարզ չէ այլեւս, որ սրանց թելադրած օրակարգով գնալու դեպքում   երկիրը հասնելու է ոչ մի տեղ, դառնալու է ոտքի տակի խալիչա, թուրք-ադրբեջանական նամազների համար։Ախր, ո՞նց եք պատկերացնում այս ռեպրեսիաների, ձերբակալություն-կալանավարումների,  այս  անօրինական, հակահայ  «արբանյակների» թելադրած օրակարգով  գնալ-հասնել  2026 եւ ընտրություններով սրանց հեռացնել։
Մեկ անգամ 2021-ին  էդ գետը մտել եք, մինչեւ հիմա դրա «քաշվածն ենք», կներեք «ֆրանսերենի»  համար։ 
 
Այս միամիտ  գիծը պահելով, ի՞նչու չեք  ուզում հասկանալ, որ մինչ 2026-ին հասնելը կա, ոգի եւ մարմին ունի սահմանադրական շատ կարեւոր դրույթ՝ կառավարությանը անվստահություն հայտնելու դրույթը։ Այո, փողոցը գեներացնելով, այո, տատանվող քպականներին  տեղաշարժելով, այո՝ դժվար եւ տքնաջան գործելով հասնել  սրանց հեռացմանը մինչ ընտրություններ։ Որոշ  միամիտների էլ զուտ  հիշեցնեմ, այս կործանող սուբյեկտը չի էլ թաքցնում, որ պատրաստ է գնալ հերթական ռեպրեսիաներին, հակաօրինական քայլերի՝ կուսակցություններ փակել, չգրանցել նորերին, դաշտը  ամայացնել։ Կասեք՝ դուք սկսել եք, դուք էլ արեք։
 
Ազնիվ չեք լինի, որովհետեւ մենք միշտ ենք ասել՝ այո, առաջին գծում ենք եւ կլինենք միշտ, բայց մեկ կուսակցություն միայնակ չի կարող այս գործը գլուխ բերել, միասին պետք է գործել եւ հաղթել։ 
 
Սիրելիներ, մի՞թե անցնող յոթը տարիներին չհասկացաք, որ դուք եւս միայնակ չեք կարող, ուրեմն՝ ՀՀԿ-ին մի փորձեք  կրկին մերժել, ՀՀԿ-ն այո,  ոչ միայն չմեռավ, այլեւ՝  ուժ է, համակերպվեք այս իրողությանը, եւ բռունցվենք՝ միասնաբար հաղթելու նպատակի շուրջ։ 
Հա, մի բան եւս՝ մի «մոռացեք» ձեր ինքնակենսագրականներում գրել, թե ՀՀԿ-ի իշխանության տարիներին ինչ մեծ կամ փոքր պաշտոն եք ունեցել,մի ուրացեք ձեր ապրած տարիները, մի կեղծեք,  ախր, դեռ մութ չէ, ամենքիդ հականե հանվանե  երկիրը ճանաչում է, տղերք։ 
Քանի չեք առերեսվել ձեր անցյալին, ներկան չի գալու։
 
Հ․Գ․Ազատություն վարչապետի մեր թեկնածու Դավիթ Համբարձումյանին, Սրբազաններին եւ բոլոր քաղբանտարկյալներին Երեւանում եւ Բաքվում»։

← Վերադառնալ ցուցակին