Լուրեր
Սուտ 14. «Պատերազմի ժամանակ եկեղեցին ոչինչ չարեց»
31.10.2025
 
							 Պատերազմի ամենածանր օրերին իշխանական քարոզիչները եւ նրանց մեդիա հարթակները սկսեցին տարածել վտանգավոր կեղծիք, իբրեւ թե եկեղեցին պատերազմի օրերին չէր աջակցում բանակին ու ժողովրդին։ Հերթական սուտն ու սեւ բիծը, որն ուղղված էր դեպի եկեղեցին ու Կաթողիկոսը։ Սուրբ Էջմիածինն ու թեմական եկեղեցիները պատերազմի առաջին օրվանից կազմակերպում էին օգնություն զինվորներին ու Արցախից բռնի տարհանված բնակչությանը։ Տասնյակ տոննա սնունդ, դեղորայք, հագուստ ու առաջին անհրաժեշտության միջոցներ ուղարկվեց ճակատ հենց եկեղեցու միջնորդությամբ ու օգնությամբ։ Հոգեւորականներն ուղիղ մասնակցություն ունեին ռազմաճակատում։ Շատերը հենց դիրքերում էին, զինվորների կողքին, ցավոք, հոգեւորականների շարքերում նաեւ զոհեր ունեցանք։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մի քանի անգամ ուղիղ հայտարարություններով դիմեց ժողովրդին ու բանակին՝ կոչ անելով տոկալ, պայքարել եւ հավատով ամրանալ։
Իսկ ինչո՞ւ էր տարածվում այս կեղծիքը։ Որովհետեւ իշխանություններին ձեռնտու չէր, որ ժողովուրդը տեսնի եկեղեցու ուժը, կազմակերպվածությունը, պատասխանատվությունը եւ ակնհայտ երեւա եկեղեցու ու կառավարության տարբերությունը։ Կեղծիքով փորձ էր արվում թուլացնել վերջին վստահելի կառույցը՝ եկեղեցին, ու հենց այդ զգայուն, գերլարված օրերին ժողովրդի աչքերում էլ ավելի էին փորձում պակասեցնել եկեղեցու դերն ու նշանակությունը։ Պատերազմի ընթացքում իշխանությունը սիստեմատիկորեն սահմանափակում էր եկեղեցու խոսքը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարությունները հաճախ չէին հայտնվում պետական հաստատությամբ կամ ներկայացվում էին խեղաթյուրված։ Շատ հոգեւորականներ, ովքեր հանդես էին գալիս մարտական ոգի բարձրացնող կոչերով, արգելափակվում էին մեդիա հարթակներում։ Եկեղեցին տեղային էր կազմակերպում մարդասիրական օգնությունը, իսկ պետությունը շատ դեպքերում պարզապես խանգարում էր կամ փորձում էր արված աշխատանքը վերագրել իրեն։ Իշխանությունը այդ օրերին եկեղեցու հեղինակությանը հարվածելով, հող էր նախապատրաստում այսօրվա գործողությունների համար։ Փաշինյանի ցանկությունը մեկն էր այդ օրերին՝ հասարակությունը չտեսներ, որ ճգնաժամային պահին եկեղեցին իրականում ավելի արդյունավետ է գործում, քան պետությունը։ Եկեղեցու ձայնի թուլացումը նշանակում էր, որ ժողովուրդը չպետք է ունենա այլընտրանքային «հենարան» ու «առաջնորդություն», բացի իշխանությունից։ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ամեն ինչ արվեց, որ եկեղեցու խոսքը լռեցվի, իսկ ժողովրդի հավատքը թուլանա։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
aravot.am
 
