Լուրեր

Սուտ 13. «Մենք երբեք չենք միջամտում եկեղեցու գործերին»

30.10.2025

 Թերեւս այս օրերի ամենաարդիական, իրական քրիստոնյաների համար ցավալի թեման է այն ամենն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Իշխանությունները տարիներ շարունակ հայտարարում էին, որ եկեղեցին անկախ է եւ իբր կառավարությունը չի խառնվում նրա գործերին։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի ստերի շարքը համալրվելու է նաեւ հենց այս արտահայտությամբ։
 

Անիրական թվացող այս իրականության մեջ, այսօր ԱԱԾ մեկուսարաններում պահվում են Սրբազան հայրեր, եկեղեցու սպասավորներ, Նիկոլի սրտի ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները հարձակվում են Մայր Աթոռի վրա, բառիս բուն իմաստով քանդում գանձարանը, գետնին գցում ու տրորում նշխարը։

Սա դեռ նոր չի սկսվել, քարոզչական մեքենան տարիներ շարունակ փորձել է վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ նրան ներկայացնելով որպես «նախկին իշխանությունների ծառա»։ Բնականաբար, այս քարոզարշավը ինքնաբուխ լինել չէր կարող, այն համակարգված էր հենց իշխանական շրջանակներից։ Պետական կառույցների աջակցությամբ ձեւավորվեցին կեղծ «հասարակական շարժումներ», որոնք սեւացրին եկեղեցին՝ նպատակ ունենալով թուլացնել նրա ազդեցությունը հասարակության վրա։ Իշխանության ներկայացուցիչները փորձում են  եկեղեցու դարավոր դերը փոխարինել «նոր արժեքներով», որտեղ ազգային ավանդույթներն ու հավատը դիտվում են որպես խանգարող գործոն։ Դասացուցակներից հանվեց  Հայոց եկեղեցու պատմություն առարկան, փակվեց Շողակաթ ալիքը։ «Մենք չենք խառնվում եկեղեցու գործերին»-թերեւս կեղծիքի ամենավտանգավոր դրսեւորումը։ Հայ ժողովրդի գոյության հազարամյակների ընթացքում եկեղեցին եղել է միակ հաստատությունը, որին հաջողվել է պահել հավատը, լեզուն, մշակույթը եւ ինքնությունը անգամ այն ժամանակ, երբ պետականությունը կորցրել էինք։ Սակայն 2018-ից հետո հե՛նց եկեղեցին դարձավ իշխանությունների հիմնական թիրախներից մեկը։ 2018 թվականին, իշխանության գալուն զուգահեռ, սկսվեց բացահայտ արշավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ։ Տարբեր նախաձեռնություններ (ինչպիսին էր, օրինակ, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը) փողոց էին դուրս գալիս մի քանի տասնյակ մարդկանցով, բայց իշխանական լրատվամիջոցները դա ներկայացնում էին որպես «ժողովրդի պահանջ»։ Կաթողիկոսի դեմ հնչող մեղադրանքները լոկ քարոզչական հնարքներ են, հոգեւոր առաջնորդի հեղինակությունը խարխլելու համար։ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ այնքան է հեռացել եկեղեցուց, որ անցնելով բոլոր սրբությունների վրայով, հայհոյախառն արտահայտություններով շարունակում է սպառնալ, դատապարտել Կաթողիկոսին։ Անհավատալի, բայց միեւնույն ժամանակ դաժան  այս իրականության մեջ, ամեն օր գերլարված բոլորս սպասում ենք, որ կձերբակալվի Կաթողիկոսը, քանի որ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ իր դեմ։ Սա աբսուրդի ժանրից կարող է թվալ, բայց ցավոք սրտի, այսօր մենք մեր երկրում կռիվ ենք տալիս մեր հավատի, մեր եկեղեցու ու սրբությունների համար։ Ցավալի է, բայց եկեղեցու ներսում կան անձինք, ովքեր հավատարիմ չմնալով իրենց պաշտոնին, իրենց հավատին, դուրս են գալիս Աստծո դեմ ու հուդդայական իրենց ծառայությունը մատուցում Փաշինյանին։ Ստեփան Ասատրյան անուն-ազգանունով կարգալույծ եկած նախկին հոգեւորականը, հոգին սատանային ծախելով, այսօր սկսել է նոր արշավ եկեղեցու եւ Կաթողիկոսի դեմ, իր անվերապահ աջակցությունը հայտնելով Փաշինյանին ու իր վարած քաղաքականությանը։ Փառք Աստծո, որ սրա նմանների կողքին նաեւ կան պատվարժան, իրենց հավատին ու գործունեությանը հավատարիմ եկեղեցականներ, ովքեր ամուր կանգնած են մեր եկեղեցու կողքին։ Ապրելով այս իրականության մեջ, պարզապես սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչեր են դեռ առջեւում մեզ սպասվում։ Ամաչում եմ, որ պատմության մեջ պետք է գրվեն այս դրվագները ու արձանագրվի, որ հայ եկեղեցու դեմ պայքար տանում էր ոչ թե արտաքին թշնամին, այլ ներքին թշնամին, ով  իր առջեւ նպատակ էր դրել վերացնել եւ կազմաքանդել եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ծրագրավորում է քանդել բոլոր այն եկեղեցիները, որոնց տարածքները նախկին իշխանությունները  նվիրաբերել են Հայ առաքելական եկեղեցուն։ Իշխանության «Մենք չենք խառնվում եկեղեցու գործերին» արտահայտությունը ոչ թե իրականությունն էր, այլ հերթական խաբկանքը։ Իրականում պետությունը տարիներ շարունակ զբաղվել է եկեղեցու հեղինակությունը խարխլելով՝ փորձելով թուլացնել այն վերջին հենարանը, որն ունենք որպես ազգ։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

aravot.am
 

← Վերադառնալ ցուցակին