Լուրեր

Սուտ #7. «Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ»

22.10.2025

 Այս արտահայտությունը բազմիցս է հնչել երկրի առաջին դեմքի կողմից՝ սկսած 2018-ի մայիսից՝ պաշտոնավարման առաջին իսկ օրերից։ Օրինակ՝ «Կոռուպցիայի նկատմամբ մեր քաղաքականությունն ունենալու է զրո հանդուրժողականություն»,- Նիկոլ Փաշինյան, 2018թ. մայիս, որպես վարչապետ տված առաջին ասուլիսներից մեկը։ Նմանատիպ շեշտադրումներով ելույթներ եղան նաեւ պետական մարմիններում, դատարաններում, ԱԱԾ-ում, պետական վերահսկող մարմիններում։ Հայտարարությունը՝ որպես քաղաքական ուղերձ, ինչ խոսք, հնչեղ էր։ Բայց իրական գործելաոճը ցույց տվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը կամ նպատակաուղղված չէր, կամ՝ ուղղորդված էր միայն ընդդիմախոսների դեմ։ Այլ կերպ ասած, ոչ թե «Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ», այլ «Զրո հանդուրժողականություն ԸՆՏՐՈՎԻ  կոռուպցիայի նկատմամբ»։ 2018 թվականից ի վեր, Փաշինյանին շրջապատող մի շարք անձինք, մեղադրվել են չարաշահումների եւ հովանավորչության մեջ, որոնք այդպես էլ ԴԵՌԵՎՍ մնացել են անպատիժ։

Օրինակ.

 Պետական տենդերների շահառուների մեջ հայտնվել են Փաշինյանի ազգականների հետ կապ ունեցող ընկերություններ։ ՔՊ-ին մոտ կանգնած անձինք զբաղեցրել են առանց մրցույթի պաշտոններ։ Կոռուպցիոն գործերով աղմկոտ ձերբակալություններից գրեթե բոլորն ավարտվել են գրավով ազատ արձակմամբ կամ մոռացության են մատնվել։ Եվ ի վերջո, դատական իշխանության նկատմամբ ճնշումներն ու ընտրովի արդարադատությունը՝ ինքնին կոռուպցիայի դրսեւորում է։ 2018-ին խոստացված անցումային արդարադատությունը չիրականացվեց։ ՔՊ վերնախավի եւ նրանց ընտանիքների անբացատրելի հարստացման դեպքերը միայն շրջանառվել են մամուլում, ակնհայտ դարձել հանրությանը, սակայն չեն քննվել պետական մակարդակով։ Իրականությունն այն է, որ «զրո հանդուրժողականություն» չի նշանակում միայն քաղաքական թշնամիներին պատժել, այլ անաչառ լինել նաեւ հարազատների, կուսակիցների եւ իրեն շրջապատողների նկատմամբ։ Իսկ նման անաչառություն այդպես էլ մեր հասարակությունը չտեսավ վերջին յոթ տարիների ընթացքում։ ՀՀ պատմության մեջ երբեք այս չափերի միանվագ գնումներ չեն գրանցվել։ Շատ հաճախ, առանց տենդերների անցկացման, պարզապես միանվագ գնման տակ, իրենց ցանկալի անձից կամ ընկերությունից, ձեռք է բերվում անհրաժեշտ գործարքը։ Անիֆի մասին։ Առաջին հայացքից անմեղ ներդրումային ծրագիր թվացող այս համակարգը կոռուպցիոն շատ մեծ ռիսկ պարունակող ծրագիր է, որը ոչ միայն ֆինանսական մեծ խնդիրներ է առաջացրել պետության համար, այլեւ միջազգային հարթակներում իր բացասական ազդեցությունն է ունեցել մեր երկրի հեղինակության վրա։ Որոշ նախագծեր կամ պարտավորություններ, որոնք նախապես հայտարարվում էին, չեն իրականացվել կամ հետաձգվել են, օրինակ՝ արեւային էներգիայի նախագիծը, կամ Fly Arna ավիաընկերության գործունեությունը՝ պարտքի կամ ֆինանսավորման խնդիրների պատճառով։ Քննությունները, բացահայտումները եւ պնդումները կոռուպցիայի մասին նվազեցրել են հասարակության վստահությունը ավելի լայն պետական կառույցների ու ներդրումային քաղաքականության նկատմամբ։ Հսկայական գումարներ ուղարկվել են նորաստեղծ, կամ գրեթե գործունեություն չունեցող ընկերությունների, որոնք գրանցված են օֆշորային կամ այնպիսի վայրերում, որտեղ հարկային կամ հաշվետվության ստանդարտները թույլ են։ Այսպիսով, կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականություն հայտարարած մարդը չպետք է հանդուրժի, երբ իր իսկ կառավարության անդամները սոված գայլերի նման շրջվում են դեպի պետական ռեսուրսը՝ դիտարկելով այն որպես սեփական բիզնես։ «Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» արտահայտությունը պարզապես ականջահաճո թեզերից մեկն էր, որը 2018-ին կարողացավ դառնալ բանալի Փաշինյանի ձեռքերում։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ

aravot.am


 

← Վերադառնալ ցուցակին