Լուրեր

Ադրբեջանը միջազգային հարթակներում լծված է Հայ առաքելական եկեղեցու հեղինակության խարխլման գործին

16.10.2025

 «Ադրբեջանական արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը և կրոնական համակարգը Ալիևի և Փաշազադեի գլխավորությամբ, ինչպես նաև քարոզչական ապարատը համակարգված կերպով միջազգային հարթակները՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, Իսլամական համագործակցության կազմակերպություն, ԵԱՀԿ և այլն, օգտագործում են Հայաստանի և Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությունը խարխլելու համար»,-Panorama.am-ի հետ զրույցում նման պնդում արեց փորձագետ Վահագն Սարոյանը։

Նա զուգահեռներ է տանում Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների ու հայաստանում եկեղեցականների դեմ իրականացվող հետապնդումների միջև։ Սարոյանը հիշեցնում է՝ Եկեղեցու դեմ ամռանը տեղի ունեցած առաջին գրոհին նախորդել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարությունը արցախահայերի պաշտպանության վերաբերյալ, որին հաջորդեցին ադրբեջանցի շեյխ ուլ իսլամ Փաշազադեի, այնուհետև Ալիևի կտրուկ արձագանքերը, իսկ հետո փաշինյանական իրավապահները հարձակվեցին եկեղեցու վրա։ Արդյունքում ձերբակալվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Գալով վերջին օրերի իրողություններին, տեսնում ենք, որ ՄԱԿ գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի հոգևոր հովիվ Ալլահշուքյուր Փաշազադեին, առաջին անգամ ընդունելության է առաջացնում նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, որի ժամանակ Փաշազադեն չի կորցնում առիթը և սկսում է գանգատվել Հայ առաքելական եկեղեցուց՝ նշելով թե իբր «Հայ եկեղեցին «ռևանշիզմ է քարոզում»», ինչը գոհունակության չի արժանանում, սակայն ունենում է հետևանք արդեն Հայաստանում։ Թե որքանո՞վ կապ ունեն այս իրադարձությունները, կարող է գնահատել լայն հանրությունը, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք նմանատիպ սցենարի հետ»,-ասաց Վ. Սարոյանը։

Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականները, նաև սարկավագաներն ու աշխարհիկ աշխատակիցները բերման են ենթարկվել Քննչական կոմիտե։ Դատարանների որոշումներով մեկ ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը։ Առավոտյան հայտնի դարձով,որ երկու ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։

Փորձագետի խոսքով, միջազգային հարթակներում Ադրբեջանի քաղաքական իշխանությունն Ալիևի գլխավորությամբ խոսում է «ռևանշիզմից» «խաղաղության գործընթացը խաթարելուց», «հայերի սպառազինվելուց» և այլն, կրոնական իշխանությունը Փաշազադեի գլխավորությամբ, խոսում է «Հայ առաքելական եկեղեցու ապակառուցողական դերից», իսկ պետական լրատվամիջոցները ներկայացնում են այդ ամենը որպես «միջկրոնական և խաղաղասիրական դիրքորոշում»։

«Այս կերպ նրանք միջազգային լսարանի մոտ փորձում են ստեղծել պատրանք, թե իբր Հայաստանը՝ իր Սուրբ եկեղեցիով, խանգարում է տարածաշրջանում խաղաղությանը։

Ադրբեջանի մասով պարզ է, իսկ ահա Հայաստանի պահով վտանգավորության աստիճանն ավելի է մեծանում երբ ադրբեջանական քաղաքական գիծը, թե կիրառական և թե քարոզչական տեսանկյունից տեղի է ունենում Հայաստանի ներսում։

Որոշ քաղաքական շրջանակներ էլ ներսից սկսում են նույն հռետորաբանությամբ խոսել՝ իբր «Հայոց եկեղեցին պետք է հեռու մնա հասարակական կյանքից» և այլն, այսինքն՝ ադրբեջանական արտաքին քարոզչությունը ՀԱԵ-ի դեմ, Հայաստանի ներսում սկսում է կրկնվել՝ պետական մակարդակով։ Սա վտանգավոր է հատկապես այն տեսանկյունից, որ մենք ոչ միայն պետականության կորստի սահմանին ենք կանգնած, այլև մեր հոգևոր ինքնության պահպանման սահմանի»,-ընդգծում է Վ. Սարոյանը։

 

panorama.am

← Վերադառնալ ցուցակին