Լուրեր
«ԹԷՊԷՏ ԵՒ ԵՄՔ ԱԾՈՒ ՓՈՔՐ…». Եսայան
11.10.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «ԹԷՊԷՏ ԵՒ ԵՄՔ ԱԾՈՒ ՓՈՔՐ…»
/ծաղր-ածու/
Մովսես Խորենացուն մենք սովորաբար հիշում ենք, երբ խոսքը ողբի մասին է, եւ, մոռանում ենք, որ մեր մասին պատմիչը նաեւ գովասանքի խոսքեր է ասել, օրինակ, այս միտքը․ «Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի…:
(Մովսէս Խորենացի․ «Պատմութիւն Հայոց» )։Աշխարհաբարով սա հնչում է այսպես․«Թեպետ մենք փոքր ածու ենք,թվով սահմանափակ և զորությամբ տկար,շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլ քաջության շատ գործեր են կատարվել՝ գրի ու հիշատակի արժանի»:
Սա մտապահենք եւ, հիմա ասեմ, ինչն ինձ ստիպեց հիշել սա։
Այսօր մենք մի այնպիսի «ածու» ենք, որի երկրի վարչապետը ծաղրածու է։
Նրան ծաղրում էին 2019-ին, երբ արցախյան բանակցային առողջ եւ հայանպաստ փաթեթը դրեց մի կողմ եւ հոխորտաց, թե իր սեփական կետից է սկսելու։
Ծաղրում էին, երբ ճղճղաց, թե ինչ պետք է էդ էլ բանակցում է։ Ծաղրում էին, երբ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը դեռ հոկտմբերի 19-ին, պահելով Արցախը՝ Շուշին, Ստեփանակերտը։ Ծաղրում էին, երբ բունկերում խորը թաքնված էր։
Ծաղրում էին, երբ Արցախը հայտարարեց ադրբեջան։
Ծաղրում էին, երբ ուրացավ Ցեղասպանությունը։
Ծաղրում էին իր վատ ռուսերենի, կզած վիճակի, էրդողանի գիրքը գրկելու, ու էլի տարբեր ամոթալի արարքների ու պահվածքի համար։
Իրականում այդ ծաղրը այլոց պետք էր սրա ձեռամբ մեր երկրից ավելին ու ավելին պոկելու նպատակով։
Եւ՝ դեռ պոկում են։
Ինքը հոժար է, որ իրեն ծաղրեն, ծաղրածու դիտարկեն,/ինձ գժի տեղ եմ դնում, ինձ գժի տեղ կդնեմ,- ինքն էր խոստովանում/, զուտ մեկ խոստման դիմաց՝ ամեն գնով ինքը մնա «վարչապետ» ու շարունակի կզած, ներքինիի պես կատարել տերերի հրամանները։
Իրեն ծաղրածու լինելը , թվալը, երեւալը ձեռնտու է։
Հիմա հարցս․
1․ իսկ մեր ժողովուրդը ուզո՞ւմ է դեռ ունենալ ծաղրածու «վարչապետ»
2․իսկ մեզնից յուրաքանչյուրը ո՞ւզում է ներկայացնել երկիր, որի «վարչապետը» ծաղրածու է աշխատում։
3․իսկ մեզնից յուրաքանչյուրը չի՞ ամաչի, երբ սրա տերերը մեզ, մեր ժողովրդին եւս կսկսեն դիտարկել ծաղրի արժանի ածու։
Իսկ մենք չենք ամա՞չի, երբ մի ամբողջ ժողովուրդ աշխարհի աչքին կդառնա ծաղրածու։Այդպես է լինելու, եթե դեռ հանդուրժվի սրա գոյությունը քաղաքական բեմի վրա եւ մեր երկրի վարչապետի աթոռին։
Ուրեմն՝ օր առաջ իրականացնել անվստահության գործընթացը, պետք է նոր ընտրության հնարավորություն լինի առանց ծաղրածուի իշխանության։
Հ․Գ․ գրաբարը խորը լեզու է»։