Լուրեր
Հայաստանի բռնած ուղին հակառակ պատկերն ունի. Խաչատրյան
11.09.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարտադիր զինվորական ծառայությունը մեկուկես տարի դարձնելու մասով.
Աշխարհում աճող անորոշության և վտանգների պայմաններում բազմաթիվ երկրներ սկսել են վերանայել իրենց պաշտպանական քաղաքականությունը։ Եթե մի քանի տարի առաջ թվում էր, թե պարտադիր զինծառայության համակարգերը աստիճանաբար անցնում են պատմության գիրկը, ապա այսօր նույն պետությունները վերադառնում են «հին» մոդելին։ Պատճառը շատ պարզ է՝ ոչ մի պետության անվտանգություն երաշխավորված չէ ապագա մարտահարվերների պայմաններում:
Օրինակ՝ Եվրոպայում նախկին համակարգերին անցում կատարեցին Շվեդիան ու Բալթյան երկրները։ Շվեդիան, որը 2010-ին հրաժարվել էր զորակոչից, արդեն 2017-ին վերականգնեց այն՝ նկատի ունենալով Ռուսաստանի աճող ազդեցությունը և տարածաշրջանի անկայունությունը։ Նույն ճանապարհով անցավ Լիտվան, երբ 2008-ին դադարեցրել էր պարտադիր ծառայությունը, բայց Ղրիմի
իրադարձություններից հետո 2015-ին կրկին վերականգնեց այն։ Լատվիան ևս երկար ժամանակ փորձում էր խուսափել զորակոչից, սակայն 2023-ին որոշեց վերադառնալ պարտադիր ծառայությանը՝ ամրապնդելու ՆԱՏՕ-ի արևելյան թևը։ Էստոնիան, ի տարբերություն իր հարևանների, երբեք չէր հրաժարվել զինծառայությունից և վերջին տարիներին ոչ միայն պահպանում է այն, այլև մեծացնում է բյուջեն ու ակտիվացնում պահեստազորի ուսուցումը։
Նույն միտումը նկատվում է նաև Ասիայում։ Օրինակ, Հարավային Կորեան միշտ պահպանել է պարտադիր ծառայությունը և վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է ռազմական ծախսերը՝ հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի սպառնալիքը։ Թայվանը, որը երկար ժամանակ կրճատում էր ծառայության ժամկետը, վերջապես ստիպված եղավ այն կրկին երկարացնել՝ հասցնելով մեկ տարվա։ Տարածաշրջանում աճող լարվածությունը ստիպեց Թայվանին հրաժարվել հույսերից, թե կարելի է բանակը պահել միայն կամավորական հիմունքներով։
Այսօր ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրները փորձում են իրենց ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի առնվազն երկու տոկոսի շեմին։ Գերմանիան նույնիսկ ստեղծեց հարյուր միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ՝ արագացնելու բանակի արդիականացումը։ Եթե երկու տասնամյակ առաջ Եվրոպայում գերակշռում էր «խաղաղասիրական»տրամադրությունը, ապա հիմա գերակշռում է անվտանգության առաջնահերթությունը։
Այս համատեքստում Հայաստանի բռնած ուղին հակառակ պատկերն ունի։ Երբ շատ երկրներ վերադառնում են զորակոչին, ավելացնում բանակի թվաքանակը և ընդլայնում պաշտպանական բյուջեները, Հայաստանի կառավարությունը ընտրում է դրա կրճատման և թուլացման տարբերակը։
ՀՀ կառավարիչների քայլերը հստակ ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է այլ ուղով, որը ոչ միայն հակասում է համաշխարհային միտումներին, այլև խորացնում է ազգային անվտանգության անորոշությունը մի տարածաշրջանում, որտեղ անվտանգային իրադրությունը մշտապես անկայուն է և ռիսկային...»: