Լուրեր
Փորձեմ մի քանի դրվագով հիշել, թե պատմության ընթացքում ինչ օրինակներ կան․ Հովասափյան
10.08.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փորձեմ մի քանի դրվագով հիշել, թե պատմության ընթացքում ինչ օրինակներ կան, երբ պետության ղեկավարներն արձակուրդում գտնվելով՝ կայացրել են տարբեր բնույթի որոշումներ կամ մասնակցել են իրադարձությունների, որոնք շրջադարձային ազդեցություն են ունեցել ոչ միայն իրենց երկրի, այլև աշխարհի վրա։
Եվ այսպես՝ 1941-ին Ուինսթոն Չերչիլը, «սուրբծննդյան արձակուրդ» անվան տակ Վաշինգտոնում լինելով, Ռուզվելտի հետ ձևավորեց ռազմավարական համագործակցության հիմքեր, որոնք փոխեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը։ Ավելի ուշ՝ Դուայթ Էյզենհաուերը 1956-ին, հանգստանալով Ռոդ-Այլենդում, հեռակառավարմամբ ստիպեց Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Իսրայելին դադարեցնել Սուեզի ներխուժումը՝ կանխելով Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմը։ Թերևս քչերն են հիշում, որ 1962-ին Ջոն Քենեդին Քեմփ Դեյվիդում էր, երբ սկսվեց Կուբայի հրթիռային ճգնաժամը, և հենց այնտեղից նա իրականացրեց այն դիվանագիտական քայլերը, որոնք կանխեցին միջուկային պատերազմը (Անաստաս Իվանիչի ականջն էլ ընդեղ կանչի)։
Հաջորդ «էքստիեմալ արջակուրդի» դրվագին հանդիպում ենք 1981-ին, երբ Ռոնալդ Ռեյգանն իր Կալիֆորնիայի ռանչոյում գտնվելով՝ հրամաններ էր տալիս Միջերկրական ծովում ամերիկյան ուժերի շարժման և Լիբիայի հետ ռազմական լարվածության կառավարման վերաբերյալ, ինչը թույլ տվեց խուսափել ուղիղ ռազմական բախումից, սակայն բարձրացրեց տարածաշրջանային լարվածությունը։
Միևնույն ժամանակ արձակուրդային ֆիզիկական մեկուսացումը երբեմն դարձել է քաղաքական ռիսկերի աղբյուր։
Օրինակ՝ 1991-ի օգոստոսյան «Պուտչի» օրերին Միխայիլ Գորբաչովը շրջափակված էր Ղրիմի Ֆորոսում, ինչը թույլ տվեց խռովարարներին ժամանակավոր վերահսկողություն ձեռք բերել և արագացրեց ԽՍՀՄ փլուզումը։ Նիկիտա Խրուշչովը 1964-ին «արձակուրդում» էր, երբ ՊԱԿ ղեկավարությունը (և հայտնի շրջանակները) կազմակերպեցին վերջինիս պաշտոնանկությունը՝ փոխելով ԽՍՀՄ ներքին և արտաքին քաղաքականության ուղղությունները։ Ֆրանսիայում լավ են հիշում, թե ինչպես 1968-ի մայիսյան ճգնաժամի օրերին Շառլ դը Գոլը հեռացավ մայրաքաղաքից՝ զորքերից աջակցություն ստանալու համար, ինչը նրան թույլ տվեց վերադառնալ և իրավիճակը լուծել ընտրությունների միջոցով, սակայն այդ բացակայությունը քիչ էր մնում սրեր քաղաքացիական բախումները։
Արձակուրդային որոշումների օրինակներ կան նաև հետխորհրդային տարածքում։ Մասնավորապես, 1993-ին Բորիս Ելցինն իր ամառանոցից պատրաստեց խորհրդարանի լուծարումը, ինչը հանգեցրեց զինված բախումների Մոսկվայում և սահմանադրական կարգի վերաձևման։ Վլադիմիր Պուտինը 2008-ին Սոչիում էր, երբ համակարգեց Վրաստանի դեմ ռազմական գործողությունները, որոնք փոխեցին Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզը և ավելին սրեցին Արևմուտք–Ռուսաստան լարվածությունը»։