Լուրեր

Թուրք զինվորականներն իրենց մասնակցությունն են ունեցել Արցախի դեմ 44-օրյա պատերազմին. Աբրահամյան

07.08.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Թուրքական բանակի գեներալներից մեկին հերթական կոչումն է տրվել` բանակի գեներալ: Այս լուրն առանձնապես հետաքրքրություն չէր ներկայացվի, եթե նա պաշտոնապես չներկայացվեր որպես Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական:
 
Ինչպես հայտնի է` Ադրբեջանն ու Թուրքիան 2 բանակներն ինտեգրելու և թուրքական մոդելով ՆԱՏՕ-ական բանակ ստեղծելու 5-ամյա ծրագիր (2020-2025) ունեն, որն էլ այս տարի պետք է ավարտվի:
 
Թուրք զինվորականներն իրենց մասնակցությունն են ունեցել Արցախի դեմ 44-օրյա պատերազմին, 2020-2023 թթ.-ին տեղակայված են եղել օկուպացված Շուշիի և Քաշաթաղի ուղղություններում, 2023-ի սեպտեմբերին մասնակցել Արցախի ամբողջական օկուպացիայի գործողությանը, իսկ ադրբեջանական գլխավոր շտաբի որոշումներում ունեցել են և ունեն մեծ ազդեցություն որոշումների կայացման վրա: 
Որքան էլ թուրքական գործոնն Ադրբեջանի իշխանությունը փորձում է նվազ ներկայացնել, Թուրքիայի նախագահն ինքն է տարբեր առիթներով խոսել իրենց` արցախյան 3-րդ պատերազմում ունեցած առանցքային դերի մասին»:

← Վերադառնալ ցուցակին