Լուրեր
Ռուսական կողմը փորձելու է իրավիճակային մեղմացման որոշակի գործողություններ անել՝ ուղղված հայ հասարակությանը, ոչ թե ՀՀ իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան
04.08.2025

Օրերս հայտնի դարձավ, որ «Եվրասիա» և «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպությունները «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակում պատրաստվում են մարդասիրական օգնություն ուղարկել բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված արցախցիներին:
Արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ հումանիտար այս գաղափարի տակ նաև քաղաքական մեսիջ կա, որ ռուսական կողմն Արցախի հարցը փակված չի համարում։ Այլ հարց է՝ որքանո՞վ այսօր բեկում մտցնելու հնարավորություն կա, երբ անգամ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում Թուրքիան և Արևմուտքը կամ ԱՄՆ-ը փորձում են դուրս մղել Ռուսաստանին, թեպետ ապաշրջափակմանն առնչվող պահանջներ ներկայացնելիս հիշում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի կողմ է հանդիսանում նաև ՌԴ-ն։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով, երրորդ երկրների նմանատիպ գործողություններում, բնականաբար, միշտ էլ քաղաքական բաղադրիչ կարելի է գտնել, բայց կոնկրետ այս գաղափարը հումանիտար ծրագրի տրամաբանության մեջ է։
«Մյուս կողմից՝ Ռուսաստանը գիտակցում է, որ Հայաստանում և հայ հասարակության շրջանում ունի բավականին խնդրահարույց իմիջ, և այսպիսի փոքր հումանիտար ծրագրերով փորձում է այդ իմիջային հարցերը լուծել։ Իհարկե, ես չեմ կարծում, որ այսպիսի քայլերով կարելի է հայ-ռուսական օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրները լուծել կամ նպաստել դրանց մեղմացմանը։ Բայց, ամեն դեպքում, ռուսական կողմը նաև առաջիկայում փորձելու է իրավիճակային մեղմացման որոշակի գործողություններ անել, որն ուղղված է հասարակությանը, և ոչ թե՝ ՀՀ իշխանությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը կամ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին», դրանց շուրջ գլխավոր դերակատարների գործողություններին ու շահերին, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Ռուսաստանն այս պահին ոչ այնքան շահեկան դիրքերում է, քանի որ տարբեր երկրներ, այդ թվում՝ տարածաշրջանային, մեծ քայլեր են ձեռնարկում Հարավային Կովկասի կոմունիկացիաների, ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն կամ, ընդհանուր առմամբ, իրենց ձեռքում հսկիչ փաթեթ ունենալու համար։
«Այս փուլում նկատելի չէ՝ ռուսական կողմը որևէ ջանք գործադրո՞ւմ է, թե՞ ոչ։ Այն հայտարարությունները, որ հնչում են արտգործնախարարության կամ մեկ այլ մակարդակով, ընդամենն իրավիճակային գնահատականներ են։
Բայց եթե Ռուսաստանի պահվածքը դիտարկենք ընդհանուր ռեգիոնալ դիմակայությունում, այս պահին Հարավային Կովկասը նա կարծես մղել է երկրորդ պլան՝ առավել կենտրոնացում դրսևորելով ուկրաինական ճգնաժամի հարցում։ Իհարկե, դա միայն Հարավային Կովկասին չի վերաբերում, բայց կոնկրետ այս դեպքում նկատելի է, որ այլ դերակատարները շատ ավելի մեծ ակտիվություն են դրսևորում, քան Ռուսաստանը։ Սակայն սա չի նշանակում, որ ինչ-որ փուլում Ռուսաստանն այս ուղղությամբ ջանքերը չի ավելացնի կամ մեծացնի»,- եզրափակեց նա։
Արցախի հարցի փակ կամ բաց լինելու համատեքստում հարկ է նկատել, որ Ադրբեջանը, չնայած 44-օրյա պատերազմում տարած հաղթանակին, 2023 թվականին Արցախի հայաթափմանը, այն փակված չի համարում, քանի դեռ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարված չէ, և առավելևս՝ ՀՀ սահմանադրությունից հանված չէ Անկախության հռչակագիրը։
Այսինքն, ադրբեջանական պահանջների կատարումը, հատկապես՝ ՀՀ սահմանադրության հետ կապված, կարող ենք համարել ՀՀ իշխանությունների կողմից Արցախի հարցը փակելու քայլ, թեև նրանք հիմա էլ այն համարում են փակված։
Մարիամ Պետրոսյան
168.am