Լուրեր
Այսօր թիրախավորվում է կրթական համակարգը․ Հարությունյան
10.07.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջին օրերին ԵՊՀ-ում արձանագրված զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունը չի բավարարվում միայն քաղաքական դաշտի վերահսկմամբ։ Նույն գործիքակազմը կիրառվում է նաև կրթական համակարգում․ այս անգամ Մայր ԲՈւՀ-ի հերթն է։
Այսօր աշխատանքից ազատվել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ողջ թիմը։ Աշխատանքային օրենսգիրքը բացարձակապես անտեսելով՝ թիմին ընդամենը երկու օր առաջ են տեղեկացրել ազատման մասին՝ առանց հստակ հիմնավորումների։
Սրանք զուտ կազմակերպչական որոշումներ չեն։ Երբ աշխատակիցը, ով տարիներ շարունակ ներգրավված է եղել ուսանողական կյանքի ձևավորման, ծրագրերի իրականացման, ազգային ու գիտական նախաձեռնությունների մեջ, ազատվում է ոչ թե աշխատանքի արդյունքներից ելնելով, այլ «հարմար չլինելու» պատճառաբանությամբ, ակնհայտ է՝ այստեղ գործում է քաղաքական վերահսկողության տրամաբանությունը։
Այսօր ԲՈւՀ-երը դառնում են վայրեր, որտեղ որոշիչ չեն մասնագիտական արժանիքները, այլ իշխանություններին «հարմար» լինելը։ Եվ սա այն պարադոքսի պայմաններում, երբ իշխանական շրջանակներում կրթվելը համարվում է «նորաձև»։ Իրականում՝ ազատ ու գաղափարական մարդիկ դուրս են մղվում համակարգից։
Բուհը պետք է լիներ քաղաքացի ձևավորող կառույց։ Իսկ այսօր այն վերածվում է վերահսկվող հարթակի, որտեղ գաղափարներն ու սկզբունքայնությունը ճնշվում են՝ ի նպաստ վերահսկելիության ու հարմարվողականության։
Այսօր թիրախավորվում է կրթական համակարգը՝ դասախոսները, ուսանողները, սկզբունքային դիրքորոշում ունեցող բոլոր անձինք։ Եթե քաղաքական դաշտում անհամաձայնությունն արդեն վաղուց է պատժվում, ապա այժմ նույն գործելաոճը տարածվում է համալսարանական միջավայրում»։