Լուրեր
Հայ եկեղեցու հետ ոչ մի օտար նվաճող խնդիր չի ունեցել․ Հովասափյան
09.07.2025

ՀՀԿ խորհդրի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե կարճ ասեմ՝ հայ եկեղեցու հետ ոչ մի օտար նվաճող խնդիր չի ունեցել, նկատի ունեմ կրոնափոխելու, Կաթողիկոսին փոխելու, Վեհարանն ասպատակելու հարց ոչ մի ազգություն չի ունեցել՝ բառառությամբ Բյուզանդիայի և օսմանյան նվաճողների։
Մշտապես Հունաց եկեղեցին ամեն ինչ արել է Մեծ Հայքում իր ենթակա եկեղեցիական կառույցն ունենա, որոշ դրվագներում, մասամբ, հաջողություն է գրանցել, բայց ասպատակություն, որպես այդպիսին չի եղել։ Հիմնական խնդիրները Կաթողիկոսների հետ ունեցած գաղափարաբանական և արժեքային տարաձայնությունների ֆորմատով են եղել բախումներ։ Կիլիկիայում այս թեման ավելի խորացավ, այդ ժամանակ էլ Հայաստանում ապրող հոգևոր հայրերը՝ Գրիգոր Տուտեորդին, Դավիթ Քոբայրեցին, որոշ դրվագներում նաև Մխիթար Գոշն իրենց վերաբերմունքը հայտնեցին Ներսես Լամբրոնացու մոտեցումներին։
Մասնավորապես, 12-րդ դարի վերջից սկսած Կիլիկիայում ակտիվացավ երկխոսություն Լատին եկեղեցու և Կիլիկիայի Հայ եկեղեցու միջև։ Կիլիկիայի հայ իշխանները քաղաքական դաշնակիցներ էին փնտրում Արևմուտքում՝ Կաթոլիկ Եվրոպայի մեջ։ Սա հանգեցրեց եկեղեցական միության փորձերի՝ հատկապես Կաթոլիկ եկեղեցու հետ։ Ներսես Լամբրոնացին՝ որպես Կիլիկիայի կաթողիկոս Ներսես Շնորհալու եղբորորդի և ազդեցիկ մտածող, հանդես էր գալիս իբրև միավորման տեսլականի ակտիվ խթանող։ Նրա համար կարևոր էին քրիստոնեական համաեկեղեցական միասնությունը, Հայ եկեղեցու դուռը բաց պահելուն եվրոպական աշխարհին, և հատկապես՝ Կիլիկիայի պետականության միջազգային ամրապնդմանը նպաստելը՝ լատինական աշխարհի հետ կապերի խորացմամբ։ Նա չէր մերժում հայ դավանության ինքնությունը, սակայն պատրաստ էր սահմանափակ ճկում ցուցաբերել՝ հանուն «եկեղեցական հաղորդակցության» վերականգնման:
Տուտեորդու և Քոբայրեցու համար միության գաղափարը լուրջ վտանգ էր՝ ուղղված Հայ եկեղեցու դավանաբանական ու ավանդական ինքնության դեմ։ Նրանց կարծիքով՝ նման միությունը կնշանակեր հայոց հավատքի ու դավանության աղավաղում։ Գրիգոր Տուտերդու և Դավիթ Քոբայրեցու դիրքորոշումը հենվում էր այն գիտակցման վրա, որ Հայոց եկեղեցին պահպանել է առաքելական մաքրությունը, և որ այն որևէ կարիք չունի իր հավատքն ու կարգը «սրբագրելու» կամ համապատասխանեցնելու լատինական չափանիշներին։ Նրանք հանդես էին գալիս ավանդապաշտության և ինքնիշխանության պաշտպանությամբ, մի բան, որն անբաժան էր ընկալվում նաև քաղաքական ինքնիշխանությունից։
Եկեղեցին թիրախավորած ու այն վերացնելու թուրքերի դրվագի մասին առանձնապես չեմ խորանա, քանի որ դրա մասին տեղեկություններն ավելի ցցուն են ու հայտնի․ թուրք նվաճողները մշտապես փորձել են ազատվել եկեղեցու միավորիչ գործողություններից՝ բառացիորեն հետապնդելով ու գանահարելով հոգևորականությանն ու ստորացնելով Վեհափառներին։
Հիմա այս շարքում իր կարակառուն տեղը զբաղեցրեց նաև Նիկոլը՝ իր սազանդարների հետ, որոնք թուրքի ձեռամբ այսօր թիրախավորված գրոհում են Վեհափառին, կալանավորում Սրբազաններին ու կազմաքանդում եկեղեցուն։
Այնպես որ՝ զարմանալ ու մեծ սթրես ապրել թերևս պետք չի, քանի որ թուրքական նարատիվով առաջնորդվողն, այլ քայլեր ու գործողություններ ուղղակի անել չի կարող»։