Լուրեր
«Հանդիպել եմ Գեղամ Մանուկյանի հետ, պարոն Մանուկյանը հրաժարվեց ստորագրել». Հայկ Մամիջանյան
03.07.2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ հայտարարել էր, որ կստորագրի «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացի համար նախատեսված փաստաթղթի տակ, որտեղ գործընթացին կողմ պատգամավորները պետք է ստորագրեն։
«Հայկ Մամիջանյանը թող գա՝ ստորագրեմ»,- ասել էր Գեղամ Մանուկյանը։
168.am-ն այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց՝ իմպիչմենտի գործընթացի համար նախատեսված ձևաթուղթը տրամադրվե՞լ է Գեղամ Մանուկյանին, որպեսզի նա ստորագրի, քանի որ հայտարարում էր, որ կստորագրի, նա հակիրճ պատասխանեց.
«Առավոտյան զանգահարել եմ Գեղամ Մանուկյանին, մենք հանդիպել ենք։ Պարոն Մանուկյանը հրաժարվեց ստորագրել՝ ասելով, որ կստորագրի միայն խմբակցության որոշմամբ»։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ միայն «Հայաստան» խմբակցության որոշումից հետո՞ կարող է ստորագրել, Հայկ Մամիջանյանը կրկին հակիրճ պատասխանեց.
«Բառացի փոխանցեցի պարոն Մանուկյանի ասածը»։
Ինչ վերաբերում է Գեղամ Մանուկյանի՝ նույն փոդքասթի ժամանակ արած մեկ այլ հայտարարության, որ «Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ նախագիծ էր տարել ԱԺ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ, և հարցին՝ ի՞նչ նկատի ուներ Գեղամ Մանուկյանը, Հայկ Մամիջանյանն ասաց՝ այն, ինչի մասին խոսում է Գեղամ Մանուկյանը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է 2024 թվականի գարնանը «Հայատան» խմբակցության առաջարկած ԱԺ հայտարարության տեքստին։
«Այս հայտարարությանը միացել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, և մենք համատեղ այն ներկայացրել ենք ԱԺ։ Տվյալ պարագայում խոսքը վերաբերում էր հայտարարությանը։ Այն անվստահություն հայտնելու գործիքակազմի հետ որևէ կապ չունի, այն ԱԺ հայտարարության նախագիծ էր։
Ավելին՝ մեր օրենսդրությունը թույլ չի տալիս վարչապետին անվստահություն հայտնել՝ առանց թեկնածու առաջադրելու, ուստի Գեղամ Մանուկյանի ասածն ԱԺ հայտարարության նախագիծ էր»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի վերջին «Արթուն ենք» նախաձեռնությունը սկսեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Նրանք այս նախաձեռնության առնչությամբ ԱԺ բոլոր՝ 107 պատգամավորներին անհատական նամակներ փոխանցեցին։ Նախաձեռնության անդամները վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի ձախողումները բոլոր ոլորտներում արդեն բավարար հիմք են, որ պատգամավորները նրան անվստահություն հայտնելու վերաբերյալ նախագիծ ներկայացնեն ԱԺ։
Հիշեցնենք նաև, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշել է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել և որպես թեկնածու առաջադրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին։
Նշենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը և Հովիկ Աղազարյանն էլ վարչապետի թեկնածու էին առաջադրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որը նախորդ շաբաթ հրաժարվեց թեկնածությունից՝ փոխարենն առաջադրելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Սակայն Միքայել Աջապահյանը ՔԿ-ից փաստաբանների միջոցով գրություն էր ուղարկել՝ կոչ անելով իր անունը չքննարկել վարչապետի թեկնածուների շարքում։
Զվարթ Խաչատրյան
168.am