Լուրեր
Մեր պետությունը քաշեցին հատակ․ Եսայան
28.06.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր պետությունը քաշեցին հատակ
Սա հատակն է, որից դուրս գալու համար պարտադիր է ջանք գործադրել, կենաց մահու կռվի պատրաստ լինել բոլոր ճակատներում եւ անել այդ կռիվը՝ ընդդեմ այս խմբակի, որը երկրի ներսում գրավված պահելով պետական պաշտոնները թշնամու պես է իրեն պահում, թշնամուց ավելի վայրագ է հարձակվում եկեղեցու, հայ մարդու , մեր ժողովրդի բոլոր սրբությունների վրա, մեր ազգային արժեքների եւ ինքնագնահատականի վրա։
Այս չարագույժ խմբակը ամեն գնով ոչնչացնում է իրական ազգային հայի տեսակը, քոռ դանակով մորթում է մեր ժողովրդի արժանապատվությունը։ Այս խմբակն անթաքույց բռնի ուժ է կիրառում եկեղեցու, սրբազան հայրերի, բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն ուզում համակերպվել այս «կզած» վիճակին, ովքեր ընդվզում են ընդդեմ այս տոտալիտար բռնապետիկության։
Մենք հատակում ենք, պարոնայք։
Պարտավոր ենք դուրս գալ։ Չի կարելի այսպես «ինքնակամ» այս խմբակին թույլ տալ, որ շարունակի իր պիղծ գործը։ Ընդդիմությունը իր բոլոր թեւերով ու տեսակներով, պարզ քաղաքացիները եւ, այո, եկեղեցին անցած տարիներին, 2020-ից ի վեր սրանց դեմ պայքարում են ԲԱՑԱՌԱՊԵՍ ՕՐԻՆԱԿԱՆ ճանապարհով, ԲԱՑԱՌԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ճանապարհով։ ՄԻ քմծիծաղեք, այո, ես համոզված եմ մնալու, որ հենց այդ ճանապարհով, իրար հետ նորմալ հաղորդակցության ճանապարհով առողջ ուժերը ԿԱՐՈՂ Են երկիրն ազատագրել եւ վեր բարձրացնել հատակից։Կա միայն մեկ «բայց» եւ դա այն է՝ «որոշները» պատրա՞ստ են իրենց նեղ շահերից եւ եսակենտրոնությունից ազատագրվել։
ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ․․․»։